Բաժիններ՝

Ժնևում ավարտվել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Ժնևում ԱՄՆ-ի միջնորդությամբ փետրվարի 18-ին մեկնարկած և ընդամենը երկու ժամ տևած բանակցություններն անսպասելիորեն ավարտվել են։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Բանակցություններ էին անցկացվել նաև երեկ՝ փետրվարի 17-ին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ քննարկումները «դժվար» են եղել. նա մեղադրել է Ռուսաստանին չորս տարվա պատերազմը դադարեցնելու համաձայնագրի ուղղությամբ առաջընթացը դիտավորյալ հետաձգելու համար։

«Երեկվա հանդիպումները իսկապես դժվար էին, և մենք կարող ենք ասել, որ Ռուսաստանը փորձում է ձգձգել բանակցությունները, որոնք արդեն կարող էին հասնել եզրափակիչ փուլ», – X-ում գրել է Զելենսկին։

Զելենսկու մեկնաբանություններից մի քանի րոպե անց ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդեց, որ փետրվարի 18-ի բանակցություններն ավարտվել են։

Ռուսական կողմի գլխավոր բանակցող Վլադիմիր Մեդինսկին Ժնևում գտնվող հյուրանոցի նախասրահում, որտեղ ընթանում էին բանակցությունները, լրագրողներին ասել է, որ շուտով կրկին բանակցություններ կանցկացվեն, սակայն նա հստակ ամսաթիվ չի նշել։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Մեդինսկին նաև հայտնել է, որ Ժնևում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները դժվար էին, բայց՝ գործնական։

Ուկրաինացի պաշտոնյան, որի անունը չի նշվում, հաստատել է, որ Ժնևում բանակցություններն ավարտվել են՝ տեղեկացնելով, որ դրանք տևել են «մոտ երկու ժամ»։

Շվեյցարիայում ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղության բանակցությունները մեկնարկել են փետրվարի 17-ին և շարունակվել փետրվարի 18-ին։ Ժնևում հանդիպումները Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների շարունակությունն են, որոնց առաջին և երկրորդ փուլերը տեղի են ունեցել Աբու Դաբիում հունվարի 23-24-ին և փետրվարի 4-5-ին:

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ փետրվարի 17-ի բանակցությունները կենտրոնացած են եղել «գործնական հարցերի և հնարավոր որոշումների մեխանիզմների» վրա։

Այնուամենայնիվ, ռուսական լրատվական գործակալությունները նշում են, որ նախորդ օրվա բանակցությունները «շատ լարված» են եղել և տևել են վեց ժամ՝ տարբեր երկկողմ և եռակողմ ձևաչափերով։

Փետրվարի 17-ի բանակցություններից հետո ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել էր, որ քննարկումները հանգեցրել են առաջընթացի։

Ի դեպ, փետրվարի 17-ին ամերիկյան Axios հարթակին տված հարցազրույցում Զելենսկին ասել էր, որ «արդար չէ», որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային կերպով զիջումների կոչ է անում Ուկրաինային, այլ ոչ թե Ռուսաստանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս