
ԵՄ-ն հետևում է Հայ առաքելական եկեղեցու և իշխանությունների շուրջ վերջին զարգացումներին և նշում՝ դա Հայաստանի ներքին գործն է

ԵՄ-ն հետևում է Հայ Առաքելական Եկեղեցու և իշխանությունների շուրջ զարգացումներին. վերջին իրողությունների առնչությամբ 168.am-ի գրավոր հարցադրումներին այսպես են արձագանքել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակությունից և մանրամասնել. «Քանի որ սա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, մեղադրանքների հետաքննությունը Հայաստանի իշխանությունների իրավասության շրջանակում է։
ԵՄ-ն ընդգծում է արդարադատության և իրավապահ մարմիններում անկախության, ազնվության և հաշվետվողականության կարևորությունը, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների և հիմնարար իրավունքների, այդ թվում՝ պատշաճ դատավարության պահպանման կարևորությունը»։
Իսկ 168.am-ը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին դեռ հունիսի 26-ին Սամվել Կարապետյանի և Բագրատ արքեպիսկոպոսի կալանավորման դրվագներից հետո գրավոր հարցում էր ուղղել՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե պարոն դեսպանն ի՞նչ տեսակետ ունի Հայաստանի Հանրապետությունում հանրային դերակատարություն ունեցող անձանց ձերբակալությունների ու կալանավորումների, եկեղեցու շուրջ մեկնարկած գործընթացների մասին։
«Հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ ահազանգում են ժողովրդավարության, մարդու իրավունքների ոտնահարման, կարծիքի ազատ արտահայտման իրավունքի անհնարինության, ապօրինի քրեական հետապնդումների դրվագների մասին։
Մասնագիտական շրջանակներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ եվրոպական արժեքներից խոսողի շխանությունների հրապարակային խոստում-սպառնալիքներին են անմիջապես հաջորդում իրավապահ մարմինների գործողությունները,- արձանագրել էինք մե րհարցման մեջ՝ դեսպանից հետաքրքրվելով՝ ինչպե՞ս եք վերաբերվում հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) հոգևորականնների շուրջ ստեղծված իրավիճակին, ՀԱԵ ինստիտուտի շուրջ ընթացող մտահոգիչ գործընթացներին առհասարակ, ինչպես նաև՝ ընդդիմադիր շրջանակներին լռեցնելու փորձերին»:
Ի դեպ այս հարցումն ուղարկելու հաջորդ օրը արդեն՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանավորումից հետո, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրականացվեցին գործողություններ, որին հաջորդեց նաև Շիրակի թեմակալ առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, ինչպես նաև քաղաքական դերակատարների կալանավորումը, և այս ամենն իշխանությունների տարբեր դերակատարների կողմից մեղադրական գրառումների ու հրահանգների ներքո։
Վերջին օրերին արդեն Նիկոլ Փաշինյանը խոսում է վեհարանն «ազատագրելու» մասին։
Նշենք` պետությունն ու եկեղեցին սահմանադրորեն անջատ են։