Եթե Թաթոյանը ստում է, ապացուցեք. մարդը կոնկրետ նկարներով, փաստերով ցույց է տվել, դուք էլ տարեք, ցույց տվեք, որ սուտ է. Հայրապետյան
Տաթև Հայրապետյանը գրում է. «Մուտիտների», ստերի, զրպարտանքների հարցերով մասնագիտացած «Քանդենք պետությունը» կուսակցության ներկայացուցիչներն արդեն մեկ օր է, ինչ որևէ ձևով չեն կարողանում փաստական պատասխան տալ Արման Թաթոյանի կողմից՝ Վարդենիսի ու Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական զորքերի ներխուժման թեմայով հրապարակումներին։
Մարդիկ, ովքեր հայտնի են խաբելով ու գցելով, ասում են՝ սուտ է ասում Թաթոյանը։ Մարդը կոնկրետ նկարներով, փաստերով ցույց է տվել։ Դուք էլ տարեք, ցույց տվեք, որ խաբում է, եթե դա այդպես է։ Ի՞նչ խնդիր կա։ Սուտը կարելի է արագ հերքել, եթե դա իրապես սուտ է։

Ոչ մի ՀՀ քաղաքացի, անկախ իր քաղաքական հայացքներից, չի կարող նորմալ համարել ադրբեջանական զորքերի առաջխաղացումը, առավել ևս՝ երբ հռչակում եք, իբր գնում եք խաղաղության։ Կամ չհռչակեք էլ՝ դա նորմալ չէ։ Դե փաստերով ապացուցեք, որ ինքնիշխանության, անկախության և այլ սիրուն բառերի ներքո քայլ առ քայլ չեք ապահովում ադրբեջանական զորքերի ամրացումը ՀՀ սուվերեն տարածքում։ Թե՞ մենակ խաբելու ու գցելու հարցում եք վարպետ։ Եթե Թաթոյանը ստում է, ապացուցեք։ Դեռևս դաշտում առկա են նրա ներկայացրած ապացույցները։ Դրանց հակափաստարկ այս պահին չկա։ Եթե կա, ՀՀ քաղաքացին դա պետք է տեսնի»։



