ԱՄՆ դեսպանատնից չեն պատասխանում, թե ինչպե՞ս են վերաբերվում ՀԱԵ շուրջ իշխանությունների մեկնարկած գործընթացներին և ընդդիմադիր շրջանակներին լռեցնելու փորձերին

Դեռ հունիսի 26-ին, երբ Հայաստանում մեկնարկել էր քաղաքական դերակատարների և հոգևորականների հանդեպ թիրախավորման հերթական ալիքը, 168am-ն իրավիճակի առնչությամբ գրավոր հարցադրումներ ուղղեց ՀՀ-ում ԱՄՆ Դեսպան Քրիստինա Քվինին և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին, քանի որ հենց այս դեսպանություններն են պարբերաբար խոսում Հայաստանում բարեփոխումների, ժողովրդավարության առաջընթացի մասին։

Եթե նախօրեին ստացանք ու հրապարակեցինք ԵՄ պատվիրակության գրասենյակի արձագանքը, որով վստահեցնում էին, որ ԵՄ-ն հետևում է Հայ Առաքելական Եկեղեցու և իշխանությունների շուրջ զարգացումներին, ապա՝ «ընդգծում արդարադատության և իրավապահ մարմիններում անկախության, ազնվության և հաշվետվողականության կարևորությունը, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների և հիմնարար իրավունքների, այդ թվում՝ պատշաճ դատավարության պահպանման կարևորությունը», ապա ԱՄՆ դեսպանությունից այդպես էլ որևէ պատասխան չստացանք։

Իսկ մեր գրավոր հարցմամբ ԱՄՆ դեսպան Քվինից մասնավորապես հետաքրքրվել էինք, թե ինչպե՞ս են վերաբերվում ՀԱԵ հոգևորականնների շուրջ ստեղծված իրավիճակին, ՀԱԵ ինստիտուտի շուրջ ընթացող մտահոգիչ գործընթացներին առհասարակ, ինչպես նաև՝ ընդդիմադիր շրջանակներին լռեցնելու փորձերին՝ նկատելով, որ այս իրավիճակում հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ ահազանգում են ժողովրդավարության, մարդու իրավունքների ոտնահարման, կարծիքի ազատ արտահայտման իրավունքի անհնարինության, ապօրինի քրեական հետապնդումների դրվագների մասին։

«Մասնագիտական շրջանակներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ իշխանությունների հրապարակային խոստում-սպառնալիքներին անմիջապես հաջորդում են իրավապահ մարմինների գործողությունները»,- մանրամասնել էինք մեր գրավոր հարցման մեջ։

Կարդացեք նաև

Երբ ուղարկում էինք հարցումը, արդեն իսկ կալանավորվել էին Սամվել Կարապետյանը, Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը, իսկ հարցումն ուղարկելուց հետո՝ հունիսի 27-ին, ուժայինները գնացել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Միքայել արքեպիսկոպոսի հետևից։ Դրան հաջորդեց նաև նրա կալանավորումը։

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանն արդեն խոսում է վեհարանն «ազատագրելու» մասին․ հիշեցնենք՝ պետությունն ու եկեղեցին անջատ են սահմանադրորեն։

Տեսանյութեր

Լրահոս