11 ամիսների ընթացքում ՔԿՀ-ում գրանցվել է մահվան 20 դեպք. քանի որ պետական որևէ կառույցի այս թիվն ու մարդկային կյանքը չի հետաքրքրում, Սուրենը կարող է դառնալ 21-րդը. Ռոզա Վարդանյան

Լրագրող Ռոզա Վարդանյանը գրում է. «Անցնող 11 ամիսների ընթացքում ՔԿՀ-ում գրանցվել է մահվան 20 դեպք. քանի որ պետական որևէ կառույցի այս թիվն ու մարդկային կյանքը չի հետաքրքրում, Սուրենը կարող է դառնալ 21-րդը։

Սուրենի մասին գրում եմ արդեն կես տարի՝ մայիսից, երբ այցելեցի իրեն բանտում ու տեսա առողջական վիճակը։ 42-ամյա տղամարդու աջ կողմը լրիվ թուլացած է, ունի ուժեղ ցավեր, ձեռքն անկանոն շարժվում է, հաճախակի ուշաթափվում է (բժշկական գաղտնիքից ելնելով, այլ մանրամասներ չեմ գրում), իսկ ուտելը և զուգարան գնալն օգնում է խցակիցը. այս վիճակով Սուրենը կալանքի տակ է 1.5 տարի։

Սեպտեմբերի սկզբին Սուրենին դատաբժշկական փորձաքննության են տարել, որ պարզեն՝ արդյո՞ք իր առողջական վիճակը կալանքի հետ համատեղելի է։ Երկու ամիս է՝ պատասխան չկա, Սուրենի ցավերն ավելի անտանելի են դարձել, իսկ դատական նիստերին վիճակն այնքան է վատանում, որ պարբերաբար Շտապ օգնություն են կանչում։

Հոկտեմբերի 31-ին հարցում եմ ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն, քանի որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ն այս գերատեսչության ենթակայության տակ է։ Նոյեմբերի 5-ին՝ իմ 3 ծավալուն պատասխան պահանջող հարցին ուղարկել են 5 տողանի պատասխան. «Եզրակացությունը պատրաստ է 05.11-ի դրությամբ և դրա վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ ձևով տեղեկացված է»։

Հիմա եկավ ամենագլխավոր հարցը՝ ո՞ւր է այդ պատասխանը, ո՞ւմ է ուղարկվել 2 ամիս ձգձգվող պատասխանը, եթե այն պետք է առավել քան առաջնահերթությամբ ուսումնասիրվեր, ուղարկվեր կողմերին, հրատապ նիստ նշանակվեր, քննարկվեր խափանման միջոցի հարցը, քանի որ կալանավորի վիճակը ԾԱՆՐ Է, ԾԱՆՐ, հասկանո՞ւմ եք, ամեն պահ կարող է անդառնալի վիճակի հասնել։

Սուրենը և իր փաստաբանը փորձաքննության պատասխանը ՉԵՆ ՍՏԱՑԵԼ։
Գլխավոր դատախազությունը, գործը հսկող դատախազը ՉԻ ՍՏԱՑԵԼ։
Գործը քննող դատարանի աշխատակազմը ՉԻ ՍՏԱՑԵԼ։
Քննչական կոմիտեն կապ չունի, բայց իրենցից էլ եմ ճշտել, ՉԵՆ ՍՏԱՑԵԼ։

Լավ, այս ինչ վերաբերմունք է մարդկային կյանքի հանդեպ, ի վերջո կա՞ այդ պատասխանը, ստացվե՞լ է, որևէ մեկին ուղարկվե՞լ է, սա աբսուրդ է, ես չգիտեմ էլ ում դիմեմ, ինչ անեմ, որ գերատեսչության ու պատկան մարմնին զանգեմ։

Առավոտից «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին եմ զանգում, չկան, մարդիկ չեն վերցնում, Առողջապահության նախարարությանն ու Anahit Avanesyanին չեմ դիմում, որովհետև նախորդ գրառումներս անարձագանք են մնացել, իմաստ չունի։

Տիկին Սրբուհի Գալյան, պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, տիկին Anahit Manasyan , լավ էլ չգիտեմ ում հետ խոսեմ, թողնենք բանտում մահանա՞ կալանավորը, չեմ հասկանում։

Նորից եմ կրկնում՝ բանտերում մահվան թվերի հետևում Սուրենի պատմության նման մարդիկ են եղել, որոնք կյանքն այ այսպես՝ մի կառույցից մյուս կառույցի մոտ է անցել ու լուծում չի գտել։

Կալանավոր Սուրեն Մուրադյանի կյանքի պատասխանատուն դո՛ւք եք, դուք բոլորդ, ովքեր կարող են մի բան փոխել, բայց լուռ նստած են։

Ու հա, ես չեմ խոսում Սուրենի քրեական գործից, չեմ խոսում՝ անմեղ է, թե մեղավոր, ես ասում եմ՝ գնացեք «Արմավիր» ՔԿՀ, մտեք Սուրենի խուց ու տեսեք 20 մահերի իրական պատկերը»։

Տեսանյութեր

Լրահոս