Վահագն Խաչատուրյանի «հակառակ կողմը»․ 2015թ. նա պնդում էր՝ ՀԷՑ-ը չպետք է ազգայնացվի, ազգայնացումը կփակի ՀՀ ներդրումների ճանապարհը

Սահմանադրության 123-րդ հոդվածը սահմանում է. «1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է: 2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: 3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով»:

Այս հստակ սահմանումների հետևում, սակայն, Վահագն Խաչատուրյանն է, որի օրը սկսվում և ավարտվում է ինչ-ինչ համաժողովների մասնակցությամբ, շնորհավորական կամ ցավակցական ուղերձներով, հերթապահ այցերով ու հայտարարություններով, հիմնականում ՔՊ-ականների ընդունած օրենքներն ու որոշումները դակելով։

Ինչ խոսք, մեկ-մեկ լինում են նաև լիրիկական զեղումներ, ինչպես, օրինակ՝ միջազգային այս կամ այն պաշտոնյային դաշնամուր նվագելով զարմացնելը։

Պաշտոնյան, որը պետք է լիներ պետության գլուխը, հետևեր Սահմանադրության պահպանմանը, նախընտրում է լռության ուխտ պահել գերլարված իրավիճակներում: Վերջին դրվագը հոգևորականների կալանավորումն էր, Մայր Աթոռում դիմակավորված ուժայինների ներկայությունը, Նիկոլ Փաշինյանի՝ Վեհարանն «ազատագրելու» մասին հայտարարությունները։ Հիշենք՝ պետությունն ու եկեղեցին սահմանադրորեն անջատ են։

Կարդացեք նաև

Բայց սա էլ դեռ ամենը չէ, Վահագն Խաչատուրյանը, որը 2007 թվականին համոզված էր, որ Ղարաբաղի համար պետք է պայքարել, և արձանագրում էր՝ Ղարաբաղն անկախ պետություն է, ընդամենը 15 տարի անց հայտարարեց.

«Արցախը Ադրբեջանի մաս Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է 1991թ.»:

Հենց այս կերպ նա մոռացավ նաև ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին իր կտրուկ հայտարարությունները, որոնք արել էր ընդամենը 10 տարի առաջ։

2015 թվականին, երբ ՀԷՑ-ը պատկանում էր ռուսական ընկերության, երբ այդ ընկերության նկատմամբ հանրային շրջանակներում կար հստակ դժգոհություն ու քննարկվում էր նաև ազգայնացման տարբերակը, Վահագն Խաչատուրյանն իր «կուրծքն էր պատռում»՝ հստակ արձանագրումով, որ ՀՀ իշխանությունները որևէ իրավունք չունեն այդ սեփականության նկատմամբ:

«Դա 2002 թվականին վաճառվել և 2005 թվականին վերավաճառվել է ռուսական ընկերությանը: Ազգայնացումն անընդունելի է,- պնդել էր այն ժամանակ դեռ միայն տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը և շեշտել՝ ՀԷՑ-ի ազգայնացումը կփակի ՀՀ ներդրումների ճանապարհը,- Սա շուկայական տնտեսություն է, բայց մենք վերադարձել ենք կենտրոնացված տնտեսության, ու պետությունը ձեռքը խփի ու ասի՝ աուդիտ, ազգայնացնել և այլն: Սա դիկտատուրա է»։

Եվ ահա օրեր առաջ՝ հուլիսի 8-ին, Վահագն Խաչատուրյանը, որը ժամանակին սեփականատերերի իրավունքների պաշտպանն էր, ստորագրում է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները։

Հիշեցնենք՝ Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հուլիսի 3-ին ընդունել է մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետության վերահսկողության տակ վերցնելուն։

«Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին» օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթն ընդունվել է 65 կողմ, 27 դեմ ձայներով։ ԱԺ արտահերթ նիստում նախագիծը քննարկվել է արագացված ընթացակարգով։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնած փոփոխությունները նախատեսում են ժամանակավոր կառավարչի նշանակում և էներգետիկայի ոլորտում սեփականության վերաբաշխում։ Մասնավորապես, նախատեսվում է կարգավորող հանձնաժողովի կողմից վարչական վարույթի սկսման գործընթաց՝ էներգետիկայի ոլորտի օպերատորի նկատմամբ։ Դրանից հետո հանձնաժողովը կարող է որոշել կիրառել մի շարք միջոցներ, այդ թվում՝ ընկերությունում ժամանակավոր կառավարչի նշանակում։ Եթե օպերատորի լիցենզիան դադարեցվում է, ապա կառավարությունը կարող է առաջարկել ընկերության բաժնետերերին՝ համաձայնեցված կարգով սկսել բաժնեմասերի և գույքի վաճառքի գործընթաց։ Այդ դեպքում կառավարությունը երեք ամսվա ընթացքում կունենա առաջնահերթ իրավունք գնելու նշված գույքը։

Իշխանությունները «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պետականացնելու մտադրության մասին հայտարարել էին այն բանից հետո, երբ ընկերության սեփականատեր, «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին քննադատել էր իշխանությունների՝ եկեղեցու վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները։

Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության զավթման կոչերի համար, և նա կալանավորվել էր երկու ամսով։

Հիշեցնենք նաև՝ 2015 թվականին Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը գնել էր հսկայական պարտքային բեռով, տարբեր շրջանակներ սա նույնիսկ որակել էին բարեգործություն՝ նկատի ունենալով հսկայական ներդրումների ծավալը, որ պահանջում էր ընկերությունը։ Սամվել Կարապետյանն այդ օրերին գնումը համարել էր «բիզնես և հայրենիքին ցուցաբերած օգնություն»՝ վստահեցնելով, որ իրենց ղեկավարման ներքո ընկերությունն ավելի լավը կդառնա։

 

Տեսանյութեր

Լրահոս