
44-օրյա պատերազմի օրերին ենթադրյալ 11.000 դասալիքների հարցը Սուրեն Պապիկյանը համարում է ՊՆ շրջանակներից դուրս

168.am-ը հունիսի 13-ին «44-օրյա պատերազմի ընթացքում 11.000 դասալքության մասին Աննա Հակոբյանի հնչեցրած թիվը սո՞ւտ է, թե՞ արտահոսք» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էր հարցի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական պատասխան-գրությունները:
Նույն թեմայով հունիսի 9-ին հարցում էինք ուղարկել նաև ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե 2020 թվականի պատերազմի ընթացքում՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, դասալքության քանի՞ դեպք է արձանագրվել, կա՞ որևէ գրավոր արձանագրություն, արդյո՞ք Աննա Հակոբյանի հնչեցրած 11.000 թիվը համապատասխանում է իրականությանը, ենթադրյալ դասալիքներից քանի՞սն է կանոնավոր բանակից, քանի՞սը՝ ոչ:
ՊՆ-ն արդեն ուղարկել է իր պատասխան գրությունը, որտեղ նշում է.
«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված 2025 թվականի հունիսի 9-ի Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ Ձեր կողմից բարձրացված հարցը դուրս է ՀՀ պաշտպանության նախարարության շրջանակներից»:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ դասալքության մասսայական կամ հիմնական դեպքերը դուրս են եղել կանոնավոր բանակից:
Ըստ էության, Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունը հաստատում է ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի պնդումը, որ «իրականում մասսայական դասալքություն եղել է, բայց պետության վարած քաղաքականությունից, քանի որ համապատասխան քայլեր այդ ուղղությամբ չի իրականացվել, դա Զինված ուժերի խնդիրը չի եղել»:
Այսինքն, հիմնականում դասալքություն եղել է ՄՈԲ ուժերի, պատահական կամավորների, աշխարհազորի շրջանում, որոնք պատերազմից հետո, օրինակ, Նիկոլ Փաշինյանի պաշտպանության համար հավաքվել էին Հանրապետության հրապարակում:
Իսկ այն, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում եղել են զորահավաքի հետ կապված խնդիրներ, դա 2023 թվականի օգոստոսին Քննիչ հանձնաժողովում արձանագրել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ ասելով․ «Եկեք այսպիսի գնահատական տանք՝ զորահավաքային պրոցեսները խնդիր են եղել, լուծումները գտնելու համար լուրջ ուսումնասիրություն է պետք»:
Պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը շեշտել էր, թե դռնփակ նիստին մանրամասնություններ կներկայացնի այս հարցի վերաբերյալ։
Հավելենք, որ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում Պաշտպանության նախարարության լիազորություններին առնչվող հոդված 10-ը, մասնավորապես, սահմանում է, որ այն «վերահսկում է զինված ուժերի և այլ զորքերի մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորահավաքային ռեսուրսների հաշվառման ու հավաքագրման գործընթացը»:
Իսկ թե դասալքության և զորահավաքի վերաբերյալ ի՞նչ է ասել Քննիչ հանձնաժողովում ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, հայտնի չէ:
Մյուս կողմից, գեներալ-գնդապետը 2023 թվականի հունիսի 28-ին տարածած իր հայտարարության մեջ հատկապես շեշտել է.
«Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման միջոցառումները ոչ պատշաճ կերպով կազմակերպելու և իրականացնելու հետևանքով մեր ազգաբնակչությունը շատ տեղերում շրջափակում էր ճանապարհները և արգելափակում ՀՀ տարածքում տեղակայված զորամասերի տեղաշարժը դեպի մարտական գործողությունների շրջաններ։ Ռազմական հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում գործուն միջոցներ չձեռնարկելու պատճառով ձևավորվեց անպատժելիության մթնոլոլտ, որի հետևանքով մարտական գործողությունների շրջաններից զանգվածային փախուստի դեպքեր արձանագրվեցին, ինչը զգալիորեն ազդեց պաշտպանական համակարգի կայունության վրա»:
Նշենք, որ 168.am-ը մի քանի անգամ գրել է, որ 44-օրյա պատերազմի օրերին եղել են նաև դեպքեր, երբ հարազատները փակել են պայմանագրայինների ճանապարհը, որպեսզի նրանք չգնան Արցախ՝ մասնակցելու մարտական գործողություններին, և, որ նման դեպքեր արձանագրվել են Տավուշի մարզում:
Ի դեպ, 2023 թվականին ՀՀ քննչական կոմիտեից մեզ հայտնել էին, որ պատերազմի ժամանակ Տավուշում պայմանագրայինների ճանապարհը փակելու գործն ուղարկվել է դատարան. մեղադրվողները 4-ից դարձել են 3-ը:
Իսկ հունիսի 9-ի մեր հարցման մեջ մենք ՀՀ պաշտպանության նախարարությանն այս թեմայից դուրս մեկ այլ հարց էինք ուղղել՝ «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն օգտվո՞ւմ են ՊՆ հաշվեկշռում առկա օդատրանսպորտային միջոցներից, որքա՞ն է կազմում վառելիքի ծախսը Սյունիքի ուղղությամբ երկկողմանի մեկ ուղևորության համար»:
Պաշտպանական գերատեսչությունը մերժել է տրամադրել հայցվող տեղեկությունը՝ հղում կատարելով «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքին:
Ուշագրավ է, որ, ըստ էության, չի հերքվել փաստը, որ ՊՆ հաշվեկշռում առկա տրանսպորտային միջոցներն են օգտագործվում կրթական արշավի միջոցառումներին մասնակցություն ապահովելու համար, այլապես կհերքվեին և այլ տեղեկություն հայտնելու հարց էլ չէր լինի: