Մի շարք երկրներ դատապարտել են Արևմտյան ափում բնակավայրեր կառուցելու Իսրայելի ծրագիրը
Մեկ տասնյակից ավելի երկրներ դատապարտել են Իսրայելի կառավարության կողմից օկուպացված Արևմտյան ափում 19 նոր բնակավայրի կառուցման հաստատումը՝ նշելով, որ դա խախտում է միջազգային իրավունքը և անկայունություն հրահրում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
«Մենք կոչ ենք անում Իսրայելին չեղարկել այս որոշումը, ինչպես նաև բնակավայրերի ընդլայնումը», – նշվում է Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Ճապոնիայի, Մալթայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի և Իսպանիայի կողմից տարածված համատեղ հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության՝ նման միակողմանի գործողությունները ոչ միայն խախտում են միջազգային իրավունքը, այլև կարող են անկայունություն հրահրել։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը X միկրոբլոգում գրառման մեջ մերժել է օտարերկրյա պետությունների հայտարարությունը՝ նշելով, որ որոշման նպատակն է օգնել լուծել Իսրայելի առջև ծառացած անվտանգության սպառնալիքները։
«Արտասահմանյան կառավարությունները չեն սահմանափակի հրեաների իրավունքը՝ ապրել Իսրայելի հողում, և ցանկացած նման կոչ բարոյապես սխալ է և խտրական հրեաների նկատմամբ», – ասել է նա։
Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելի կառավարությունը հաստատել է Արևմտյան ափում 19 նոր հրեական բնակավայրի կառուցման առաջարկը։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր Իսրայելն արագացրել է բնակավայրերի կառուցումը և հայտարարել Արևմտյան ափում իր ներկայությունն ընդլայնելու ծրագրերի մասին։ Այդ բնակավայրերը միջազգային իրավունքի համաձայն համարվում են անօրինական։
