
Աշխարհում այսօր արձանագրվում է ոչ թե զինաթափում, այլ միջուկային սպառազինության աճ․ ԱԷՄԳ տնօրեն

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին հայտարարել է, որ գլոբալ մակարդակում այսօր արձանագրվում է ոչ թե զինաթափման, այլ միջուկային սպառազինության աճ։ Գրոսսին այս մասին ասել է Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ հանդիպումից հետո։
«Երկրները զարգացնում և ավելացնում են իրենց միջուկային զինանոցները։ Միևնույն ժամանակ միջուկային զենք չունեցող որոշ երկրներ ավելի բաց են խոսում նման ուժ ունենալու հնարավորության, նույնիսկ անհրաժեշտության մասին։ Մեր խնդիրը պետք է լինի խոչընդոտել այդ միտմանը»,– նշել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը։
Գրոսսին ընդգծել է Հռոմի Պապի` զինաթափման կոչերի կարևորությունը՝ նշելով, որ դրանք պետք է վերածվեն կոնկրետ գործողությունների։ Նրա խոսքով՝ սա միջուկային անվտանգության ոլորտում ամենամեծ մարտահրավերն է մինչ օրս։
ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը նաև անդրադարձել է Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանի իրավիճակին՝ նշելով, որ օբյեկտը շարունակում է լուրջ վտանգի տակ մնալ ռազմական գործողությունների հետևանքով։
«ԱԷԿ-ը գտնվում է հենց առաջնագծում։ Այն գրեթե ամեն օր ենթարկվում է ռմբակոծությունների և անօդաչուների հարձակումների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի բազմակի անջատումների։ Հավանականությունը, որ ինչ-որ բան տեղի կունենա, չափազանց մեծ է»,– ասել է Գրոսսին։
Չնայած առկա մտահոգություններին՝ ԱԷՄԳ-ի ղեկավարը նշել է, որ որոշ առաջընթաց արձանագրվել է անցյալում՝ հատկապես 1980-1990-ականներին միջուկային զենքի սահմանափակման ուղղությամբ։
Գրոսսին հուսադրող է համարել այն հանգամանքը, որ Ալյասկայի գագաթնաժողովում երկար դադարից հետո Ռուսաստանը և ԱՄՆ-ն կրկին բարձրացրել են միջուկային զինաթափման հարցը։
Նրա համոզմամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության ուղղությամբ հնարավոր առաջընթացը կարող է մեծացնել նաև միջուկային սպառազինության սահմանափակման հավանականությունը։