ՄԹ-ում ՀՀ դեսպանությունն առաջին անգամ ընդունելություն է կազմակերպել հայկական բանակի կազմավորման տարեդարձի առթիվ

Լոնդոնի Թագավորական ռազմաօդային ուժերի ակումբում փետրվարի 16-ին անցկացվել է ընդունելություն՝ նվիրված Հայկական բանակի 34-ամյակին և Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատանը պաշտպանության բաժնի պաշտոնական բացմանը:  Այս մասին նշված է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Դեսպանության փոխանցմամբ՝ միջոցառման ընթացքում նաև տեղի է ունեցել Միացյալ Թագավորությունում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Կարեն Մուրադյանի պաշտոնական նշանակումը։

Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարուժան Ներսեսյանն իր ելույթում այս առիթը որակել է որպես պատմական՝ նշելով, որ սա Միացյալ Թագավորությունում հայկական բանակի օրվան նվիրված առաջին ընդունելությունն է:

Դեսպանն ընդգծել է նաև հայ-բրիտանական հարաբերություններում առկա դինամիկան՝ հիշեցնելով երկկողմ կապերը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու պայմանավորվածությունը և երկու դեսպանություններում պաշտպանության բաժինների փոխադարձ բացումը՝ որպես համագործակցության խորացման հստակ ապացույց:

Դեսպանը նաև շնորհավորել է գնդապետ Մուրադյանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ նոր պաշտոնում:

Գնդապետ Մուրադյանն իր հերթին ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող վերափոխման գործընթացը և վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը սպառազինության շարունակական արդիականացման և դիվերսիֆիկացման, Միացյալ Թագավորության և այլ միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման հարցում:

Նա նաև նշել է, որ այս ջանքերն ուղղված են ապահովելու, որ զինված ուժերը ավելի լավ պատրաստված լինեն փոփոխվող անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար: Գնդապետ Մուրադյանը շեշտել է, որ հայկական բանակը մնում է երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և խաղաղության հիմնական երաշխավորը։

Հաղորդվում է, որ ընդունելությանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, դիվանագիտական ​​կորպուսի ռազմական կցորդներ և հայ համայնքի անդամներ։

Տեսանյութեր

Լրահոս