ՌԴ-ն հեռու գնացող պլաններ ունի. հայ-ռուսական առևտրաշրջանառության անկումն ու Ռուսաստանի ներգրավումն Ադրբեջանի տարածքով մատակարարումներին
Մինչ հայաստանյան արևմտամետ և իշխանական շրջանակները շարունակում են ոգևորությամբ նշել, որ վաշինգտոնյան պայմանավորվածությունները Ռուսաստանին դուրս են մղել ռեգիոնից, կամ էլ ավելի թուլացրել ՌԴ դիրքերը Հարավային Կովկասում, Ռուսաստանը կարծես ամրապնդվում է Հարավային Կովկասի ապաշրջափակման գործընթացում: Ներկայումս Ռուսաստանն այն տերություններից է, որն ակտիվորեն օգտվում է վաշինգտոնյան պայմանավորվածությունների ընձեռած հնարավորություններից՝ ծրագրելով ընդլայնել ապրանքների շարքը, որոնք մատակարարում է դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով գործարկված երկաթուղային ճանապարհով:
Վերջերս՝ դեկտեմբերի 12-ին, ՀՀ կատարած այցից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, թե Ադրբեջանի միջոցով Հայաստան հացահատիկի մատակարարումներից բացի, Ռուսաստանը քննարկում է պարարտանյութերի մատակարարման հնարավորությունը, ինչպես նաև ուսումնասիրվում է հակադարձ բեռնման հնարավորությունը:

«Կարևոր իրադարձություն տեղի ունեցավ, մենք այն համարում ենք իսկապես նշանակալից՝ ռուսական հացահատիկ տեղափոխող առաջին գնացքն անցավ Ադրբեջանի և Վրաստանի միջով դեպի Հայաստան։ Այսինքն՝ ավելի քան 30 տարվա ընթացքում և Հայաստանի ու Ադրբեջանի անկախ գոյությունից ի վեր առաջին անգամ անցավ հացահատիկ տեղափոխող առաջին գնացքը: Այնուհետև անցավ ղազախական հացահատիկը։ Մենք նաև քննարկում ենք այս գիծն այլ տեսակի բեռներով՝ պարարտանյութերով բեռնելու հնարավորությունը»,- ասել է Օվերչուկը՝ ցույց տալով, որ Ռուսաստանը մեծ թափով ներգրավվում է այս գործընթացում:
Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանից Հայաստան է ժամանել ռուսական, ղազախական ցորեն, իսկ օրերս՝ ադրբեջանական նավթամթերք: Բացի այս, ՀՀ իշխանությունները, որոնք իրենց ամեն հայտարարությունում խոսում են ինքնիշխանության պահպանման կարևորությունից, ապաշրջափակման գործընթացում ակնկալիքներ ունեն Ռուսաստանի Դաշնությունից և ՀՀ տարածքում երկաթուղային որոշ տեղամասերի վերականգնման խնդրանքով դիմել են Ռուսաստանին:
Մեկ շաբաթ առաջ ՀՀ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ռուսաստանի գործընկերներին խնդրել է շտապ կարգով զբաղվել երկաթուղու՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Ախուրիկի հատվածից մինչև Թուրքիայի սահման ամբողջական վերականգնմամբ:
«Ես ՌԴ մեր գործընկերներին խնդրել եմ շտապ կարգով զբաղվել մասնավորապես երկաթուղու՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Ախուրիկի հատվածից մինչև Թուրքիայի սահման ամբողջական վերականգնմամբ: Կարծում եմ՝ առաջիկայում նաև նույն հարցը կբարձրացնեմ Իջևան-Ղազախ հատվածի հետ կապված, որովհետև կարծում եմ՝ այդ հատվածը նույնպես հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն կա»,- ասել է նա:
Փաշինյանը հույս էր հայտնել, որ ՌԴ գործընկերները մաքսիմալ արագությամբ այդ խնդրանքն իրականություն կդարձնեն:
Դեկտեմբերի 22-ին էլ Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանն ասաց, որ Ռուսաստանից գնացքներն արդեն ուղևորվում են դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, ինչը, նրա կարծիքով, պատմական իրադարձություն է։ Փաշինյանի խոսքով, բացվում են նոր հնարավորություններ, իսկ Հայաստանում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է։
«Ես, մասնավորապես, նկատի ունեմ Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը՝ Նախիջևանի և Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում։ Չեմ կարող ասել, որ հիմա արդեն կան քաղաքական որոշումներ այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ։ Բայց կարծում եմ, որ իրավիճակը հասունացել է այնքան, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել»,- այսպես թեմային անդրադարձավ Փաշինյանը՝ Պուտինին ևս ներկայացնելով ՀՀ տարածքում երկաթուղային տեղամասերը վերականգնելու մասին խնդրանքը:
Սրան զուգահեռ՝ ռուսական կողմը փոխվարչապետի մակարդակով արձանագրում է՝ ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ԵԱՏՄ անդամակցության ու ԵՄ ինտեգրացիայի մտադրության հարցի շուրջ, քանի որ սրանք համատեղելի միություններ չեն: Բացի այս, ռուսական կողմն արձանագրում է, որ ռուսական «բիզնեսը կորցնում է հետաքրքրությունը» Հայաստանի նկատմամբ, և այդ կորստի հետևանքն այն է, որ այս տարի նախորդ տարվա համեմատ հայ-ռուսական առևտրաշրջանառությունը պակասել է 50%-ով:
Դեկտեմբերի սկզբին Օվերչուկն ասել էր՝ անցյալ տարի Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում էր 15.4 մլրդ դոլար, իսկ այս տարի, ակնհայտ է, որ այն կլինի 6 մլրդ դոլարի մակարդակում:
Ի դեպ, Փաշինյան-Պուտին հանդիպմանն առևտրաշրջանառության վերոնշյալ ծավալների մասին շեշտեց նաև ՌԴ նախագահը՝ ընդգծելով ծավալների անկման փաստը: Հայաստանի նման փոքր պետության համար, որը մեծ կախում ունի Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններից, սա չափազանց նշանակալի անկում է, որով Ռուսաստանը փորձում է ցույց տալ այն վնասները, որոնք կկրի Հայաստանը՝ հրաժարվելով ԵԱՏՄ-ից ու Ռուսաստանից:
Ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը մեզ հետ զրույցում ասաց, որ Հարավային Կովկասում ՌԴ դիրքերը վերջին շրջանում թուլացել են՝ մի շարք օբյեկտիվ խնդիրներից ելնելով, բայց ազդեցությունն ու լծակները պահպանվում են, ավանդական հարաբերությունները գործընկեր երկրների հետ՝ ևս: Ըստ նրա, բնականաբար, այդ հարաբերություններում ամեն ինչ հարթ չէ, քանի որ Արևմուտքն ակտիվորեն առաջ է մղում իր օրակարգն ու պլանները, հաշվի չառնելով տեղում առկա իրավիճակն ու ռեգիոնում գործող հարաբերությունների ողջ համակարգը: Վերլուծաբանի խոսքով, ՌԴ-ն ունի՝ ինչպես ավանդական ազդեցություն, հարաբերություններ, ռեգիոնի խնդիրների իմացություն, այնպես էլ՝ համատեղ ինտեգրացիոն ձևաչափեր:

«Եթե ԵՄ անդամակցության հեռանկարը մշուշոտ է, հայտնի չէ, թե Հայաստանն ի՞նչ օգուտներ կարող է ստանալ ԵՄ-ից, եթե նույնիսկ դառնա ԵՄ անդամ, ինչը դեռ բարդ է պատկերացնել, ապա ԵԱՏՄ-ն կոնկրետ աշխատող և օգուտներ տվող կազմակերպություն է՝ հատկապես Հայաստանի համար: Եթե այդպիսին չլիներ, ամենայն հավանականությամբ ՀՀ-ն նաև այս միության աշխատանքներին ակտիվ չէր մասնակցի, սակայն ԵԱՏՄ-ն տնտեսապես իրեն արդարացնում է Հայաստանի համար: Եվ, կրկին, մինչ ԵՄ-ն քննարկում է՝ ինչպես մասնակցել ռեգիոնի ապաշրջափակմանը, Ռուսաստանը կարողանում է միանգամից ներգրավվել այդ գործընթացում՝ սկսելով մատակարարման գործընթաց, ինչը ևս ցույց է տալիս ռեգիոնում Ռուսաստանի՝ պայմանավորվելու, գործունեություն ծավալելու կարողությունները: Ուստի, ռեգիոնից ՌԴ-ին դուրս բերելու մասին խոսակցությունները չափազանցված են: Ուկրաինայի պատերազմի ֆոնին, բնականաբար, ՌԴ-ն ամբողջությամբ կենտրոնացած է այլ ուղղությամբ, ունի խնդիրներ, ակտիվության պակաս այլ ռեգիոններում, սակայն ազդեցությունը վերացած չէ, և այն տեղ-տեղ ավելին է, քան մեծ ջանքեր ներդնող ԵՄ-ի դեպքում է ազդեցությունը»,- ասաց վերլուծաբանը:
Իսկ առևտրաշրջանառության անկումը, վերլուծաբանի խոսքով, ամենայն հավանականությամբ, բնական գործընթացների հետևանք է, քանի որ, երբ ՀՀ-ն փորձում է մի շարք գործընթացներ մոտեցնել եվրոպական չափանիշներին, դրանք չեն համընկնում ԵԱՏՄ-ի հետ և առաջանում են բարդություններ, դրա հետևանքով՝ նաև ցուցանիշների անկում:
«Երբ խոսվում է, որ ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են, խոսքը ոչ միայն աշխարհաքաղաքական, քաղաքական անհամատեղելիության մասին է, այլև առևտրատնտեսական ստանդարտների տարբերությունների ու այլ հարցերի մասին է»,- նկատեց նա:
