
Արփի Սինանյանը երկրորդ մրցանակի է արժանացել Վարշավայում կայացած օպերային երգիչների միջազգային մրցույթում

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական վոկալ բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Արփի Սինանյանն այս տարվա հունիսի 2-7-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան միջազգային 12-րդ մրցույթին և նվաճել երկրորդ պատվավոր տեղը։
Հեղինակավոր մրցույթին մասնակցել է ավելի քան 80 օպերային երգիչ՝ աշխարհի տարբեր երկրներից։
Մրցույթի 3 փուլերը հաջողությամբ հաղթահարել են Հայաստանը ներկայացնող Արփի Սինանյանը և Ալեքս Դավեյանը։ Հայաստանի ներկայացուցիչները եզրափակիչ փուլում 4 մրցանակակիրների մեջ գրավել են երկրորդ և երրորդ տեղերը։
Մրցույթի արդյունքները վերլուծել և Արփի Սինանյանին որպես «հայտնություն, բացառիկ դրամատիկ սոպրանո, ադամանդ» են որակել ճանաչված երաժշտական քննադատները, ովքեր նշել են 22-ամյա երգչուհու բարդագույն երգացանկը, հասուն կատարումը, բեմական վարպետությունը։
Արփի Սինանյանը Երևանի Կոնսերվատորիայի լավագույն ուսանողներից է և անվանական կրթաթոշակառու։ Սովորել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Օլգա Գաբայանի դասարանում։ Միաժամանակ ընդգրկված է «Երիտասարդ օպերային երգիչներ» ծրագրում և խորացնում է գիտելիքները իր գործի գիտակ, նվիրյալ արվեստագետ Լևոն Ջավադյանի ղեկավարությամբ։
Արփի Սինանյանը մեկ տարի առաջ երկրորդ մրցանակ է նվաճել Իտալիայում կայացած միջազգային մրցույթում։
Նա արմատներով Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից է։