Ռի՞սկ, թե՞ հնարավորություն․ ի՞նչ սպասել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցից

Նախօրեին հայտնի դարձավ՝ փետրվարին Հայաստանն ընդունելու է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նախօրեին հաղորդեց՝  փետրվարին սպասվում է չափազանց բարձրաստիճան պաշտոնյայի այց։

«Չեմ բացառում, որ ֆորմալ առումով կարող է բացվել նաև Թրամփի ուղին»,-  գրել էր Սարգսյանը, շարունակելով՝ Հայաստանում երբևէ ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան եղել է Ներկայացուցիչների Պալատի խոսնակը և Պետքարտուղարը:

Այս գրառմանը հաջորդեցին այլ տեղեկություններ, որ խոսքը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասին է։ ՀՀ ԱԳՆ-ն դեռևս լրջորեն չի մեկնաբանում այս տեղեկությունները։

Այսօր էլ Սուրեն Սարգսյանը գրեց, որ ամերիկացի պաշտոնյան դեռևս չի պլանավորել այցելել տարածաշրջանային այլ պետություններ և սահմանափակվելու է միայն Երևան այցով։ Նա նաև գրել է, որ տարածաշրջան ԱՄՆ նախագահներից այցելել է միայն Ջորջ Բուշ կրտսերը՝ Վրաստան։

Կարդացեք նաև

«Իսկ ԱՄՆ փոխնախագահներից տարածաշրջան այցելել է միայն Մայք Փենսը՝ Դոնալդ Թրամփի առաջին նախագահության շրջանում, էլի Վրաստան: Հատկանշական է նաև, որ փետրվարին Հարավային Կովկասի որևէ երկրում ԱՄՆ-ը դեսպան չի ունենալու: Բոլոր երեք երկրում էլ դեսպանները դեռ նշանակված չեն լինելու, ամենատարբեր պատճառներով: Սա նույնպես աննախադեպ բան է»,- կարծում է միջազգայնագետը։

Քաղաքագիտական տեսանկյունից ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի սպասվող այցը Հայաստան կարելի է գնահատել որպես ժամանակային և ռազմավարական պատուհանի բացում, այլ ոչ թե պարզապես դիվանագիտական արարողակարգ։ Այն իսկապես աննախադեպ է՝ հաշվի առնելով, որ ՀՀ երբևէ չեն այցելել ԱՄՆ նախագահներ կամ փոխնախագահներ, և դա ընդգծում է հենց այցի քաղաքական ծանրությունը։

Ավելորդ է նշել, թե ինչպիսի էյֆորիկ տրամադրություններ է բարձրացրել այս տեղեկությունը հայաստանյան արևմտամետ շրջանակներում, ըստ որոնց՝ այս այցը ոչ միայն գործարկելու է TRIPP-ը՝ «Թրամփի ուղին», այլև Հայաստանին անվտանգության ու բարձր ինքնիշխանության հնարավորություն է տալու։ Այս տրամադրությունների ֆոնին պետք է գնահատել սպասվող այս այցը՝ առանց հավելյալ էմոցիաների։

Սկսենք նրանից, որ սա իսկապես կդառնա ամենաբարձրաստիճան ամերիկյան այցը, ինչի նշանակությունը հնարավոր չէ թերագնահատել։ Եվ այցի ժամանակը պատահական չէ ընտրված, այն համընկնում է մի քանի գործընթացների հետ՝ Ռուսաստանի ազդեցության թուլացում Հարավային Կովկասում, Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխություն, Ադրբեջան–Թուրքիա տանդեմի ուժեղացում, Իրանի մեկուսացման քաղաքականություն։

Վաշինգտոնը փորձում է վերադառնալ տարածաշրջան՝ որպես քաղաքական խաղացող, ոչ միայն՝ որպես միջնորդ։ ԱՄՆ քաղաքականության շրջանակում Հայաստանը երկար ժամանակ ընկալվել է հիմնականում որպես ռուսական ազդեցության գոտի, հակամարտող կողմ, ներկայում ընկալումը փոխվում է։ Ամերիկյան փորձագետները բավականին բաց նշում են, որ Հայաստանը սկսում է ընկալվել՝ որպես կետ, որտեղ կարելի է սահմանափակել Ռուսաստանի և Իրանի ազդեցությունն ու հետագա հնարավորությունները, ընկալվում է նաև այնպիսի երկիր, որը կարող է ճանապարհ հարթել աշխարհաքաղաքական նախագծերի ու որպես հետևանք՝ աշխարհաքաղաքական փոփոխությունների համար։

Այս ընկալումները, բնականաբար, պայմանավորված են Թրամփի անունը կրող ապագա նախագծով, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանին ՀՀ տարածքով։ Հայաստանն ընկալվում է նաև երկիր, որն այլևս չի ընդդիմանում Ադրբեջանին ու Թուրքիային, ինչն ԱՄՆ-ին թույլ է տալիս ռեգիոնալ իրավիճակը համակարգել Թուրքիայի հետ կամ այդ գործը պատվիրակել Թուրքիային։ Պատահական չէր ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ուիթքոֆի խոստովանությունը, որ ռեգիոնալ իրավիճակի մասին տեղեկությունները ստանում է իր թուրք գործընկերներից Հաքան Ֆիդանից ու Իբրահիմ Քալընից։

Նման մակարդակով այցը և ԱՄՆ-ի հետ ավելի խորը հարաբերությունների հաստատումը կարելի էր միմիայն դրական լուր համարել, եթե չդիտարկենք այն փաստը, որ Հայաստանի կողմից քաղաքականությունը վարում են ՀՀ իշխանությունները, որոնց պաշտոնավարման շրջանում ծանր դիվանագիտական ձախողումներ են գրանցվել։ Ուստի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նման մակարդակի հաստատումն այս դեպքում կարող է ունենալ բազմաթիվ ռիսկեր։

ԱՄՆ-ի ակտիվացումը կարող է Հայաստանին տեղադրել ոչ թե ինքնուրույն խաղացողի, այլ՝ որպես այլ ուժերի դեմ լծակի, ԱՄՆ շահերի առաջմղման միջոցի կարգավիճակում։ Ռիսկը նաև այն է, որ ԱՄՆ-ի օրակարգը կարող է ձևավորվել ոչ թե ՀՀ անվտանգության, այլ Ռուսաստանի ճնշման, Իրանի շրջափակման և Թուրքիայի հետ առևտրի տրամաբանությամբ։ Եթե Երևանը չկարողանա հստակ ձևակերպել սեփական «կարմիր գծերը», Հայաստանը կարող է հայտնվել մեծ խաղի միջանցքային դերակատարի, ոչ թե շահառուի դիրքում։

Ավելորդ է նույնիսկ նշել, որ այցը լինելու է Իրանի ուշադրության կենտրոնում։ Վաշինգտոնի բարձր մակարդակի այցը Երևան Թեհրանում կարող է ընկալվել որպես փորձ՝ Հայաստանը ներառել հակաիրանական ճարտարապետության մեջ, կամ գոնե սահմանափակել Իրանի տարածաշրջանային մանևրի հնարավորությունը։ Նույնիսկ, եթե դա փաստացի օրակարգում չլինի, սա հանգեցնելու է Իրանի վստահության նվազման Հայաստանի նկատմամբ և զգուշավորության աճի Հայաստանի նկատմամբ։

Վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս այցը պայմանավորված է՝ ինչպես ճանապարհի պայմանավորվածությամբ, այնպես էլ՝ այն հանգամանքով, որ Հարավային Կովկասում ներկայումս ամենաարևմտամետ քաղաքականությունը վարում է Հայաստանը։ Իսկ Հարավային Կովկասը, նրա որակմամբ, չափազանց կարևոր է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և մնացած բոլոր դերակատարների համար՝ որպես մեծ պրոյեկտների համար անցողիկ տարածաշրջան։

«Նման այցերը դրական են նրանով, որ հնարավորություն են տալիս երկկողմ հարաբերություններին նոր՝ ավելի խորը շրջանակ հաղորդել, լուծել որոշ առանձին հարցեր, ձևակերպել կարևոր խնդիրներն ու դրանց ընթացք տալ»,- նշեց Իրակլի Մենաղարիշվիլին։

Նրա խոսքով, աշխարհաքաղաքական յուրաքանչյուր այց ու որոշում ներկայումս կարող է ունենալ ռիսկ, իսկ այս դեպքում խոսքն ԱՄՆ-ի ու ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի մասին է, ինչը հարուցելու է թե Իրանի, թե Ռուսաստանի հետաքրքրությունը, գուցե՝ դիմադրությունը։

Այս դեպքում աշխատանքը բոլորի հետ, ինչպես նաև խնդիրների, առաջնահերթությունների ճիշտ ձևակերպումը չափազանց կարևոր է։ Կարևոր է նաև համարժեք ակնկալիքների ձևակերպումն այդ այցից, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքը՝ կարելի է նախապատրաստել և ունենալ հագեցած այց, ինչպես նաև կարելի է ունենալ այց կենտրոնացած «Թրամփի ուղու» շուրջ։ Սրանք երկու տարբեր բնույթի օրակարգեր են»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս