Վուչիչը հայտարարել է, որ Մակրոնի հետ հանդիպմանը քննարկել է Ուկրաինայում խաղաղության հնարավորությունը
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ նոյեմբերի 13-ին կայացած 3-ժամյա հանդիպման ընթացքում քննարկել է Ուկրաինայում խաղաղության հասնելու հնարավորությունը, այլ ոչ թե զենքի կամ զինամթերքի մատակարարումները։
Փարիզում կայացած բանակցություններից հետո նա լրագրողներին հայտնել է, որ զրույցը նվիրված է եղել ռազմավարական հարցերին և ապագա քայլերին։
«Մենք խոսեցինք ռազմավարական հարցերի մասին, այն մասին, թե ինչ է մեզ սպասվում առաջիկա շրջանում», – ընդգծել է Վուչիչը։Սերբիայի նախագահը նշել է, որ հանդիպմանը չեն քննարկվել ռազմական մատակարարումները։
«Մենք քննարկել ենք Ուկրաինայում ստեղծված իրադրությունը։ Եվ, հավատաք թե ոչ, մենք չենք խոսել ոչ մի զենքի մասին, չենք խոսել զինամթերքի մասին։ Մենք խոսել ենք խաղաղության և այն մասին, թե երբ և ինչպես կարելի է հասնել խաղաղության։ Դա ինձ մեծ հույս է ներշնչում», – եզրափակել է նա:

