ԻՐԱՆ-ԱՄՆ-ԻՍՐԱՅԵԼ. ՊԱՏԵՐԱԶՄ ՕՐ 6-ՐԴ (թարմացվող)
Վեցերորդ օրն է շարունակվում ԱՄՆ–Իսրայել–Իրան պատերազմը, որը օրեցօր ավելի լայն ընդգրկում է ստանում Մերձավոր Արևելքում։ Վերջին օրերին կողմերը փոխանակում են հարվածներ, աճում է ռազմական լարվածությունը, իսկ տարածաշրջանում անվտանգության իրավիճակը շարունակում է կտրուկ վատանալ։
Պատերազմի վեցերորդ օրը նշանավորվում է ինչպես նոր ռազմական գործողություններով, այնպես էլ կոշտ քաղաքական հայտարարություններով։ Միաժամանակ միջազգային հանրությունը փորձում է կանխել հակամարտության հետագա ընդլայնումը՝ կոչ անելով դադարեցնել պատերազմը և անցնել դիվանագիտական բանակցությունների։
Ներկայացնում ենք պատերազմի վեցերորդ օրվա հիմնական և թարմացվող զարգացումները։
Իրանի զինված ուժերը մի քանի ժամ առաջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների դեմ իրականացրել են «Ճշմարիտ խոստում 4» գործողության 19-րդ ալիքը։ Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
***
Ըստ Իսրայելի ՊԲ-ի` հարվածներ են հասցվել Իրանի
▫️ԻՀՊԿ գլխավոր շտաբին,
▫️Հետախուզության վարչության գլխավոր շտաբին,
▫️«Բասիջ» ուժերի գլխավոր շտաբին,
▫️«Քուդս» ուժերի գլխավոր շտաբին,
▫️Ներքին անվտանգության ուժերի գլխավոր շտաբին,
▫️Կիբեռպատերազմի գլխավոր շտաբին:
***
ԱՄՆ Սենատում Հանրապետական կուսակցության անդամները մերժել են բանաձևը, որը կոչ էր անում Միացյալ Նահանգների վարչակազմին արգելել Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումն առանց օրենսդիր մարմնի թույլտվության:
***
Սաուդյան Արաբիան հայտնել է, որ մարտի 5-ին երկրի տարածքում անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։ Այս մասին հայտնում է երկրի Saudi Press պաշտոնական լրատվական գործակալությունը։
«Պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Թուրքի ալ-Մալիքին հայտարարել է, որ Ալ-Ջուֆ շրջանի արևելքում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել և ոչնչացվել»,- ասվում է հայտարարության մեջ՝ առանց այլ մանրամասներ տրամադրելու։
***
Իրանը հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբ-բնակարանի վրա հարվածի մասին, որը մեծ ավերածություններ է պատճառել, հաղորդում է Pars Today-ը։
ԻՀՊԿ-ն նաև հայտնել է Իրաքյան Քրդստանում քրդական խմբավորումների շտաբ-բնակարանների վրա երեք հրթիռային հարվածի մասին։
***
Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են, թե «Իրանից արձակված հրթիռներն ու ԱԹՍ–ները» ընկել են Նախիջևանի օդանավակայանի տարածքում։
Նախիջևանի օդանավակայանում վնասներ են գրանցվել, ինչպես երևում է ադրբեջանական APA լրատվական գործակալության հրապարակած տեսանյութում։
Օդանավակայանի տարածքում այժմ հրդեհ է ։ Նախիջևանը գտնվում է Իրանի սահմանից մոտավորապես 30 կմ հեռավորության վրա։ Սա Ադրբեջանի տարածքի վրա իրականացվող առաջին հարվածն է, իրանական կողմը դեռևս մեկնաբություն չի տվել։

***
ԱՄՆ-ն Իրանի սահմաններից 2000 կմ հեռու հարվածել է իրանական նավին, որը հնդկական նավատորմի հյուրն էր և ուներ 130 նավաստի։ ԱՄՆ-ն կփոշմանի իր ստեղծած նախադեպի համար։
Իրանի ԱԳՆ Արաղչի
***
ԻՀՊԿ-ն Պարսից ծոցի հյուսիսում հարվածել է ամերիկյան նավթատար նավին։
***
Իրանական քուրդ մի շարք ընդդիմադիր խմբավորումներ հերքել են ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները, թե իրենց զինված ուժերը հատել են սահմանն ու մտել Իրանի քրդաբնակ շրջաններ՝ Արևելյան Քրդստան (Ռոժհելատ)։
***
Իսրայելը հարվածել է իրանական Սանանդաջում գտնվող ուսումնական բազային։



