Խաբեությամբ են զբաղված. Սոցիալապես խոցելի խմբերին օժանդակելու փոխարեն՝ հարուստներին են օժանդակում
Կառավարությունը որոշել է այս տարի անկանխիկ գնումների դեպքում քաղաքացիներին 2 տոկոս հետվճար տրամադրել։ Բայց այնպիսի պայմաններ է սահմանել, որ քաղաքացիների մեծ մասը չկարողանա օգտվել դրանից։
Հետվճարից օգտվելու համար քաղաքացին պետք է «ԱրՔա» քարտ ունենա։ Այնինչ՝ մեծ մասը նման քարտ չունի։ «Վիզա» կամ «Մաստեր» քարտեր են, որոնք, սակայն, դուրս են մնացել հետվճարից։ Ըստ այդմ՝ դուրս են մնացել նաև այն քաղաքացիները, որոնք միայն այդպիսի քարտեր ունեն։
Հատուկ այնպես են արել, որ մարդիկ չկարողանան այդ չնչին գումարից էլ օգտվել։ Ինչպե՞ս է ստացվում, որ «ԱրՔա» քարտ ունեցողներն այդպիսի հնարավորություն ունեն, իսկ մյուսները՝ չունեն։ Օգտվելու հնարավորություն չունեցողներն անհամեմատ ավելի շատ են, քան ունեցողները։ Արդյունքում՝ շահողը կառավարությունն է։ Որքան քիչ լինեն օգտվողները, այնքան քիչ գումար կհատկացնեն՝ հետվճարի տոկոսները փակելու համար։
Ոչ միայն արհեստական սահմանափակել են հետվճարից օգտվողների քանակը, այլև օգտվելու շրջանակը։ Մասնավորապես՝ կապի, կոմունալ ծառայությունների դիմաց անկանխիկ վճարումների դեպքում հետվճար չեն տրամադրի, այն դեպքում, երբ հատկապես անապահով քաղաքացիներն իրենց եկամուտների զգալի մասը ծախսում են հենց կոմունալների վրա։
Այնպիսի համակարգ են դրել, որ հիմնական շահառուն հարուստներն են լինելու։ Ովքե՞ր են ավելի շատ առևտուր անում, բնականաբար նրանք, ովքեր փող ունեն։ Հետևաբար՝ նրանք էլ ավելի շատ հետվճար կստանան։ Իսկ ովքեր մի կերպ «յոլա» են գնում, իրենց մեծ գնումներ կատարելու ճոխություն չեն կարող թույլ տալ։ Հատկապես որ, նրանց գնումների մի զգալի մասն էլ այնպիսի տեղերից է, որտեղ անկանխիկ առևտուր չկա։
Ու կրկին կշահեն նրանք, ովքեր բարձր եկամուտներ ունեն։ Նույն կերպ եկամտային հարկի վերադարձի ծրագիրն իրականացրեցին, որ այսօր պետական բյուջեից տարեկան 250-300 մլն դոլար են հատկացնում հասարակության հարուստ հատվածի հիփոթեքային վարկերը սուբիդավորելու համար։ Սոցիալապես խոցելի խմբերին օժանդակելու փոխարեն՝ հարուստներին են օժանդակում։ Հետվճարն էլ դառնալու է այդպիսի ծրագրերից մեկը։ Շահողը նրանք են լինելու, որոնք շատ գնումներ կատարելու հնարավորություն ու միջոցներ ունեն։
Հիմա էլ ասում են՝ եթե ուզում եք օգտվել անկանխիկ առևտրի 2 տոկոս հետվճարից, գնացեք «ԱրՔա» քարտ հանեք։ Փոխարենն այնպես անեն, որ մյուս քարտերն էլ այդ համակարգում աշխատեն, քաղաքացիներին ուղղորդում են բանկեր։ Այստեղ էլ բանկերի շահերն են սպասարկում։ Քարտ հանելը գուցե անվճար է, բայց դրա սպասարկման համար էլ մարդիկ ստիպված են լինելու վճարել։ Ու սա բխում է բանկերի շահերից։
Բանկերի շահերից է բխում նաև այն, որ անկանխիկ առևտրից եկամուտներ են ստանում՝ միջնորդավճարների, այն էլ՝ բարձր միջնորդավճարների միջոցով։ Ու որքան անկանխիկ առևտուրն ավելի շատ լինի, այնքան բանկերի եկամուտներն ու շահույթներն ավելի շատ կլինեն։
Հետվճարով կառավարությունն ակնհայտ բանկերի շահն է սպասարկում, բայց բանկերը չեն ուզում անգամ մի փոքր ընդառաջ գնալ քաղաքացիներին ու հրաժարվել քարտերի սպասարկման դիմաց գումարներ գանձելուց։ Իսկ դա քաղաքական իշխանությանը չի մտահոգում։ Բանկերը վայելում են իշխանությունների հովանավորությունը։ Հենց այդ հովանավորության արդյունքում է, որ վերջին տարիներին բանկային համակարգում ու հատկապես առանձին բանկերում բարձր շահույթներ են կուտակվում։
Այդ շահույթների մի մասն էլ մտնում է իշխանության մեջ գտնվող բանկային համակարգի շահառուների գրպանը։ Նրանք էլ հատուկ այնպիսի կարգավորումներ են դնում, որից շահում են բանկերը։ Բանկերը դարձել են չարիք հասարակության ու տնտեսության համար։ Բարձր վարկային տոկոսադրույքներով ու թանկ ծառայություններով քամում են բոլորին։ Մեկը չկա, որ բռնի նրանց ձեռքը։ Ձեռքը բռնելու փոխարեն՝ փող աշխատելու համար նորանոր հնարավորություններ են բացում նրանց համար։ Հետվճարն էլ դառնալու է դրանցից մեկը։
Ժամանակին, երբ որոշվեց հետվճար տրամադրել թոշակառուներին, որոշ սպասարկող բանկեր ֆինանսական բեռի մի մասը վերցրեցին իրենց վրա։ Բայց շուտով դրանից էլ հրաժարվեցին։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները մեծ-մեծ խոսում էին բանկերի սոցիալական պատասխանատու կառույց լինելու մասին։ Հետո արագ մոռացան։
Ինչպես կենսաթոշակառուների ու նպաստառուների դեպքում, քաղաքացիների մեծ մասն էլ հնարավորություն չի ունենալու օգտվել հետվճարից։ Թոշակառուների համար արդեն 3 տարի է, ինչ գործում է հետվճարը։ Բայց մինչև հիմա այս խմբերում ընդգրկված քաղաքացիների գրեթե կեսը, տարբեր պատճառներով, չի կարողանում օգտվել դրանից։ Իշխանություններն էլ շահագրգռված չեն, որ օգտվեն, որովհետև այդ դեպքում ստիպված են լինելու ավելի շատ հետվճար վերադարձնել կենսաթոշակառուներին ու նպաստառուներին։ Հատուկ դրա համար ժամանակին հանեցին կոմունալների դիմաց վերադարձի պայմանը։ Չնայած լավ գիտեին, որ սոցիալական խոցելի խմբերն իրենց թոշակների ու նպաստների հիմնական մասը ծախսում են հենց այդ նպատակի համար։
Հիմա էլ հերթը մյուս քաղաքացիներինն է։ Ցույց են տալիս, թե մեծ բան են անում, բայց իրականում հասարակ քաղաքացին դրանից շոշափելի ոչինչ չի ստանալու։
2 տոկոս հետվճարի տրամադրման ժամկետը սահմանել են 1 տարի։ Այն գործելու է մինչև այս տարվա վերջ։ Հայտնի չէ, հաջորդ տարի կլինի՞, թե՞ ոչ։ Շատերը սա համարում են ընտրություններից առաջ քաղաքացիներին կաշառելու փորձ։ Բայց, ինչպես տեսնում ենք, դա էլ հատուկ այնպես են արել, որ մարդիկ չկարողանան օգտվել։ Չնայած դա չի խանգարի ներկայացնելու, թե ինչպիսի մեծահոգություն են ցուցաբերել քաղաքացիների հանդեպ։
Ի դեպ՝ գործադիրի նախորդ տարվա վերջին նիստում կառավարությունը ևս մեկ խորամանկ քայլ կատարեց. Ընտրություններից առաջ՝ դժգոհություններից խուսափելու նպատակով, հետաձգեց անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման ժամկետը, որը սպառնում է շատերին զրկել անգամ այդ չնչին նպաստները ստանալու հնարավորությունից։
Հունվարի 1-ից ներդրման ժամկետը տեղափոխեցին հուլիսի 1-ը։ Անապահովության որոշման նոր ու խստացված չափանիշները կկիրառեն ընտրություններից անմիջապես հետո։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



