Ալիևը որոշել է համաներում տալ բանտերում պատիժ կրող՝ պատերազմի մասնակիցներին, Փաշինյանը նման մտադրություն չունի

2024 թվականի տարեվերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարական էր ստորագրել՝ «Ադրբեջանում 2025 թվականը հայտարարված է սահմանադրության և ինքնիշխանության տարի», քանի որ 2025-ին նշելու են Ադրբեջանի սահմանադրության ընդունման 30-րդ տարին և 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի 5-րդ տարին:

Ալիևի հրամանում հիշատակվում է 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակի մասին, 2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական օկուպացիայի, ինչը գնահատվում է սեփական տարածքային ամբողջականության վերականգնում:

«Այսօր Ադրբեջանի Հանրապետությունը, առաջնորդվելով ազգային շահերով, նոր իրողությունների պայմաններում ավելի վճռական և սկզբունքային է շարունակում իր անկախ քաղաքականությունը՝ հիմնված Սահմանադրության պահանջների և իր ինքնիշխան իրավունքների վրա, և վստահորեն շարժվում է դեպի գալիք ռազմավարական նպատակներ»,- նշվում է Ալիևի հրամանում:

44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակի 5-րդ տարին Բաքուն նշել է մեծ զորահանդեսով, ինչպես ավելի վաղ գրել ենք: 

Կարդացեք նաև

Բացի այս, «Սահմանադրության և ինքնիշխանության» տարվա համատեքստում բազմաթիվ միջոցառումներ, ֆորումներ են կազմակերպել Ադրբեջանում: Եվ հիմա, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահը մտադիր է մեծ համաներման որոշում կայացնել, համապատասխան նախագիծը ներկայացվելու է խորհրդարանի հաստատմանը:

Նշվում է, որ համաներումը հատկապես տարածվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակից, տարբեր քրեական գործերով անցնող և պատիժ կրող անձանց վրա: Մասնավորապես, խոսքը վերաբերում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 սեպտեմբերի 19-20-ին Արցախում իրականացված «հակաահաբեկչական» օպերացիայի մասնակիցներին: Բացի այս, համաներումն առնչվելու է պատերազմի կամ մարտական գործողությունների ժամանակ զոհված, անհայտ կորած անձանց մոտ հարազատներին և այլոց:

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, ընդհանուր առմամբ, համաներման տակ կարող է ընկնել ավելի քան 20.000 քաղաքացի, ինչը ենթադրում է և՛ պատժի մեղմացում, և՛ պատժից լիովին ազատում:

Մինչդեռ Հայաստանում 2018թ. իշխանափոխությունից ի վեր որևէ անգամ համաներում չի եղել, և ինչպես տարբեր առիթներով նշել են իշխանության ներկայացուցիչները, առաջիկայում ևս նման բան չի նախատեսվում: Փոխարենը՝ ականատես ենք եղել և լինում դեպքերի, երբ պատերազմի մասնակիցների դեմ քաղաքական հետաքրքրությունների շրջանակում գործեր են «կարվում» և ազատազրկման որոշումներ կայացվում: Մենք բնավ չենք ասում, որ եթե մարդը պատերազմի մասնակից է և լուրջ հանցագործ, պետք է աչք փակել, իհարկե, ոչ, խոսքն այլ բանի մասին է:

Այլ հարց է, որ Ալիևի հրահանգով Բաքվում տեղի է ունենում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ներկայացուցիչների «դատավարությունը», և անգամ պատժաչափերն են որոշված:

Արդյո՞ք հնարավոր է ինչ-որ կերպ հասնել նրանց վերադարձին Հայաստան, սա արդեն այլ քննարկման նյութ է:

Տեսանյութեր

Լրահոս