Համաշխարհային պատերազմից մինչև համաշխարհային համակարգ․ Ինչպես վերնախավը պատերազմը վերածեց բիզնեսի. Steigan (Նորվեգիա)

Պատերազմը եղել և մնում է ամենաշահութաբեր ճյուղը մարդկության պատմության մեջ

Համաշխարհային պատմությունը, ինչպես որ մեզ սովորեցրել են, պատերազմները ներկայացնում է որպես ազգային հակամարտությունների, գաղափարախոսական տարաձայնությունների կամ առաջնորդների միջև անձնական թյուրըմբռնումների հետևանք։ Սակայն մակերեսի տակ թաքնված է ավելի ցինիկ ճշմարտություն. պատերազմը սոսկ այլ միջոցներով քաղաքականության շարունակություն չէ. դա բիզնես է՝ արյունոտ շահույթով։

Բոլոր դրոշների, կարգախոսների և ազգային օրհներգերի տակ թաքնված են նույն դրամական հոսքերը. բանկեր, ռազմարդյունաբերություն, նավթային ընկերություններ և մեր ժամանակներում՝ նաև դեղագործական հսկաներ։ Այս ուժերն արդեն հանգեցրել են երկու համաշխարհային պատերազմի (երրորդը դեռ նոր է սկսվում), քանի որ պատերազմը եղել և մնում է ամենաշահութաբեր ճյուղը մարդկության պատմության մեջ։

Առաջին համաշխարհային պատերազմ. բանկերը ճաշակեցին պատերազմական շահույթները

Կարդացեք նաև

Երբ 1914 թվականին Սարաևոյում հնչեցին կրակոցները, մեծ տերություններն արդեն մի ընդհանուր գիծ ունեին. բոլորն էլ պարտք էին վերցնում միևնույն բանկերից: Լոնդոնի, Ֆրանկֆուրտի և Նյու Յորքի խոշոր դրամատները՝ Ռոտշիլդների, Վարբուրգների և Մորգանների կլանների գլխավորությամբ, պարտք էին տալիս բոլոր պատերազմող կողմերին։ Նրանք հարստանում էին զենք-զինամթերքի և պարտքերի շնորհիվ և տոկոսներ էին քերթում ողջ մնացածներից։ Երբ միլիոնավոր երիտասարդներ խեղդվում էին Սոմ գետի տիղմում և Վերդենի ցեխերի մեջ, ոսկին գանձապետարաններից հոսում էր դեպի մասնավոր բանկերի պահոցները։ Իսկ երբ պատերազմն ավարտվեց, Վերսալի խաղաղության պայմանագիրը հավերժացրեց պարտքը. մի ամբողջ սերունդ ֆինանսական համակարգի պատանդը դարձավ, որն այդ ժամանակվանից ի վեր հմտորեն ամբողջ պետություններ է սեղմում իր աքցաններում։ 

Երկրորդ համաշխարհային պատերազմ. արդյունաբերական բնաջնջումը որպես տնտեսական շարժիչ ուժ

Նացիզմը ծագեց ոչ միայն գերմանական ազգայնականությունից, այլև տնտեսական ճգնաժամից՝ խթանված միջազգային կապիտալից։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բանկերը ֆինանսավորեցին Գերմանիայի վերականգնումը, իսկ IBM-ի, Ford-ի և Standard Oil-ի նման կորպորացիաները շարունակեցին չեզոք ուղիներով առևտուր անել Գերմանիայի հետ՝ ընդհուպ մինչև 1944 թվականը։ Մինչ զինվորները զոհվում էին Ստալինգրադի ավերակների վրա, Նյու Յորքում գործարքներ էին կնքում և շահույթը հաշվարկում էին դոլարով։ Պատերազմից հետո Մարշալի օգնությունը մատուցվեց՝ որպես մարդասիրության բարձրագույն դրսևորում, բայց իրականում ծառայում էր ընդամենը պարտքի մարմանը, այսպես ծնվեց դոլարի գերիշխանությունը։ 

Սառը պատերազմ. Վախը՝ որպես բիզնես մոդել

1945 թվականից հետո այս աշխարհի հզորների բառապաշարը համալրվեց նոր բառով՝ «անվտանգություն»։ Հենց դա դարձավ ռազմական տնտեսության հիմքը, որը ոչ ոք մտադիր չէր վերադարձնել խաղաղության հուն։ Միացյալ Նահանգներն իր կայսրությունը կառուցեց կոմունիզմի վախի վրա, և հենց նախագահ Դուայթ Էյզենհաուերը, որ այդ մեխանիզմը տեսնում էր ներսից և հասկանում էր դրա էությունը, զգուշացնում էր ամենազոր ռազմարդյունաբերական համալիրի վտանգի մասին. «Մենք պետք է զգուշանանք կառավարութան վրա ռազմարդյունաբերական համալիրի չարդարացված ազդեցությունից և չպետք է թույլ տանք, որ այդ ազդեցությունը սպառնալիք դառնա մեր ազատություններին և ժողովրդավարական գործընթացին»։ Պետության, բանակի և արդյունաբերության այդ սերտաճումը զուտ տնտեսական տեսանկյունից խաղաղությունն անշահավետ է դարձնում։ Կորեական պատերազմից մինչև Վիետնամ, Լատինական Ամերիկայից մինչև Մերձավոր Արևելք, յուրաքանչյուր զինված հակամարտություն նախ և առաջ ներդրումային նախագիծ էր։ Զենքն արտադրվում էր, փորձարկվում և սպառվում սոսկ մի նպատակով՝ հետագա արտադրությունն ապահովելու համար։ 

Դեղագործական հսկաները. կենսաբանական պատերազմը խաղաղ ժամանակներում

2000-ականներին պատերազմի բնույթը փոխվեց: Փամփուշտներին ու ռումբերին փոխարինելու եկան գենետիկորեն մոդիֆիկացված պատվաստանյութերը և խուճապ տարածող քարոզչությունը: Դեղագործական հսկաները վաղուց են յուրացրել բանկերի և զենք վաճառողների սերտած դասերը. կյանքի և մահվան վերահսկողությունն ամենաշահութաբեր շուկան է։ Սեպտեմբերի 11-ից հետո, այսպես կոչված, «ահաբեկչության դեմ պատերազմը» վերածվեց համընդհանուր հսկողության, մոլորակով մեկ ներխուժումների և անվերահսկելի բյուջետային ծախսերի գլոբալ հարթակի։ 2020 թվականից հետո բացվեց մեկ այլ տնտեսական ճակատ՝ կենսաբանական պատերազմը վիրուսների դեմ։ Հետևանքը նույնն է. իշխանությունն ամրապնդվում է, փողը մղվում է դեպի վեր, իսկ մարդը դառնում է կենսաբանական ռեսուրս և վախի սպառող։ 

Երրորդ համաշխարհայինի ճանապարհին. գլոբալիզմը որպես իմպերիալիզմ՝ ուրիշ դիմակով

Այն, ինչ այսօր տեսնում ենք՝ Ուկրաինան, Մերձավոր Արևելքը, Թայվանը, պատահական ճգնաժամեր չեն, այլ գլոբալ համակարգի ախտանշաններ, որը գործում է ինքնապահպանման ռեժիմով ու մեծ արագությամբ։ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսությունը կենսականորեն կապիտալի ներարկման կարիք ունի։ Հենց դա էլ ապահովում է պատերազմը. արտադրություն, վարկեր, պատժամիջոցներ, վերակառուցում և, վերջապես, էներգիայի ու մատակարարման շղթաների լիակատար վերահսկողություն։

Գլոբալիզմը ներկայացվում է որպես խաղաղության ավետաբեր, բայց իրականում դա հին իմպերիալիզմն է՝ դիմակահանդեսի հանդերձանքով, որտեղ ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն և Համաշխարհային բանկը գործում են որպես միևնույն ֆինանսական բուրգի վարչական ստորաբաժանումներ։

Եվ եթե երկրները մի ժամանակ միմյանց դեմ կռվում էին սեփական շահերի համար, ապա այժմ նրանք պայքարում են իրենց ֆինանսական տերերի ցուցումով։

Գաղտնի սիմբիոզ. բանկեր, զենք արտադրողներ և դեղագործություն

Բոլոր դեպքերում միշտ շահող են դուրս գալիս արդյունաբերության երեք ճյուղերը.

– Բանկերը պարտքեր են ստեղծում զենքի դիմաց վճարելու համար:

– Զենքի արդյունաբերությունն ավերածություններ է սփռում՝ արհեստականորեն վերակառուցման անհրաժեշտություն ստեղծելու համար:

– Դեղագործական հսկաները պայքարում են պատերազմից հետո առաջացող ֆիզիկական և հոգեկան հիվանդությունների դեմ:

Այսպիսով, յուրաքանչյուր ճգնաժամ դառնում է արժեքների շարունակական փոխանցման նոր փուլ՝ ժողովրդից վերնախավ։ Յուրաքանչյուր կատակլիզմ՝ ահաբեկչություն, վիրուսի բռնկում, կլիմայի փոփոխություն, դառնում է կարգավորման, պատվաստման, հսկողության և հարկահանության հնարավորություն։

Պատմությունը կրկնվում է, բայց փոխվել են գործիքները

1914 թվականին զինվորը թնդանոթի միս էր։

1940 թվականին ամբողջ երկրներ, ըստ էության, գրավ դրվեցին։

2025 թվականին մարտադաշտ դարձավ բուն մարդկային միտքը։

Քարոզչությունը մտցվում է մարդկանց գլուխը՝ ոչ թե պաստառների ու ռադիոյի միջոցով, այլ ալգորիթմների, «փաստերի ստուգման» և սոցիալական ցանցերում գրաքննության միջոցով։

Նպատակն այլևս տարածքներ գրավելը չէ, այլ մտքերին ու իրականության ընկալմանն իշխելը։

Առաջ գնալու համար անհրաժեշտ է ժողովրդի ըմբոստությունը

Երրորդ համաշխարհային պատերազմը պարտադիր չէ, որ միջուկային զենքով ու խրամատներով լինի։ Արդեն իսկ ընթանում է տնտեսական և տեղեկատվական պատերազմն աշխարհը կառավարել ցանկացողների և պարզապես նրանում ապրել ցանկացողների միջև։

Երբ բանկերը թելադրում են քաղաքականությունը, արդյունաբերությունը կարգադրում է պետությանը, իսկ լրատվամիջոցները վերահսկում են գիտակցությունը, մնում է միայն մեկ հակազդող ուժ՝ արթնացած ժողովուրդը, ինքնագիտակցություն ունեցող անհատները, որոնք հասկանում են, որ ժողովրդավարությունն առանց տնտեսական ազատության՝ սոսկ պատրանք է։ 

Համաշխարհային պատերազմները բնավ պատահական համընկնումներ չեն, այլ «համակարգային թարմացում»

Եվ Երրորդ համաշխարհային պատերազմը, որ ծավալվում է մեր աչքի առաջ, նույն այն «ծրագրային ապահովման» հերթական տարբերակն է։ Պատերազմը ծառայում է տնտեսական ինքնապահպանմանը, և քանի դեռ կա շահույթ, պատերազմները շարունակվելու են։ Բայց երբ մարդիկ հասկանան, թե ինչպես է գործում այս մեխանիզմը, գուցե Չորրորդ համաշխարհային պատերազմը՝ հոգևոր, գիտակցված հեղափոխությունը, սկսվի արդեն առանց զենքի կիրառման։

* * *

Մեջբերումներ հետագա մտորումների համար

«Այն սակավաթիվ մարդիկ, որոնք հասկանում են համակարգը, կամ այնքան շահագրգռված կլինեն դրա շահույթներով, կամ այնքան կախված կլինեն դրա բարեհաճությունից, որ այդ դասի կողմից որևէ դիմադրության չի լինի, մինչդեռ մարդկանց հիմնական զանգվածը, որը մտավոր կարողություն չունի պատկերացնելու այն ահռելի բարիքները, որոնք կապիտալը քաղում է համակարգից, անտրտունջ կկրի իր բեռը՝ թերևս չկասկածելով նույնիսկ, որ համակարգը թշնամի է իրենց շահերին»։ (Ռոտշիլդ եղբայրներ, Լոնդոն, 1863 թ.)

«Յուրաքանչյուր արտադրված հրացան, յուրաքանչյուր ջուր մտած ռազմանավ, յուրաքանչյուր արձակված հրթիռ, վերջին հաշվով, գողություն է նրանցից, ովքեր սովամահ են լինում և ովքեր ուտելու բան չունեն, և նրանցից, ովքեր մերկ են ու մրսում են»։ (Դուայթ Էյզենհաուեր)

ԱՌՆՏ ՌԵՄԻ ԱՎԻԿ-ԼԱՆԳՍՏՐԱՆԴԸ (ARNT REMY ÅVIK-LANGSTRAND)

inosmi.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս