Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է նոր դասի երկու ռազմանավ կառուցելու պլանների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջրյա նավատորմի արդիականացման և նավաշինության վերականգնման գործում Սպիտակ տան ջանքերի շրջանակներում ԱՄՆ ռազմածովային ուժերի համար կստեղծվի նոր դասի երկու ռազմանավ: Այս մասին նա ասել է Ֆլորիդայում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Fox9 հեռուստաալիքը։

«Ես հավանություն եմ տվել ռազմածովային ուժերի համար երկու միանգամայն նոր, շատ մեծ, մեր կողմից երբևէ կառուցված ամենամեծ գծանավերի շինարարությունը սկսելու պլանին», – ասել է նա։

ԱՄՆ նախագահը նշել է, որ նավերը հանդերձված կլինեն «բարձրակարգ հրանոթներով ու հրթիռներով», հիպերձայնային զենքերով, ռելսոտրոններով, թևավոր հրթիռներով, «աշխարհի ամենակատարելագործված լազերներով» և կղեկավարվեն արհեստական ​​բանականությամբ։

«Մենք կարծում ենք, որ այս նավերը կլինեն առաջիկա տարիներին արտադրվող բոլորովին նոր դասի առաջին նավերը», – հավելել է նախագահը։

Թրամփն ասել է, որ նավերի կառուցումը կտևի մոտավորապես երկուսուկես տարի։

Սկզբում նախատեսվում է կառուցել երկու նման նավ, ապա՝ ութ։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ նախագահը պլանավորում է կառուցել մինչև 20-25 նման նավ, որոնք, նրա խոսքով, կդառնան «ամերիկյան ռազմածովային նավատորմի դրոշակակիրները»։

«Դրանք կօգնեն պահպանել ամերիկյան ռազմական գերազանցությունը, վերակենդանացնել ամերիկյան նավաշինական արդյունաբերությունը և վախ սերմանել ամբողջ աշխարհում Ամերիկայի թշնամիների շրջանում», – հայտարարել է ԱՄՆ ղեկավարը։

«Մենք ներկայում նաև կառուցում ենք երեք խոշոր ավիակիր՝ ի լրումն արդեն գոյություն ունեցողների», – ասել է Թրամփը նավաշինության թեմայով ելույթի ժամանակ։

Բացի այդ, նրա խոսքով, ԱՄՆ-ն պատրաստվում է կառուցել 12-ից 15 «միանգամայն նոր սուզանավ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս