«Ռուսաստանը չի թաքցնում իր արտաքին քաղաքական հիմնական նպատակը. դա հետխորհրդային տարածքն է». Գարիկ Քեռյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին կհաջողվի՞ վերջ դնել ռուս-ուկրաինական պատերազմին՝ իր առաջ քաշած խաղաղության փաստաթղթերով, դեռևս հայտնի չէ։ Բայց վերջինս ակտիվ քայլեր է ձեռնարկում այդ գործընթացում հաջողության հասնելու համար, որին զուգահեռ՝ պատերազմը շարունակվում է Ուկրաինայում։
Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի, մասնավորապես՝ Հայաստանի վրա։
ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը պատասխանելով այս հարցին, նախ ասաց՝ այսօր ՌԴ դերը Հարավային Կովկասում նվազել է և այսօր տարածաշրջանում ինչ-որ առումով ուժային վակուում կա։
«Այսօր դժվար է նշել աշխարհաքաղաքական այն կենտրոնը կամ այն գերտերությունը, որ ամբողջությամբ տիրում է Հարավային Կովկասին։ Այսպես է եղել առհասարակ, օրինակ, Հայաստանը դարձել է ՀԱՊԿ անդամ, Ադրբեջանն ինտեգրվել է Թուրքիայի հետ, իսկ Վրաստանը ձգտում է դեպի Արևմուտք։
Բայց այսօր Վրաստանը կանգնեցրել է Արևմտյան ինտեգրացիան, փորձում է առավելապես անկախ դիրքորոշում ունենալ, իսկ Հայաստանն էլ փորձում է փոխել արտաքին քաղաքական վեկտորը՝ ռուսակենտրոնությունից տեղափոխվել դեպի արևմտյան կառույցներ։ Սակայն Ադրբեջանը դեռևս մնում է Թուրքիայի հետ ինտեգրացման կուրսի վրա։ Այսինքն՝ Հարավային Կովկասում հետխորհրդային շրջանում երբեք պարզ չի եղել, թե ամբողջ տարածաշրջանը որտեղ է, բայց որ այստեղ ռուսական ազդեցությունը, համեմատած մյուս ուժային կենտրոների հետ, առավել մեծ է եղել՝ փաստ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գարիկ Քեռյանը։
Ըստ նրա, երբ դիտարկում են ՌԴ նախագահի վարչախմբի արտաքին քաղաքական հիմնական խնդիրը, պարզ երևում է, որ գալով իշխանության՝ Պուտինն ունեցել է մեկ գերխնդիր՝ վերականգնել ռուսական ազդեցությունը ողջ հետխորհրդային տարածքում։ Թերևս այստեղ կարող է բացառություն կազմել միայն Մերձբալթիկան, որը ՆԱՏՕ-ի անդամ է։
«Ինչի՞ համար է ուկրաինական պատերազմը, սա պատերազմ է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցության վերականգնման համար։ Տեսեք, թե այսօր Ռուսաստանն ինչ ռեսուրսներ ու միջոցներ է ներդնում իր նպատակին հասնելու համար, նաև ունենում է կորուստներ։
Հիմա, եթե Ուկրինայում ռազմական գործողություններն ավարտվեն, ապա ռուսական ազդեցությունը շատ մեծ չափով աճելու է ողջ հետխորհրդային տարածքում, ես չեմ կարող ասել՝ դրա համար նրա ռեսուրսները բավարար կլինե՞ն, թե՞ ոչ, բայց որ Ռուսաստանը շարունակելու է Բելառուսի հետ միավորման գիծն առաջ տանել, փոխել Ղազախստանի տատանողական դիրքորոշումը և ավելի ինտենսիվ կլանել եվրասիական կառույցներում, առավել ակտիվ լինել Միջին Ասիայում և, վերջապես, վերականգնել սեփական դիրքերը Հարավային Կովկասում՝ փաստ է։ Սա է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը, և սա Ռուսաստանը չի թաքցնում»,- հավելեց քաղաքագետը։
Նրա բնորոշմամբ՝ Ռուսաստանը երբեք առաջ չի քաշել այնպիսի նպատակ, որ, օրինակ, գերակայություն ձեռք բերի Աֆրիկայում կամ արաբական երկրներում կամ էլ Արևմտյան կիսագնդում, նրա հիմնական նպատակն արդեն 25-26 տարի հետխորհրդային տարածքն է, և Ուկրաինայում պատերազմը հենց դրա համար է։
«Այստեղ, սակայն, մեկ այլ իրողություն կա, հետպատերազմյան աշխարհը, նկատի ունեմ՝ ուկրաինական պատերազմից հետո ինչպիսի՞ն կլինի՝ դեռ պարզ չէ։ Բայց ինքս մի քանի անգամ վերլուծելով բոլոր ուղղությունները և համաշխարհային ուժային կենտրոնների՝ Միացյալ Նահանգների, ԵՄ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և Ճապոնիայի տնտեսական կարողությունները, ռազմական պոտենցիալը, գտել եմ, որ համաշխարհային այս հինգ կառուցակարգը հավանաբար կարող է փոխվել և դառնալ եռակենտրոն՝ Միացյալ Նահանգներ-Ռոսաստան և Չինաստան, որտեղ Միացյալ Նահանգների և Չինաստանի ռեսուրսը կհենվի և՛ տնտեսական, և՛ ռազմական պոտենցիալի վրա, Ռուսաստանի գլոբալ դերակատարումն առավել կհենվի ռազմական պոտենցիալի վրա։
Իհարկե, կլինեն նաև ուժային ավելի թույլ կենտրոններ, համեմատած այս 3-ի, ինչպիսին Հնդկաստանն է, ԵՄ-ն կամ Բրազիլիան, նույնիսկ Թուրքիան և Իրանը, սրանք կլինեն այս եռակենտրոն համակարգը։ Սա իմ կանխատեսումն է, բայց մեկ բան բոլոր տեղերում նույնն եմ նկատել, որ բոլորը նշում են՝ ուկրինական պատերազմից հետո լինելու է նոր Յալթա»,- շեշտեց քաղաքագետը։
Մանրամասնելով՝ Գարիկ Քեռյանն ասաց, որ նոր Յալթա ասելով՝ նկատի ունի 1945 թվականի Յալթայի կոնֆերանսը, որտեղ ֆիքսվեց երկբևեռ աշխարհակարգը։ Հետևաբար՝ հնարավոր է, որ 1945 թվականի կոնֆերանսի նման մի ֆորում լինելու է, նոր աշխարհակարգի հիմքերն են դրվելու։ Ամենայն հավանականությամբ, դա լինելու է եռակենտրոն։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2022 թվականի փետրվարի 24-ին ներխուժել է Ուկրաինա, և սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմը, որը շարունակվում է արդեն 3 տարի։
