Իսրայելի ԱԳՆ-ն պարզաբանել է Արևմտյան ափի հողերի գրանցման որոշումը
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը մերժել է արաբական երկրների քննադատությունը՝ կապված Իսրայելի կառավարության կողմից Արևմտյան ափի հողերի պետական գրանցման գործընթացը սկսելու որոշման հետ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Իսրայելական կողմի խոսքով՝ սա «վարչական միջոցառում» է՝ ուղղված տեղի բնակիչների իրավունքների պաշտպանությանը։
Մեկնաբանելով Իսրայելի քայլը դատապարտող ութ արաբական և մուսուլմանական պետությունների համատեղ հայտարարությունը՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կարծիք է հայտնել, որ նրանց պնդումները «փաստացի հիմքեր չունեն և դիտավորյալ մոլորեցնող են»։
Իսրայելը մեղադրում է Պաղեստինի ինքնավարությանն Արևմտյան ափում հողային վեճերի համար։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ անօրինական շինարարությամբ զբաղվում է ոչ թե հրեական պետությունը, այլ պաղեստինցիները։
«Հենց Պաղեստինի ինքնավարությունն է խթանում C տարածքում հողերի անօրինական գրանցման ընթացակարգերը՝ խախտելով օրենքը և գործող համաձայնագրերը», – պնդում է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչությունը նաև շեշտել է, որ Արևմտյան ափի հողերը գրանցելու Իսրայելի որոշումը կպաշտպանի բոլոր տեղի բնակիչների՝ թե՛ իսրայելցիների, թե՛ պաղեստինցիների իրավունքները:
«Այս շաբաթ Իսրայելի կառավարությունը հաստատեց վարչական միջոցառում քաղաքացիական և սեփականության իրավունքի շրջանակներում: Այս միջոցառումը նախատեսված է հողերի գրանցման ընթացակարգերը հնարավոր դարձնելու համար՝ ապահովելով իրավական վեճերը լուծելու համար իրավունքների թափանցիկ և մանրակրկիտ պարզաբանում: Այս քայլը պաշտպանում է թե՛ իսրայելցիների, թե՛ պաղեստինցիների սեփականության իրավունքները»,- պնդում է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը:
Փետրվարի 15-ին Իսրայելի կառավարությունը հաստատել է Արևմտյան ափում հողերի գրանցման գործընթացի մեկնարկը։ Սա առաջին նման որոշումն է 1967 թվականից ի վեր, երբ նախկինում Հորդանանի վերահսկողության տակ գտնվող Արևմտյան ափը Վեցօրյա պատերազմից հետո անցել է Իսրայելի վերահսկողության տակ։
Այս քայլը դատապարտվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և ՄԱԿ-ի ավելի քան 80 անդամ պետությունների կողմից։ Միջազգային իրավունքի համաձայն՝ Արևմտյան ափի տարածքները համարվում են օկուպացված, իսկ այնտեղ Իսրայելի բնակեցման գործունեությունը համարվում է միջազգային իրավունքին հակասող։



