
Եթե այսօր ՀԷՑ-ը պետականացրեցին, վաղը նույնը կարող են անել ցանկացած բիզնեսի հետ. Միլենա Գասպարյան

Տնտեսագետ Միլենա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
«ՀԷՑ-ը պետականացնելո՞ւ այսպես ոչ միայն տնտեսության հիմքերին եք հարվածում, այլև խաթարում պետություն-բիզնես վստահությունը…
Թե բա պատրաստ է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը․ նման քայլը ոչ միայն չունի բավարար հիմնավորում, այլև լուրջ վնաս կհասցնի Հայաստանի ներդրումային միջավայրին, բիզնես մթնոլորտին ու պետության միջազգային վարկանիշին։
Սկսենք փաստերից․
1. Ի՞նչ էր ՀԷՑ-ի վիճակը մասնավորեցումից առաջ.
ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կողմից ձեռք բերվեց այն պահին, երբ այն գտնվում էր խորը ճգնաժամում։ Ցանցերը մաշված էին, ֆինանսական կորուստները՝ ահռելի, և պետական ռեսուրսներ պարզապես չկային այս համակարգը վերականգնելու համար։ Հենց այդ պահին պետությունն ընդունեց ռացիոնալ որոշում՝ ՀԷՑ-ը հանձնել մասնավոր կառավարման։
2. Ինչ է տեղի ունեցել դրանից հետո.
Սամվել Կարապետյանը կատարեց ամեն հնարավոր ու անհնարը ՀԷՑ-ը բարելավելու համար. վերազինվել են ենթակայաններ, փոխվել են հազարավոր կիլոմետրեր հաղորդալարեր, ներդրվել են նոր տեխնոլոգիաներ՝ այդ թվում՝ էլեկտրոնային հաշվառման համակարգեր։ Այսօր ՀԷՑ-ը հասույթի մեծ մասը ներդնում է համակարգի շարունակական արդիականացման վրա։
3. Լույսերի անջատումները վերազինման մասն են, ոչ թե վատ կառավարում…
Լուսավորության ժամանակավոր անջատումները հաճախ կապված են կապիտալ վերանորոգման աշխատանքների հետ, ոչ թե կառավարման ձախողման։ Սա նորմալ պրակտիկա է նաև շատ զարգացած երկրներում։
4. Ի՞նչ եք պետականացնելու, եթե խնդիրներ չկան…
Եթե ընկերությունն արդյունավետ է աշխատում, կառավարումը լավ է, և ներդրումները շարունակվում են, ապա ո՞րն է պետականացման անհրաժեշտությունը։ Ո՞րն է իրավական հիմքը։ Կարո՞ղ եք ներկայացնել որևէ փաստացի խախտում կամ ձախողում, որը պիտի ստիպի պետությանը այսպիսի ծայրահեղ քայլի դիմել։
5. Պետությունը կարող է կանգնել միջազգային դատարանի առջև.
Եթե պետությունն առանց իրավական հիմքի փորձում է պետականացնել ընկերություն, որի սեփականատերը իրականացրել է զգալի ներդրումներ, ապա խոսքը գնում է սեփականության խախտման մասին։ Սա իրավական առումով ծայրահեղ վտանգավոր է և 99% հավանականությամբ կհանգեցնի ներդրողի հայցին միջազգային արբիտրաժում, որի ֆինանսական հետևանքները կլինի բազմակի անգամ ավելի թանկ, քան պետության հնարավոր շահը։
6. Վնաս բիզնես-պետություն վստահությանը
Սա հստակ ազդակ կլինի բոլոր ներդրողներին՝ թե՛ հայ, թե՛ օտարերկրյա. եթե այսօր ՀԷՑ-ն են պետականացնում առանց խախտումների, ապա վաղը կարող են նույնը անել ցանկացած այլ ներդրողի բիզնեսի հետ։ Հետևանքը՝ ներդրումների արտահոսք, ֆինանսական վստահության նվազում, աշխատատեղերի կորուստ»։