Արևմուտքը 2025թ. ակտիվ աշխատեց Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ամրապնդվելու ուղղությամբ․ Սիմոնով

2025 թվականն աշխարհաքաղաքական տեսանկյունից բարդ տարի էր թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար։ 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ ամփոփելով անցնող 2025 թվականի աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ միտումները։

Նրա գնահատմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ նախագահությունը ստանձնեց Դոնալդ Թրամփը և ակտիվորեն սկսեց զբաղվել Ուկրաինայի կարգավորման գործընթացով, ընդհանուր միտումները շարունակվեցին միջազգային հարաբերություններում։

«Թվում էր՝ նրա ջանքերն արդյունք են տալու, որոշ դադարներով տարվա ընթացքում շարունակվեցին բանակցություններ, զուգահեռաբար՝ պատերազմ, որի ընթացքում ՌԴ-ն շարունակեց առաջ գնալ, նոր տարածքներ վերցնել, և եթե չլիներ Եվրոպայի դիմադրությունը, հնարավոր կլիներ համաձայնություն ձեռք բերել և հաստատել խաղաղություն։

Սակայն արևմտյան որոշ առաջնորդներ անհասանելի նպատակներ են դնում, զուգահեռաբար պատրաստվելով շատ ավելի լայնածավալ գործողությունների, երկարաձգելով պատերազմը։ Եվ սա, կարծում եմ՝ դեռ շարունակվելու է»,- ասաց Սիմոնովը։

Կարդացեք նաև

Նրա կարծիքով, Արևմուտքն ակտիվ քաղաքականություն վարեց այս տարվա ընթացքում Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում՝ փորձելով թուլացնել ՌԴ ազդեցությունը, ամրապնդելով սեփական ազդեցությունն այդ ռեգիոններում։

«Իսկ այս ամենի վերջնական նպատակն այդ ազդեցությունը ենթակառուցվածքների միջոցով անշրջելի դարձնելն է։ Ռուսաստանը ևս այստեղ շարունակեց աշխատել, սակայն շատ ավելի երկրորդական ուժգնության ջանքերով, քանի որ ՌԴ-ն իր առաջնային դիվանագիտական, ռազմական ներուժն ուղղում է պատերազմին ու դրա հանգուցալուծմանը։

Եթե այս հարցով հաջողվի 2026թ. գոնե բեկում գրանցել, ապա ՌԴ-ն նշածս երկու ռեգիոններում այլ որակի քաղաքականություն կսկսի վարել։ Իսկ ներկայումս այն սահմանափակվում է պատերազմի ստեղծած հանգամանքներով։ Սա կարելի է համարել անցումային փուլ դեպի նոր աշխարհակարգ, ինչը զգալի է բոլոր ռեգիոններում։ Եթե Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմում են, Արևմուտքը պայքարում է ՌԴ-ի դեմ, ապա մյուս ռեգիոններում այդ անցումային փուլն այլ կերպ է դրսևորվում»,- ասաց նա։

Սիմոնովի կարծիքով, այն դրսևորվում է ազդեցության համար սուր մրցակությամբ, և նման ամենաինտենսիվ գործընթացներից մեկը տեղի է ունենում Հարավային Կովկասում, որը ԵՄ-ն ցանկանում է վերջնականապես պոկել Ռուսաստանից։

«Սակայն, ըստ իս, այդ տեսանկյունից ևս ավելի առանցքային գործընթացներ սպասվում են 2026թ., երբ ապաշրջափակման գործընթացը կմտնի ինտենսիվ փուլ։ Ռուսաստանը դրան ցանկանում է մասնակցել, կան ուժեր, որոնք դրան խոչընդոտելու են, այս դիրքավորումներն արդեն ցույց են տալիս, որ այս ռեգիոնը ոչ պակաս ինտենսիվ է լինելու ինչպես նաև՝ անկանխատեսելի, ինչը բնորոշ է աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումներին»,- ասաց նա։

Սիմոնովի կարծիքով, նախորդ տարվա ուշագրավ իրադարձությունն ԱՄՆ նախաձեռնությունն էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

«Առաջին անգամն էր, երբ ԱՄՆ նախագահը նման նախաձեռնությամբ հանդես եկավ, կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերեց կողմերի հետ, ամրապնդեց իր ազդեցությունը ռեգիոնում, որից տարբեր խաղացողները ցանկանում են օգտվել։ Սակայն ինչն է նաև ուշագրավ, որ այս միջնորդությունն ամենևին չլուծեց ռեգիոնում վերջնական կարգավորման հարցը, այն տեղափոխվեց գուցե 2026 թվական։ Այսինքն՝ ռեգիոնում համաձայնագրով խաղաղության ամրագրման հարցի հեռանկարը շարունակում է անորոշ մնալ և կախյալ մի շարք հանգամանքներից, ինչը թույլ չի տալիս վստահորեն խոսել հաստատված խաղաղության մասին»,- շեշտեց Սիմոնովը։

Տեսանյութեր

Լրահոս