Տարօրինակ հայտարարություններ են, դժվար թե ընդունելի լինեն. Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին, թե լավ կլինի երկաթուղու կառավարումը վաճառել երրորդ երկրի
Ռուսաստանի Դաշնությունը կարծես չի ցանկանում ընդունել Նիկոլ Փաշինյանի վերջին առաջարկը հայաստանյան երկաթուղային ցանցը ռուսական վերահսկողությունից դուրս բերելու և երրորդ կողմի հանձնելու մասին: Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում խոսել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը Ռուսաստանի կառավարումից դուրս բերելու և երրորդ երկրի վաճառելու մասին:
Հիշեցնենք, որ վերջին ճեպազրույցներից մեկի ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, թե լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի ՀՀ-ի ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր: Նշենք, որ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի կոնցեսիոն կառավարումը 2008թ․-ին 30 տարի ժամկետով իրականացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը Ռուսաստանի երկաթուղու դուստր ձեռնարկությունն է։
«Մի շարք երկրներում ավելի ծանրակշիռ է դառնում այն կարծիքը, որ Նախիջևանից հետո պետք չի Հայաստանով շարունակել երկաթուղին, քանի որ երկաթուղին գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո։ Կողմնակիցներն ասում են, որ Հայաստանը պետք է շրջանցենք, ու հիմա մենք փաստորեն դիրքերի կորուստ ենք ունենում։ Ռուսաստանի դեմ ոչինչ չունենք, բայց լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի մեր ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր, օրինակ՝ Ղազախստանը, ԱՄԷ-ն, Կատարը»,- ասել է Փաշինյանը։ Այս հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ ԹՐԻՓՓ-ը կապելու է Ադրբեջանը Նախիջևանին՝ այնտեղից շարունակվելով դեպի Թուրքիա և Եվրոպա: Այս մասին օրերս Մյունխենում հայտարարեց Իլհամ Ալիևը, անդրադառնալով ենթակառուցվածքին և բացահայտելով այն, որ երկաթուղին Նախիջևանից չի մտնելու Երասխ, հասնելու է Ախուրիկ (Գյումրի) և հետո՝ Կարս, այլ միայն ծառայելու է՝ որպես Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղի: Եվ, փաստորեն, Փաշինյանը սա բացատրում է այն հանգամանքով, որ երկաթուղին կառավարում են ռուսները:
Մարիա Զախարովան ասաց, որ սրանք տարօրինակ հայտարարություններ են, որոնք, նրա կարծիքով, դժվար թե ընդունելի լինեն։ Նրա խոսքով, Ռուսաստանը պաշտպանում է տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման օրակարգը, որի նպատակով, Զախարովայի խոսքով, շատ բան է արվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։
«Հիշեցնեմ, որ Հայաստանի երկաթուղային ցանցը 20 տարուց ավելի է, ինչ կառավարում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն։ Եվ այս ընթացքում ռուսական ընկերությունը ոչ միայն հետևողականորեն կատարել է կոնցեսիոն պայմանագրի բոլոր պայմանները, այլև՝ դա, հավանաբար, մոռացել են Երևանում, զգալի միջոցներ է ներդրել, ներդրումներ արել։ Բայց որքանով ես հասկանում եմ, ենթակառուցվածքների և շարժակազմի ծախսերը դեռևս չեն արդարացվել։ Այն ապահովում է մեծ թվով աշխատատեղեր, որոնք, իմ կարծիքով, նույնպես պետք է հաշվի առնվեն նրանց կողմից, ովքեր ցանկանում են բարձրաձայնել այս հարցը Հայաստանում։ Ռուսական օպերատորը մի կառույց է, որը չի զրկում հանրապետությանը մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք։ Մեր դիրքորոշումը՝ Հայաստանի խնդրանքով Հայաստանը Թուրքիային և Ադրբեջանին կապող երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ, հստակ արտահայտել է փոխվարչապետ Ալեքսեյ Լոգնովիչ Օվերչուկն այս տարվա փետրվարի 12-ին։ Մենք կպահպանենք այս դիրքորոշումը»,- հայտարարել է Զախարովան։



