Հերքման պահանջ՝ ոչ մի բանի մասին. հրապարակային պատասխան՝ Դանիել Իոաննիսյանի հերթական նամակին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը 168.am-ին հերթական հերքման պահանջն է ուղարկել, բայց կրկին չի ասել՝ հատկապես ինչը հերքենք:

Գրեթե 2.5 կես էջից բաղկացած հերքման պահանջի 2 էջը զբաղեցրել է այն հրապարակման շարադրանքը, որը պահանջում է հերքել Դանիել Իոաննիսյանը, իսկ մի քանի տողով շարադրված է բուն հերքման պահանջը, ըստ որի՝ վերջինս պահանջում է պահանջը ստանալուց մեկշաբաթյա ժամկետում տեղեկացնել հերքումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին, հերքումն իրականացնել նույն լրատվամիջոցում, «Հերքում» խորագրի ներքո, հերքման տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, տարածման ժամի առումով էլ այն չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է:

Խոսքը վերաբերում է հունիսի 18-ին 168.am-ում հրապարակված «Դանիել Իոաննիսյանն ինքնամոռաց օգնության հասավ Նիկոլ Փաշինյանին» վերտառությամբ նյութին:

Ընթերցողներին չձանձրացնելու համար Դանիել Իոաննիսյանի պես ողջ նյութը չենք հրապարակի, ակտիվ հղումը տեղադրված է, ցանկացողը կարող է կարդալ, համադրել փաստերը և հասկանալ՝ կա՞ արդյոք այստեղ հերքելու բան, թե՞ ոչ:

Կարդացեք նաև

Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ նյութում պարունակվում են տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, մինչդեռ մենք սոսկ փաստեր ենք ներկայացրել՝ Նիկոլ Փաշինյանի խայտառակ գրառումը ՀԷՑ-ի մասին ու նրա սպառնալիքներն ու դրան հաջորդած Դանիել Իոաննիսյանի արձագանքը՝ կրկին գրառման տեսքով:

Թե Դանիել Իոաննիսյանի հոգու ո՞ր նուրբ լարերին է կպել մեր հրապարակումը, ինքն ավելի լավ կիմանա, իհարկե, բայց որ այս հրապարակումը արատավորում է իր՝ որպես ընտրական պրոցեսների դիտորդի բարի համբավը, իսկապես զավեշտալի է:

Հետո Դանիել Իոաննիսյանն իր դիտորդական փառապանծ գործունեության մասին օրինակներ է նշել, մի բան, որն առհասարակ այս հրապարակմանը վերաբերելի չէ մի պարզ պատճառով. Այս հրապարակումն ընդհանուր առմամբ ընտրությունների մասին չէ, այլ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը սպառնում է ՀԷՑ աշխատակիցներին, իսկ անկախ դիտորդ Դանիել Իոաննիսյանն ըստ էության հաջորդող գրառմամբ արդարացնում դրանք կամ առնվազն չի դատապարտում:

Ու հիմա Դանիել Իոաննիսյանը պահանջում է հերքել… Հարց՝ ի՞նչը, ի՞նչը հերքենք, ո՞ր մասը… Ամբողջ նյո՞ւթը… Այդ դեպքում գոնե պետք է որ հատ-հատ հրապարակվեին խնդրո առարկա հատվածները, մատնանշվեր՝ խնդիրը ո՞ր հատվածի, ո՞ր ձևակերպման հետ է…

Մի խոսքով, կարճ ասած՝ հերքելու բան չկա…

Տեսանյութեր

Լրահոս