«Ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի ծանր բեռն իր վրա են վերցրել Մայր Աթոռը և Մեծին Տանն Կիլիկո կաթողիկոսությունը». Հովիկ Ավանեսով
Ադրբեջանն արդեն չի թաքցնում, որ իր կողմից օկուպացված Արցախի Հանրապետությունում պատրաստվում է ամբողջովին ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։
Այս տարվա սկզբին Ալիևի կողմից ստորագրված «Ադրբեջանի Հանրապետության մշակութային հայեցակարգ-2040»-ը, որտեղ Արցախը ներկայացվում է՝ որպես «ազատագրված տարածք», որի «մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի և վերականգնվի», ինչն Արցախի մշակութային ժառանգությունը պետական մակարդակով ոչնչացնելու հայեցակարգ է։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, կովկասագետ Հովիկ Ավանեսովը վստահ է՝ այդ փաստաթղթով Ալիևը հավելյալ հիմք է ստեղծում վանդալիզմի դեպքերը խորացնելու, և այդ ամենը ևս պետք է ահազանգ լինի բոլորի համար։
«Միջազգային հանրությունն իր պահվածքով խրախուսում է Ալիևին՝ բռնադատված Արցախում և ՀՀ այն տարածքներում, որտեղ ապօրինի գտնվում է Ադրբեջանի զորքը, ոչնչացնեն հուշարձանները։ Չկա այնպիսի օր, որ Ադրբեջանը վանդալիզմ չիրականացնի հայկական հուշարձանների նկատմամբ, վերջին թարմ դեպքերից մեկը Վաղուհասի եկեղեցին է, որն Ադրբեջանը ոչնչացրել է։
Նախկինում, երբ վանդալիզմի դեպքերից արբանյակային նկարներ ունեինք մեր ձեռքի տակ, Ադրբեջանը դրանք հերքում էր, բայց այսօր ոչ միայն չի հերքում, այլև հաստատում է։ Ընդ որում, շատ դեպքեր կան, որ ոչնչացման դեպքերը նկարահանվում են պետական հեռուստաընկերության կողմից, որոշ դեպքերում՝ ուղիղ եթերում»,– 168.am–ի հետ իր մտահոգությունը հայտնեց Հովիկ Ավանեսովը։
Նա նշեց, որ որպես մասնագետ՝ գրեթե երկու տասնյակ տարիներ ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը, համոզված է՝ վերջերս Ալիևին շնորհված «Զայեդ» մարդասիրական մրցանակով Ադրբեջանի ձեռքին մեծ «կանաչ խաղաքարտ» դրվեց՝ Արցախի մշակութային ժառանգությունն ամբողջովին ոչնչացնելու համար։ Հետևաբար՝ Արցախում տեղի ունեցող մշակութային ցեղասպանության պատասխանատվությունն ընկնում է ոչ միայն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, այլ այդ մրցանակն Ալիևին շնորհածների, ապօրինի պատվիրակություններ Արցախ ուղարկած երկրների ղեկավարության վրա։
«Ուշադիր հետևեք Ալիևի գործողություններին, կտեսնեք, որ նա ավելի համարձակ է դառնում, երբ ստանում է որևէ երկրի ղեկավարի սատարում կամ մրցանակ։ Երբ Ստեփանակերտում հավաքվեցին իսլամական որոշ պետությունների առաջնորդները, իբրև թե տնտեսական հարցեր քննարկելու համար, այդ ապօրինի կազմակերպված ֆորումից անմիջապես հետո Արցախի տարածքում բռնկվեցին աննախադեպ ծավալի հրդեհներ։ Այդ հրդեհները բավականին մեծ տարածքներ ընդգրկեցին, դրանց հետևանքով ոչնչացվեցին նաև մշակութային հուշարձաններ։ Մեծ մտավախություն ունենք, որ 100-ից ավելի հուշարձաններ կարող են ոչնչացվել»,- հավելեց Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենը։
Նա շեշտեց՝ Արցախից 150 հազարից ավելի հայ է բռնի տեղահանվել, սպանվել, անհետ կորել, սակայն Ալիևի հետ հանդիպումների ժամանակ որևէ երկիր, այդ թվում՝ ՀՀ իշխանությունը, այդ հարցը չի բարձրացնում, որի արդյունքում «Ալիևն ավելի է լկտիանում»։
«Իմ թվարկած խնդրիների հետ կապված՝ Հայաստանում չկա համակարգված պետական մոտեցում, հարցերը մնացել են անհատների ու կազմակերպությունների ուսերին։ Մենք ունենք ոչ նյութական մշակութային ժառանգության հարցեր, որի առաջմղման ծանր բեռն իր վրա է վերցրել Մայր Աթոռը և Մեծին Տանն Կիլիկո կաթողիկոսությունը, եթե այդ կառույցների, սփյուռքի ու մամուլի աջակցությունը չլինի, մենք որևէ արդյունք չենք կարող ակնկալել։ Ստացվում է, որ մենք ֆիդայական շարժման նման մի քայլ ենք նախաձեռնել՝ մեր ինքնությունը պահպանելու համար։
Ինքս չեմ բացառում, որ օրեր անց հերթական ահազանգը կունենանք Արցախում հիմնահատակ ոչնչացված հուշարձանի կամ բնակավայրի մասին»,- նշեց Հ. Ավանեսովը։
Նրա բնորոշմամբ՝ Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի է, մասնագիտացված է ուրիշների քաղաքակրթությունը ոչնչացնելու, յուրացնելու, էթնիկ զտումներ անելու մեջ։



