ՀՀ նախագահը և Շվեդիայի նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստը։

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի առայժմ իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն համագործակցության և այն մեծ աշխատանքի համար, որ կատարել է Շվեդիան Հայաստանում՝ հատկապես ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։ Շվեդիան և Հայաստանը քաղաքական երկխոսության և համագործակցության բարձր մակարդակ ունեն բոլոր բնագավառներում։ Վստահ եմ, որ Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում այդ հարաբերությունները ավելի կակտիվանան»,– նշել է նախագահը։

Ըստ աղբյուրի՝ դեսպան Եվա Սունդքվիստը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով. «Ինձ համար մեծ պատիվ է լինել դեսպան Հայաստանում, որը հիանալի երկիր է՝ հարուստ պատմությամբ և մշակույթով։ Մեծ ակնկալիքով եմ սպասում մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը»։

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել վերջին տարիներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուտների կայացման ուղղությամբ ձեռք բերված հաջողությունները։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորում է ստացել մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման և իրավական պետության կայացման գործընթացներին Շվեդիայի ցուցաբերած աջակցությունը։

Նշվում է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջիկա միջազգային նշանակալի միջոցառումներին։ Մասնավորապես, քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի և «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպչական հարցերը։

ՀՀ նախագահը և Շվեդիայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ՝ շեշտելով կայուն և տևական խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։

Երկուստեք շեշտվել է, որ նաև միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ հնարավոր կլինի ստեղծել խաղաղության ամուր հիմքեր, ինչը կնպաստի ողջ տարածաշրջանի կայուն զարգացմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930