ԵՄ-ն ընդլայնում է իր ներգրավվածությունը ներքաղաքական գործընթացներում՝ չառաջարկելով Հայաստանին անդամակցության հեռանկարային օրակարգ
ՀՀ իշխանությունները բոլոր ոլորտներում խորացնում են համագործակցությունը Եվրոպական միության հետ, այդ թվում՝ համագործակցելով ՀՀ-ում գալիք խորհրդարանական ընտրությունների շուրջ՝ փորձելով կրկնել մոլդովական օրինակը:
Սակայն, այս ամենին զուգահեռ՝ ԵՄ-ն կարծես ինտեգրացիայի հեռանկար Հայաստանին չի տալիս: Օրերս Գերմանիայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրենց համար նպատակ չէ, իսկ ԵՄ անդամակցությունը նպատակ է։ Գերմանիա կատարած այցի շրջանակում Փաշինյանը հայտարարել էր, թե հասկանում են, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միաժամանակյա անդամակցություն հնարավոր չէ, և հասկանում են, որ կա մի կետ, երբ պետք է որոշում կայացնել։ Սակայն այսօր, նրա որակմամբ, այդ կետը չէ, որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա։
«Եթե այսօր չկա այդ որոշումը կայացնելու անհրաժեշտություն, ինչի՞ համար կայացնենք։ Երբ կգա այն պահը, որ եկել-հասել ենք այդ կետին և պետք է որոշում կայացնենք, այդ ժամանակ կկայացնենք։ Հիմա հարց է առաջանում. Ինչո՞ւ ենք մենք ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու օրենք ընդունել։ Դա առաջին հերթին մեզ համար լրացուցիչ խթան է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները շարունակենք, լրացուցիչ խթան ունենանք բոլոր ոլորտներում ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու։ Ի՞նչ է նշանակում՝ լինել ԵՄ անդամ պետություն։ Դա նշանակում է բոլոր ոլորտներում համապատասխանել ԵՄ չափանիշներին։ Քանի դեռ մենք օբյեկտիվորեն այդ չափանիշներին չնք համապատասխանում, մենք չենք կարող ԵՄ անդամ դառնալ։
Հետևաբար՝ այդ ճանապարհին առաջին խնդիրը ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր ունենալն է։ Երբ կլինենք այդ կետում, մենք կդիմենք ԵՄ-ին անդամագրվելու հարցով»,- ասել էր Փաշինյանը։
Նա նաև նշել էր, որ այդ ժամանակ երկու տարբերակ կա. կամ կընդունեն, կամ չեն ընդունի ԵՄ։
«Ընդ որում, կարող է լինել այնպես, որ ԵՄ-ն չի ուզում այլևս ընդլայնվել։ Մեր պլանի էությունն այն է, որ երբ այդ կետին հասնենք, անկախ նրանից՝ մեզ կընդունե՞ն ԵՄ, թե՞ չեն ընդունի, մենք շահած դուրս գանք։ Որովհետև եթե այդ պայմաններում մենք դառնանք ԵՄ անդամ, շատ լավ, եթե չենք դառնա, էլի շահած դուրս կգանք, որովհետև կունենանք ԵՄ ստանդարտներին լիարժեք համապատասխանող պետություն»,- ասել էր Փաշինյանը։
Բացի այն, որ վերջերս Բրյուսելում ՀՀ-ն ու ԵՄ-ն ստորագրեցին «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը, Երևան-Բրյուսել ներկայիս կոնտակտների առանցքում ՀՀ-ում առաջիկա խորհրդարանական ընտրություններն են և, այսպես կոչված, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը:
ԵՄ բարձրաստիճան դիվանագետներ Կայա Կալլասը, Մարթա Կոսը չեն թաքցնում, որ այս գործընթացները կապ ունեն ՀՀ խորհրդարանական ընտրությունների հետ:

«Հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին այս հարցում։ Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել արտաքին միջամտությունը կանխելու համար»,- նշել է Կայա Կալլասն այսօր Բրյուսելում Միրզոյանի հետ հանդիպմանն ընդառաջ։

Եվրոպական միությունը, չառաջարկելով Հայաստանին անդամակցության հստակ կամ նույնիսկ հեռանկարային օրակարգ, ընդլայնում է իր ներգրավվածությունը ներքաղաքական գործընթացներում՝ հատկապես առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Այդ ներգրավվածության առանցքային բաղադրիչը հայտարարվում է «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը». մի ձևաչափ, որը ԵՄ-ն արդեն կիրառել է Մոլդովայում և այժմ փաստացի փորձում է կրկնել Հայաստանում։
Մոլդովայի օրինակը ցույց տվեց, որ ԵՄ-ն պատրաստ է ակտիվորեն ներգրավվել ընտրական միջավայրի, այսպես կոչված, «կայունացման» գործընթացում՝ կիրառելով մի շարք գործիքներ և ֆինանսավորում։ Սակայն այդ ներգրավվածությունը չի ուղեկցվել ԵՄ անդամակցության հստակ ճանապարհային քարտեզով։ Այլ կերպ ասած՝ ԵՄ-ն դիրքավորվել է անվտանգության և քաղաքական դիմադրողականության «մենեջերի» դերում, առանց քաղաքական վերջնանպատակի՝ անդամակցության խոստման։
Հայաստանի պարագայում կիրառվող մոտեցումը նույն տրամաբանության մեջ է։ ԵՄ-ն առավելապես շահագրգռված է ոչ թե Հայաստանի ինստիտուցիոնալ ինտեգրմամբ, այլ երկրի ներքաղաքական դաշտի կանխատեսելիությամբ և արտաքին ազդեցությունների սահմանափակմամբ, որի ներքո մղվելու է պայքար այլախոհության դեմ։
Հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի օրակարգը թույլ է տալիս ԵՄ-ին ազդել ընտրական գործընթացների միջավայրի վրա՝ չմտնելով անդամակցության գործընթացի դաշտ, որը զգայուն ու խոցելի թեմա է ԵՄ-ի համար:
Այս մոտեցումը նաև հնարավորություն է տալիս ԵՄ-ին պահպանել ճկունություն։ Հայաստանը դիտարկվում է որպես սահմանային պետություն՝ բարդ անվտանգային միջավայրում, որտեղ ԵՄ-ի առաջնահերթությունը կանխատեսելի «կայունությունն» է, ոչ թե քաղաքական խոր ինտեգրումը։ Հետևաբար, ԵՄ-ն նախընտրում է ներդնել գործիքակազմեր, որոնք ամրապնդում են ԵՄ դիրքերը, սակայն չեն պարտադրում ինստիտուցիոնալ պարտավորություններ:
Միևնույն ժամանակ, այս մոդելը պարունակում է բազմաթիվ ռիսկեր Հայաստանի համար առանց այն էլ բարդ անվտանգային ու բևեռացված ներքին միջավայրում։ ԵՄ ներգրավվածությունն այս հարցում արդեն իսկ ընկալվում է՝ ոչ թե որպես ռազմավարական գործընկերության շրջանակում համագործակցություն ռիսկերի կառավարման դեմ, այլ՝ որպես ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության կամ ուղղորդման փորձ։ Սա իր հերթին՝ էլ ավելի է խորացնելու ներքաղաքական բևեռացումը և սնուցելու թեզերը, որ արտաքին դերակատարները ներգրավվում են ներքին քաղաքական պայքարի մեջ։
ԵՄ-ն, հավանաբար, Հայաստանում կիրառում է «մոլդովական մոդելի» ադապտացված տարբերակը՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի անվան տակ ամրապնդելով իր քաղաքական ազդեցությունն առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ առանց անդամակցության որևէ պարտավորության։ Սա ցույց է տալիս, որ ԵՄ քաղաքականությունն Արևելյան գործընկերության տարածքում գնալով ավելի է կենտրոնանում ոչ թե ընդլայնման, այլ կառավարվող իրավիճակ ապահովելու անհրաժեշտության վրա՝ թողնելով անդամակցության հարցն անորոշ ապագային կամ ընդհանրապես փակելով այն։
