
Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանքի դեմ ներկայացրած բողոքը մակագրվել է դատավոր Մնացական Հարությունյանին. Սլավիկ Պողոսյան

Հունիսի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը։
Կալանման որոշումից օրեր անց Դավիթ Գալստյանի պաշտպանները որոշման դեմ բողոք ներկայացրեցին։
Այսօր 168.am-ի հետ զրույցում Դավիթ Գալստյանի պաշտպան Սլավիկ Պողոսյանն ասաց՝ այսօր տեղեկացել են, որ բողոքը մակագրվել է դատավոր Մնացական Հարությունյանին։
«Ընդհանուր առմամբ մենք դատավորի հետ կապված լավ տպավորություն ունենք, լավ կարծիքի ենք, բայց պետք է հաշվի առնենք գործի բնույթը, թե ինչ գործի մասին է խոսքը։ Այս տեսանկյունից շատ ակնկալիքներ չունենք։
Ինչ վերաբերում է ժամկետներին՝ մոտ 15-20 օր տևելու է, դատարանը ժամանակ է տրամադրում բացատրություններ ներկայացնելու, այդ ժամկետը լրանալուց հետո նաև հրապարակման օր է նշանակում։ Չեմ կարող ասել, թե երբ կնշանակի։ Կարճ է ժամկետը, բայց կոնկրետ օր չեմ կարող ասել՝ երբ ստանանք դատարանի կողմից, այդ ժամանակ կարող եմ ասել»,- նշեց Սլավիկ Պողոսյանը։
Փաստաբանը նաև փոխանցեց, որ Դավիթ Գալստյանի հետ տեսնվել են այն ժամանակ, երբ նրա անունից հայտարարություն էին տարածել, այսինքն՝ հուլիսի 1-ին, դրանից հետո Դավիթ Գալստյանի հետ հանդիպում չեն ունեցել։
Նշենք, որ հուլիսի 1-ին Դավիթ Գալստյանը փաստաբանների միջոցով նամակ էր փոխանցել, որը փաստաբանները հրապարակել էին։
«Իմ նկատմամբ իրականացվող այս քաղաքական դրդապատճառով կալանավորումը ոչ թե իրավական, այլ բացահայտ հաշվեհարդար է՝ ուղղված իմ՝ որպես Արցախի Հանրապետության ժողովրդի օրինական ներկայացուցչի ձայնը լռեցնելու նպատակով։ Այս իշխանությունը ժողովրդավարություն է քարոզում, բայց վարվում է բռնապետի պես։ Երբ ձերբակալվում են ոչ միայն քաղաքական գործիչներ, այլև Հայ Առաքելական Եկեղեցու երկու սրբազաններ՝ դառնում է պարզ. սա ընդհանրական հարձակում է մեր ինքնության, հավատքի և արժանապատվության դեմ։ Սա միայն իմ դեմ չէ։ Սա հարված է մեր պետությանը, մեր եկեղեցուն, մեր հոգևոր և ազգային հիմքերին։
Բանտով դուք կարող եք սահմանափակել մարմինը, բայց ոչ միտքը, ոչ կամքը։ Ես տեսել եմ պատերազմ։ Ապրել եմ շրջափակման մեջ։ Բռնի տեղահանվել եմ իմ հայրենիքից։
Եվ դուք կարծում եք՝ բանտով ինձ կլռեցնե՞ք։ Չեք կարող։ Մեր պայքարը չի կարող ավարտվել բանտային պատերով։ Ավելին՝ այստեղ, փակ տարածքում, առավել պարզ են երևում մեր իրականության աղաղակող հակասությունները»,- իր նամակում գրել էր Դավիթ Գալստյանը։
Հիշեցնենք, որ իրավապահները հունիսի 25-ի վաղ առավոտյան խուզարկություններ էին իրականացրել «Սրբազան պայքարի» մի խումբ աջակիցների, այդ թվում՝ պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակարանում, որից հետո Բագրատ սրբազանին և պայքարի մի խումբ աջակիցների բերման ենթարկեցին, ձերբակալեցին, այնուհետև դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորեցին։
ՔԿ հաղորդագրության համաձայն, նրանք պատրաստվել են Հայաստանում իրականացնել «ահաբեկչություն ու իշխանազավթում»։
Նշենք, որ Դավիթ Գալստյանն այս պահին գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։