Թուրքիան Հայաստանի հետ հարաբերվում է Ադրբեջանի շահերի պրիզմայով․ Մենուա Սողոմոնյան

ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական երկխոսության գործընթացում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Թուրքիայի կողմից հատուկ բանագնաց Սեդար Քըլըչի հետ հանդիպումը տեղի կունենա մոտ օրերս Հայաստանում, երբ ժամանակը գա, հանդիպման վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհայտնեն։

«Օրակարգը ներառելու է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ողջ օրակարգը, կքննարկվեն այն քայլերը, որոնք մինչ այս արվել են, այն քայլերը, որոնք դեռ ընթացքի մեջ են,։

Հայաստան-Թուրքիայի ամբողջ կարգավորման գործընթացը փակ սահմանի բացման և Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է, և, բնականաբար, քննարկումները հիմնականում դրա մասին են։ Երրորդ երկրների կամ դիվանագիտական անձանց համար սահմանի բացման պայմանավորվածությունը չի իրագործվել ոչ մեր մեղքով, բայց հույս ունենք, որ այն կիրագործվի»,- նշել էր Ռուբեն Ռուբինյանը։

Ռուբինյան-Քըլըչ հանդիպման մասին նախօրեին նախ հայտնեցին թուրքական լրատվամիջոցները․ թուրքական NTV-ն, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել էր՝ Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կժամանի «Ալիջան» սահմանային անցակետով:

Կարդացեք նաև

Լրատվամիջոցը մանրամասներ էր ներկայացրել նաև օրակարգից՝ նկատելով, որ այն կարող է ներառել Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները կարգավորելու որոշումների կայացում և նախկինում համաձայնեցված որոշումների իրականացում:

Ավելի ուշ էին պաշտոնական Երևանից հաստատել հանդիպման փաստը։

Քաղաքական ու հանրային տարբեր շրջանակներ շարունակում են թերահավատորեն մոտենալ հայ-թուրքական հաշտեցման հեռանկարին։

Հանրային, քաղաքական գործիչ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով թուրք պաշտոնյայի սպասվող այցին, հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հեռանկարին, նշեց․

«Ես չեմ հավատում հայ-թուրքական այս հեռանկարին, քանի որ այն տեղի է ունենում միակողմանիության ու հարկադրանքի սկզբունքով։ Եթե դրա հիմքում լիներ փոխշահավետությունը, փոխադարձ շահերը հաշվի առնելը, ապա ես կհավատայի այդ հեռանկարին։

Իսկ այժմ Ադրբեջանի բոլոր դիրքորոշումները Թուրքիայի համար դառնում են որպես սեփական դիրքորոշում, այսինքն՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերվում է Ադրբեջանի շահերի պրիզմայով, և բոլոր պայմաններն իր կողմից ապահովում է, որպեսզի ադրբեջանական ճնշումը մաքսիմալ արդյունք տա։

Երկրորդը՝ ինչո՞ւ չեմ հավատում սահմանների բացման և խաղաղ համակեցության հեռանկարի վերաբերյալ Թուրքիայի գործող իշխանությունների անկեղծությանը․ մի քանի օր առաջ նրանք հայտարարեցին, որ շատ մեծ գումարների պրոյեկտ են անում, նոր երկաթուղի են կառուցում, որը Կարսից պետք է գա, միանա Նախիջևանին, որն էլ Հայաստանի տարածքով անցնելով՝ կգնար, կմիանար Բաքվի։

Եթե Թուրքիայի քաղաքականության հիմքում լիներ փոխշահավետության հանգամանքը, ապա նրանք այդ 2․4 միլիարդ եվրոյանոց պրոյեկտի տակ չէին մտնի, այլ 50 միլիոն դոլար կներդնեին Կարսից Գյումրիի երկաթուղու վրա, որը դեռ ցարի ժամանակ է կառուցվել ու այժմ պարզապես հիմնանորոգման կարիք ունի։ Դա կլիներ ապաշրջափակման որոշակի տրամաբանության մեջ, և այդ դեպքում Թուրքիայի իրական մտադրությունները մեզ համար ավելի անկեղծ կլինեին»։

Մենուա Սողոմոնյանը նկատեց, որ պրոյեկտը, որ թուրքերը նախաձեռնել են, քաղաքական նպատակներ ունի, իսկ նպատակը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքն ամեն գնով իրականություն դարձնելն է։

«3-րդ հանգամանքը․ այսպիսի թեզ կա, թե՝ բացենք ու առևտուր անենք։ Եթե խոսքը չի վերաբերում ինչ-որ մանրածախ առևտրային դեպքերի, այլ փոխշահավետ առևտրային գործարքներին, ապա ես չգիտեմ, թե Հայաստանն ի՞նչ ունի առաջարկելու Թուրքիային իր ապրանքների առումով, որը Թուրքիան չունի։

Եթե մեր հիմնական արտահանումը կապված է սննդի, գյուղատնտեսական մթերքների հետ, ապա այդ նույնը Թուրքիան ունի և ավելի լուրջ ծավալներով։ Այսպիսով, հայ-թուրքական առևտրատնտեսական հարաբերությունների առնչությամբ շատ լուրջ պոտենցիալի հավատալու հիմքերը ևս չկան։

Իսկ թե ինչի՞ է գալիս Քըլըչը, ինչե՞րն են տողատակերում, ապա, ըստ իս՝ վաշինգտոնյան գործարքի շրջանակներում ամբողջ գործընթացը ևս մեկ անգամ դետալիզացնելու, համաձայնեցնելու համար»,- ամփոփեց միջազգայնագետը։

Տեսանյութեր

Լրահոս