ՄԱԿ-ի շուրջ 80 անդամ երկիր դատապարտել է Իսրայելի ծրագիրն՝ ընդլայնելու վերահսկողությունն Արևմտյան ափում
ՄԱԿ-ի ավելի քան 80 անդամ պետություն դատապարտել է Արևմտյան ափի նկատմամբ վերահսկողությունն ընդլայնելու և պաղեստինյան տարածքի որոշ հատվածներ որպես «պետական սեփականություն» գրանցելու Իսրայելի ծրագիրը։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
«Մենք խստորեն դատապարտում ենք իսրայելական միակողմանի որոշումներն ու միջոցառումները, որոնք ուղղված են Արևմտյան ափում Իսրայելի անօրինական ներկայությունն ընդլայնելուն», – փետրվարի 17-ին հայտարարել է ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիյադ Մանսուրը՝ խոսելով 85 անդամ պետությունների կոալիցիայի և մի քանի միջազգային կազմակերպության անունից։
Նա շեշտել է, որ նման որոշումները հակասում են միջազգային իրավունքի շրջանակներում Իսրայելի ստանձնած պարտավորություններին և պետք է անհապաղ չեղյալ հայտարարվեն։
«Մենք վերահաստատում ենք, որ մերժում ենք բոլոր միջոցառումներն՝ ուղղված 1967 թվականից օկուպացված պաղեստինյան տարածքների, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմի ժողովրդագրական կազմի, բնույթի և կարգավիճակի փոփոխմանը», – ասել է նա՝ հավելելով, որ նման միջոցառումները խախտում են միջազգային իրավունքը, խաթարում են տարածաշրջանում խաղաղության և կայունության համար շարունակական ջանքերը և վտանգում խաղաղության համաձայնագրի հասնելու հեռանկարը։
Համատեղ հայտարարությունը ստորագրող կողմերի թվում են Ավստրալիան, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան, Պակիստանը, Ռուսաստանը, Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եվրամիությունը, Արաբական պետությունների լիգան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը։
Ավելի վաղ Իսրայելը որոշում էր կայացրել Արևմտյան Ափի մոտ 60%-ը զբաղեցնող Տարածք C-ում հողերի գրանցման գործընթաց սկսել։ Պաղեստինյան կողմն այս միջոցառումները դիտարկում է որպես Արևմտյան ափի պաշտոնական անեքսիա, որը կխաթարի ՄԱԿ-ի կողմից հավանության արժանացած երկու պետության բանաձևով կարգավորումը։



