«Փաշինյանն իմ որդու մահվան հետ կապված որևէ ասելիք չունի՞, ողբերգությունից 7 տարի է անցել, մինչև օրս չգիտեմ՝ ինչո՞ւ է որդիս մահացել, ո՞վ է մեղավոր, ինչո՞ւ այդպես եղավ». Գոհար Ֆերոյան
2019 թվականի դեկտեմբերի 2-ին Պաշտպանության բանակի (ՊԲ) հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մայրը՝ Գոհար Ֆերոյանը, մինչև օրս միայնակ պայքարում է, որպեսզի պարզի որդու մահվան հանգամանքները։
Միակ որդուն կորցնելուց հետո տիկին Գոհարը որևէ խնամակալ չունի, ապրում է ծանր պայմաններում, չունի որևէ աջակցություն, ասում է՝ իր կյանքն արդեն 7 տարի է՝ անտանելի ու ծանր է դարձել, մի կողմից՝ կենցաղային ծանր պայմանները, մյուս կողմից՝ որդու կորուստը հանգեցրել են մի շարք առողջական խնդիրների։
«Արդեն անկողնային ռեժիմում եմ անցկացնում իմ օրը, պետությունը որևէ բանով չի աջակցում։
Դեկտեմբերի տոները թող անցնեն, ես ուզում եմ հանդիպել Փաշինյանի հետ, հասկանամ՝ ինքը իմ որդու մահվան հետ կապված որևէ ասելիք չունի՞։ Այս ողբերգությունից 7 տարի է անցել, մինչև օրս ես չգիտեմ՝ ինչո՞ւ է որդիս մահացել, ո՞վ է մեղավոր, ինչո՞ւ այդպես եղավ»,- 168.am-ին ասաց Գոհար Ֆերոյանը։
Նշենք, որ Արթուր Աջամյանի ծառայակիցը՝ 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանն էլ այդ օրը վիրավորվել էր և երկար ժամանակ գտնվում էր կոմայի մեջ։ Գոհար Ֆերոյանն ասաց, որ մինչև օրս Դավիթ Մելիքբեկյանին տեսնելու, նրա հետ այդ օրվա մասին զրուցելու որևէ հնարավորություն չի ունեցել։
«Ես ո՛չ իր հետ, ո՛չ իր ծնողների հետ չեմ կարողացել կապի դուրս գալ։ Տարբեր տեղերից տեղեկություններ եմ ստացել, որ հիմա Դավիթը լավ է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հիմա այս գործով ես միայնակ եմ զբաղվում, եթե զբաղվողներ լինեին, հիմա գուցե կարողանայի Դավիթի հետ էլ խոսել։ Հիմա նույնիսկ փաստաբան չունեմ, բայց կուզեի մեկը լիներ, որ հասարակական հիմունքներով այս գործով զբաղվեր։
Չգիտեմ, առողջական խնդիրներո՞վ զբաղվեմ, թե՞ պայքարեմ, որ որդուս մահվան հանգամանքները բացահայտվեն։ Գլխիս հետ կապված առողջական խնդիրներ կան, սրտի վիրահատություն պետք է տանեմ, բայց գումար չունեմ։
Հիմա եղբորս տան բակում մի փոքր խարխուլ սենյակում եմ ապրում, անձրև է գալիս, տանիքից կաթում է, եղբայրս էլ պատրաստվում է տունը վաճառել, ես չգիտեմ՝ ինչ եմ անելու»,- հավելեց Գոհար Ֆերոյանը։
Որդու մահվանից 1-2 տարի անց Գոհար Ֆերոյանը գրեթե ամեն օր Երևան էր գալիս, հանդիպում փնտրում իշխանական որևէ պատգամավորի հետ, մասնավորապես՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, սակայն այդպես էլ նրան որևէ մեկը չընդունեց։
«Օրեր են եղել, որ մինչև երեկոյան ժամը 20։00-21։00-ը սպասել եմ ԱԺ-ի մոտ, որ ինձ Անդրանիկ Քոչարյանը կամ որևէ մեկն ընդունի, բայց չեն ընդունել։ Խորհրդարանում եզդի պատգամավոր ունենք՝ Ռուստամ Բաքոյանը, նա էլ ինձ չի մոտեցել։ Անդրանիկ Քոչարյանը ժամանակին խոստում տվեց, որ որդուս հարցը կլուծվի, բայց արդեն 7 տարի է՝ որևէ հարց չի լուծվել, այս տարիների ընթացքում իրենք չե՞ն կարողանում որևէ բան պարզել։

Դատական որևէ նիստ, իրավական գործընթաց չկա, նույնիսկ քննիչն է փոխվել, ես նրան չեմ տեսել։ Մինչև վերջ ես գնալու եմ, պայքարելու եմ, որ որդուս մահվան հանգամանքները պարզվեն»,- ընդգծեց Գոհար Ֆերոյանը։
Հիշեցնենք, որ 2019թ․ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել էր և երկար ժամանակ գտնվում էր կոմայի մեջ։
