Իրանը հետաքննություն է սկսել Նախիջևանում ԱԹՍ-ների գրոհի առնչությամբ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին տեղեկացրել է, որ Իրանը դատապարտում է Նախիջևանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի գրոհը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ նման միջադեպերը հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին ու նպաստում են տարածաշրջանում լարվածության աճին։

Աբբաս Արաղչին հայտնել է, որ իրանական կողմն ու զինվորականները հետաքննություն են սկսել միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները մարտի 5-ին Իրանին մեղադրել էին Նախիջևանի օդանավակայանին ԱԹՍ-ներով հարվածներ հասցնելու մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել այդ երկրում Իրանի դեսպանը, նրան բողոքի նոտա էր փոխանցվել։

Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Ադրբեջանի դեմ հարձակումն անպատասխան չի մնա»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը բերվել են թիվ մեկ պատրաստվածության մակարդակի։ Ալիևը Իրանին մեղադրել է Ադրբեջանի դեմ ահաբեկչական ակտ իրականացնելու մեջ և շեշտել, որ դրա հետ կապ ունեցող բոլոր անձինք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, իսկ Իրանը պետք է Ադրբեջանին պարզաբանումներ ներկայացնի։

Ալիևը նաև հայտարարել է, որ զինված ուժերին հանձնարարված է նախապատրաստել և իրականացնել պատասխան միջոցառումներ։Ադրբեջանի կառավարությունը դադարեցրել է Իրանի հետ սահմանով բեռնատար մեքենաների երթևեկությունը և 12 ժամով փակել է նաև Իրանի հետ օդային սահմանը։

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին, ինչպես նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել են Թեհրանի առնչությունը Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների գրոհին։

Տեսանյութեր

Լրահոս