Բանակցությունները, որպես այդպիսին՝ չեն լինելու. Կառավարությունը կմնա մենակ
Գրեթե 2 ամիս առաջ, քաղաքական իշխանության կամակատար Հանրային ծառայությունները կարգավորող անկախ կոչվող հանձնաժողովը, հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գործուն միջամտությամբ, քաղաքական շարժառիթներով ու վրեժխնդրությունից դրդված՝ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարպետյանին պատկանող «Տաշիր կապիտալ» ընկերությանը զրկեց լիցենզիայից։ Դա նշանակում է, որ չնայած այն հանգամանքին, որ ՀԷՑ-ը՝ իր ամբողջ գույքով և ակտիվներով հանդերձ, շարունակում է մնալ գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի սեփականությունը, այնուհանդերձ այն այլևս իրավունք չունի զբաղվել էլեկտրաէներգիայի բաշխմամբ։
Ի դեպ, ՀԷՑ-ին զրկելուց հետո, որքան էլ աբսուրդ լինի, Հայաստանում չկա որևէ այլ ընկերություն, որն ունի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա։ Այդ ֆունկցիան առաջվա պես կատարում է ՀԷՑ-ը, չնայած քաղաքական հաշվեհարդարի արդյունքում՝ այն ձևականորեն զրկված է լիցենզիայից։
Լիցենզիայից զրկելուց հետո, 3 ամսվա ընթացքում կառավարությունը պետք է բանակցություններ վարի սեփականատիրոջ հետ՝ ՀԷՑ-ի ակտիվները գնելու վերաբերյալ։ Այդ բանակցությունների արդյունքում պետք է որոշվի նաև ՀԷՑ-ի գինը։ Այն գումարը, որը կառավարությունը պարտավոր է լինելու վճարել՝ ՀԷՑ-ն իրենով անելու համար։
Այս ընթացքում թեև տարբեր թվեր են հնչել ՀԷՑ-ի գնի վերաբերյալ, բայց վերջնական խոսքն անկախ գնահատողինն է։ Այն պետք է գնահատի ու հայտարարի ՀԷՑ-ի գինը։ Բայց այս պահին հայտնի չէ որևէ ընկերություն, որն իրականացնում է ՀԷՑ-ի ակտիվների գնահատում։ Իսկ մինչ այդ կառավարությունը փորձում է ձև գտնել՝ ընկերության գինը գցելու համար։
Ձևերից մեկն էլ, թերևս, սեփականատիրոջը լիցենզիայից զրկելն է։ Իշխանություններն իրենց հաշվով խորամանկ քայլ են կատարել։ Պարզ է, որ առանց լիցենզիայի, տեսականորեն ՀԷՑ-ի գինը նվազում է։ Բայց հաշվի առնելով, թե այն ինչ ֆունկցիա ունի էներգետիկ համակարգում ու, որ առանց դրա անհնարին է էլեկտրաէներգիա հասցնել սպառողներին, ՀԷՑ-ի դերը միանգամից փոխվում է։ Ոչ մի նշանակություն չունի՝ այն լիցենզիայո՞վ է, թե՞ առանց լիցենզիայի։ Լիցենզիան այս պարագայում ձևական նշանակություն ունի, որովհետև դրանով այս կարևոր և եզակի ենթակառուցվածքի ֆունկցիաները բնավ չեն փոխվում։
Սա, բնականաբար, հասկանում են բոլորը, բայց կառավարությունը, ինչպես քաղաքական շարժառիթներով ընկերության սեփականատիրոջը զրկեց լիցենզիայից, այնպես էլ փորձում է ճնշումների ճանապարհով զիջումներ կորզել գնի վերաբերյալ։ Հարցն այն է, թե դա նրան որքանո՞վ կհաջողվի։
ՀԷՑ-ը ձեռք բերելու վերաբերյալ բանակցությունների իրականացման համար տրված եռամսյա ժամկետից գրեթե 2 ամիսն արդեն անցել է, իսկ բանակցությունները դեռ չեն մեկնարկել։ Մեկնարկելու դեպքում էլ դրանք զուտ ձևական են լինելու, որովհետև սեփականատերը չի պատրաստվում սկուտեղի վրա ՀԷՑ-ը հանձնել կառավարությանը՝ լինի բանակցություններով թե առանց բանակցությունների։
Թեև գործնականում այսօր նույնիսկ դժվար է պատկերացնել բանակցությունները ՀԷՑ-ի վաճառքի վերաբերյալ, այն պարագայում, երբ Սամվել Կարապետյանի նկատմամբ բացահայտ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում։ Արդեն շուրջ 7 ամիս է, ինչ կառավարության ղեկավարի անմիջական ցուցումով նա պահվում է կալանքի տակ (այժմ նա տնային կալանքի մեջ է)։
Հասկանալի է, որ սարքած մեղադրանքներով Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելու շարժառիթներից մեկն էլ ՀԷՑ-ը ձեռք բերելու բանակցություններում նրա նկատմամբ ճնշումներ բանեցնելն է։ Բայց բանակցություններ, որպես այդպիսին, չեն լինելու։ Սեփականատերը համարում է, որ քաղաքական իշխանությունը պարտավոր է կատարել միջազգային արբիտրաժի պարտադիր կատարման ենթակա վճիռը։
Այլ կերպ՝ խնդրի լուծումը տեսնում է միջազգային արբիտրաժային դատարանում ու մտադիր չէ կառավարության հետ բանակցությունների միջոցով ՀԷՑ-ն ինքնակամ փոխանցել նրան։
Չնայած դա ևս տարբերակ է, կառավարությունից փոխհատուցում ստանալու համար՝ սեփականատերը չի պատրաստվում գնալ այդ ճանապարհով։ Դա նշանակում է, որ կառավարությունն այս գործընթացում մնում է մենակ ու ստիպված է լինելու ընտրել շատ ավելի վատ տարբերակ։ Այդ տարբերակը ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելն է ու նման հիմքով բռնագրավելը՝ իհարկե, փոխհատուցում վճարելու պարտավորությամբ։ Այլ բան, որ կառավարությունը՝ դատելով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից, այդպիսի գումարներ չունի ՀԷՑ-ը գնելու համար։
«Որոշված է՝ ՀԷՑ-ը կա՛մ ամբողջությամբ դառնում է պետական սեփականություն և հանձնվում է հավատարմագրված կառավարման, կա՛մ մասնավորեցվում է միջազգային հեղինակավոր ոլորտի կառավարման փորձ ունեցող ընկերության։ Ինձ համար ցանկալին առաջին տարբերակն է, բայց քանի որ առաջին տարբերակում վճարումներ պետք է արվեն, շատ բան կախված է, թե ինչ օբյեկտիվ գին կորոշվի ՀԷՑ-ի համար:
Եթե գինը կրելի կլինի պետական բյուջեի համար՝ ես կնախընտրեմ, որ այն լինի 100 տոկոս պետական սեփականություն ու հանձնվի հավատարմագրված կառավարման պրոֆեսիոնալ ընկերության, եթե հանկարծ պարզվի, որ որևէ պատճառով սա հնարավոր չի լինում իրագործել՝ կգնանք երկրորդ տարբերակով, բայց մեր պլան Ա-ն առաջին տարբերակն է»,- վերջերս կայացած ասուլիսներից մեկում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Իրականացնելով ՀԷՑ-ը խլելու այս ամբողջ օպերացիան, Նիկոլ Փաշինյանը կարծես նոր է իմանում, որ բյուջեում այդքան փող չկա այն գնելու համար։
Ժամանակին էլ դա պարզ էր, բայց ժողովրդի հույզերի վրա խաղալու ու իր քաղաքական նպատակներն իրականացնելու համար կուրծք էր ծեծում, թե եկել է ՀԷՑ-ը պետականացնելու ու ազգայնացնելու ժամանակը։ Հիմա տեսնում ենք, որ ոչ մի նման նպատակ էլ չկա։ Նպատակը ՀԷՑ-ի սեփականատիրոջը պատժելն էր ու քաղաքական գործարք պարտադրելը։ Կարծում էին, թե հանուն սեփականության՝ բոլորը պատրաստ են գործարքի գնալ։ Բայց սխալվեցին իրենց հաշվարկներում։
Գործարքը չկայացավ, ու հիմա կառավարությունն ինքն է հայտնվել ծանր երկընտրանքի առաջ։ Ինչ տարբերակ էլ ընտրեն՝ գործ ենք ունենալու սեփականության իրավունքի ոտնահարման հետ, որը ենթադրում է՝ ինչպես իրավական, այնպես էլ՝ ֆինանսական պատասխանատվություն։ Բայց, ինչքան էլ զավեշտալի լինի, այդ պատասխանատվության բեռն ընկնելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամ նրա կամակատար կառույցների, այլ առաջին հերթին՝ պետության ու քաղաքացու ուսերին։ Պետությունն ու քաղաքացին է կրելու այս արկածախնդրության հետևանքները։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
