Հաշված օրեր են մնացել այն ժամկետից, որ կառավարությունը պետք է բանակցություններ սկսի, լիցենզիայից զրկելուց հետո, ՀԷՑ-ի ակտիվները գնելու վերաբերյալ։ Տրված եռամսյա ժամկետը լրանում է փետրվարի 18-ին, բայց բանակցություններ, որպես այդպիսին, չեն էլ սկսվել։
Գրեթե 2 ամիս առաջ, քաղաքական իշխանության կամակատար Հանրային ծառայությունները կարգավորող անկախ կոչվող հանձնաժողովը, հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գործուն միջամտությամբ, քաղաքական շարժառիթներով ու վրեժխնդրությունից դրդված՝ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարպետյանին պատկանող «Տաշիր կապիտալ» ընկերությանը զրկեց լիցենզիայից։ Դա նշանակում է, որ չնայած այն հանգամանքին, որ ՀԷՑ-ը՝ իր ամբողջ գույքով և ակտիվներով հանդերձ, շարունակում է մնալ գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի սեփականությունը, այնուհանդերձ այն այլևս իրավունք չունի զբաղվել էլեկտրաէներգիայի բաշխմամբ։
Կասկած չկա, որ եթե չլիներ հայտնի հայտարարությունը եկեղեցու պաշտպանության վերաբերյալ, հիմա ո՛չ միլիարդատեր ու բարերար Սամվել Կարապետյանը կլիներ կալանավորված, և ո՛չ էլ նրան պատկանող ընկերությունը կլիներ հարվածի տակ։
«Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչները ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ բացարկի միջնորդություն ներկայացրին հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին: