
Սպասվում է երկարատև, ուժերի գերլարումով համաժողովրդական պատերազմ. Արտակ Դավթյան

ՀՀ զինված ուժերի՝ 2021 թվականի փետրվարի 25-ի հայտարարությունից հետո, որտեղ Գլխավոր շտաբը՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, պահանջել էր Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը որոշել էր, որ ԳՇ պետը պետք է համարվի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ընդ որում, նա նախարարին չի փոխարինելու: Թեև ՀՀ սահմանադրությամբ Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է:
168.am–ը մոտ 20 տարվա կտրվածքով այս թեմայի համատեքստում ուսումնասիրություն է հրապարակել: Իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ 2024թ. նոյեմբերին, ՊՆ-ն ներկայացրել է բանակի զարգացման կամ կերպափոխման հայեցակարգը, ինչին անդրադարձել ենք։
Նշենք, որ այն հիմնված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի վրա և մշակվել Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի բացակայության պայմաններում:
ՊՆ-ն բանակի կերպափոխման հայեցակարգի համատեքստում վստահեցրել էր, որ տարածաշրջանում վերջին տարիներին տեղի ունեցած ակտիվ ռազմական գործողությունների արդյունքները և դրանց հաջորդած զարգացումները վկայում են, որ ՀՀ զինված ուժերի՝ նախկին խորհրդային չափանիշների հիման վրա հետագա զարգացման և ՀՀ պաշտպանության կազմակերպման գործում դրանց ադապտացման հնարավորությունները սպառել են:
Այսինքն, ռազմական պլանավորման և պատերազմավարման ներկայումս գործող ձևերի և եղանակների հետագա կիրառման դեպքում ՀՀ զինված ուժերը տեսանելի հեռանկարում չեն կարողանա ապահովել իրենց առջև դրված խնդիրների կատարումը, ուստի անհրաժեշտ է արմատապես վերանայել զինված ուժերի և դրանց հետագա զարգացման վերաբերյալ մոտեցումները, այլ կերպ ասած՝ որդեգրել արևմտյան մոդել: Այլ հարց է, որ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը խնդիր է տեսնում նաև իր իսկ իշխանության ժամանակ մշակված բանակին առնչվող հայեցակարգում:
168.am–ի խնդրանքով ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն անդրադարձել է ՀՀ ԶՈՒ-ի ղեկավարման/կառավարման/ մոդելի փոփոխության խնդիրներին:
– ՀՀ ԶՈՒ-ը կազմավորվել են Արցախյան առաջին պատերազմի ընթացքում և անցել զարգացման դժվար, հակասական, սակայն փառապանծ ուղի, և ԶՈՒ-ի զարգացման ողջ ընթացքում մշտապես քննարկվել է ղեկավարման համակարգի նախընտրելի մոդելը, որը կապահովի ԶՈՒ-ի ղեկավարման և կիրառման արդյունավետությունը։ Ընդհանրապես ռազմական գիտության մեջ դիտարկվում է ղեկավարման երկու մոդել (խիստ պայմանականորեն վերցված, քանի որ նշված մոդելները՝ դպրոցները, ունեն բազմաթիվ բացառություններ և բազմազանություններ)՝ արևմտյան (պայմանականորեն նշենք՝ ՆԱՏՕ-ական) և խորհրդային (պայմանականորեն նշենք՝ ռուսական)։
Երկու մոդելներում, մեծ հաշվով, ռազմական գիտության տեսական հիմքերը նույնն են և համադրելի են միմյանց հետ, տարբերվում են գործնական իրականացման մոտեցումներով, պատմականորեն ձևավորված ավանդույթներով, նյութատեխնիկական հագեցվածության աստիճանով, նորմատիվ-իրավական հարաբերություններով։ Մոդելներից յուրաքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը, և միանշանակ նախապատվություն տալ որևէ մեկին ճիշտ չէ։
ՆԱՏՕ-ական մոդելն առավել արդյունավետ է աշխատում, երբ ԶՈՒ-ը լուծում են լոկալ խնդիրներ՝ հիմնականում իրենց երկրի սահմաններից դուրս, ընդ որում, որպես կանոն՝ տեխնիկապես զիջող և հարաբերականորեն զինված ուժերի նկատմամբ, սահմանափակ ժամանակահատվածում։
Ռուսական մոդելն առավել արդյունավետ է աշխատում պատերազմին նախապատրաստվելու և այն վարելու պարագայում, երբ հակառակորդն ուժեղ է, տեխնիկապես առավել զարգացած, իսկ պատերազմը կարող է լինել երկարաժամկետ և համաժողովրդական։
Այս երկու մոդելների նկարագիրը շատ ընդհանրական և մոտավոր է տրված, որպեսզի ելման կետ ունենանք մեր ԶՈՒ-ի նախընտրելի մոդելի քննարկման համար։ Մեր ԶՈՒ-ի ղեկավարման (կառավարման) մոդելն առավելապես նման է ռուսական մոդելին, սակայն ունեցել է մի շարք առանձնահատկություններ և տարբերություններ՝ պայմանավորված օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով։
Մեր ԶՈՒ-ի ղեկավարման (կառավարման) մոդելը կարելի է անվանել հայկական՝ ռուսական թեքվածությամբ, ընդգրկող ՆԱՏՕ-ական ուղղվածության էլեմենտներ։ Եթե կատարենք պայմանական բաժանում, ապա պաշտպանության նախարարության օղակում գերակշռում է ՆԱՏՕ-ական ուղղվածությունը, իսկ անմիջապես ԶՈՒ-ի ղեկավարման/կառավարման օղակում՝ Գլխավոր շտաբում գերակշռում է հայկականը՝ ռուսական ուղղվածությամբ։
Այս վիճակը մեր ԶՈՒ-ում ձևավորվել է կազմավորման ժամանակից ի վեր, հղկվել տարիների ընթացքում և զուգահեռաբար՝ ԶՈՒ-ի զարգացմանը համահունչ: Այն ցուցաբերել է իր արդյունավետությունը՝ ինչպես մարտական հերթապահության կազմակերպման (ԶՈՒ-ի անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի՝ ՍՌՏ-ի մոտ մեկ երրորդի մշտական մարտական խնդիրների կատարման ընդգրկված պայմաններում), այնպես էլ՝ 2012-2016թթ. առավել ակտիվ դիվերսիոն-հետախուզական գործողությունների, 2016թ.-ի ապրիլյան պատերազմի (ռազմական գործողությունների) ընթացքում և դրան հաջորդած նախապատրաստական ժամանակահատվածում։
– Այս առումով ի՞նչ կասեք 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէր, այլ առկա էր ՆԱՏՕ-անդամ Թուրքիայի ուղիղ մասնակցությունը: Սա մարտահրավեր չէ՞ր մեր զինված ուժերի համար:
– 44-օրյա պատերազմն ապացուցեց առկա ղեկավարման (կառավարման) արդյունավետությունը՝ միաժամանակ ի հայտ բերելով մի շարք խնդիրներ և թերություններ, որն առավել շատ վերաբերում էր պետություն-պաշտպանության նախարարություն, պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ օղակին և ավելի քիչ՝ Գլխավոր շտաբ-զորքեր օղակին։
Ներկայում ակտիվ խոսակցություններ են ընթանում, որ ՀՀ ԶՈՒ-ի ղեկավարման (կառավարման) համակարգում պատրաստվում են իրականացնել և անցնել լիովին ՆԱՏՕ-ական մոդելին, եթե դա այդպես է, ապա դա խիստ մտահոգիչ է հետևյալ նկատառումներից ելնելով՝
– գործող, կայացած համակարգը կարելի է զարգացնել, հղկել, բայց ոչ «քանդել»,
– կենտրոնական ապարատի (գլխավոր շտաբ) սպաներն ունեն բարձր մասնագիտական կարողություններ, որոնք ձևավորվել են 10-15 տարուց ոչ պակաս ծառայության շնորհիվ՝ համապատասխան պաշտոններում (զորքերում ևս ծառայելով 7-10 տարուց ոչ պակաս), և կադրերի կորուստը հնարավոր չի լինի վերականգնել 10-15 և ավել տարում, եթե նրանց կրճատեն և զորացրեն,
– պետության նորմատիվ-իրավական բազան և ԶՈՒ-ի ղեկավարման (կառավարման) գործող կառույցն իրար համապատասխանեցված են (հնարավորինս), և պետք է սկզբից վերանայել այդ բազան, որից հետո նոր միայն կատարվեն փոփոխություններ,
– ԶՈՒ-ի համար գործող նորմատիվ-իրավական բազան (կանոնագրքերը, հրահանգները, ուղեցույցները, հրամանները և այլն) ամբողջությամբ պետք է վերանայվի և փոփոխվի,
– ԶՈՒ-ի սպայական կազմը պետք է վերապատրաստվի,
– Պետության մեջ ղեկավարման համակարգը՝ երկրի նախապատրաստումը պատերազմին, ռազմական դրության և պատերազմի պայմաններում գործողությունների կարգը պետք է
փոփոխվի՝ ելնելով ԶՈՒ-ի ղեկավարման (կառավարման) համակարգի փոփոխություններից։ Իսկ ներկայում պետական և ոչ պետական կառույցներում որոշ չափով կա համագործակցություն և ընդհանուր պատկերացում, որը «բարեփոխումներից» առաջ պետք է վերանայվի,
– ԶՈՒ-ի նյութա-տեխնիկական հագեցվածությունը, շարքային,սերժանտական կազմի մասնագիտական պատրաստվածությունը չի ապահովում ղեկավարման (կառավարման) համակարգի կտրուկ փոփոխությունների դեպքում արդյունավետ խնդիրների կատարում։
Այսինքն, ռազմավարական պլանավորման փաստաթղթերում հստակ պետք է արտացոլել՝ ինչպիսի պատերազմի ենք պատրաստում ԶՈՒ-ին (չքննարկելով երկրից դուրս որոշ խնդիրների կատարումը)։
Հայաստանի համար տեսականորեն վտանգը լինելու է մեր երկու հարևանից (կամ նրանց տարածքից, որը նույնն է), ուստի չմտնելով մանրամասների մեջ, կարելի է գալ եզրահանգման՝ մեզ սպասվում է երկարատև, ուժերի գերլարումով համաժողովրդական պատերազմ, որտեղ բանակը (գործող կազմով) պետք է ապահովի առաջին հարվածների դիմագրավումը և հնարավորություն ստեղծի պետության անցումը ռազմական դրության:
Այս թվարկված գործոնները նման կարևոր հարցում միայն մի մասն են, որի լուծումը շատ բարդ է։ Բնականաբար, բացի թվարկվածներից, այլ գործոններ ևս կան, որոնց անդրադարձ այս պահին չենք կատարի: Բայց հաշվի առնելով վերոնշվածը՝ մեր ԶՈՒ-ի համար առավել արդյունավետ է գործող հայկական մոդելը՝ ռուսական թեքվածությամբ, որը, իհարկե, պետք է հղկվի՝ հաշվի առնելով մեր փորձը 44-օրյա պատերազմում և ներկայում դեռ ընթացող ռուս-ուկրաինական հակամարտությունը։