Փաշինյանն անցնում է գժականի սահմանը. Հայաստանին մեծ հարված է սպասվում դրսից. Արամ Մանուկյան

«Նիկոլ Փաշինյանն իր ապիկարության, ապաշնորհության և կոպիտ սխալի արդյունքում հայությանը համախմբեց Ամենայն Հայոց կաթողիկոսի և եկեղեցու շուրջ։ Փաշինյանն իր սխալների արդյունքում համախմբեց նաև սփյուռքը, հետևապես՝ այժմ ստեղծվում է մի լուրջ բևեռ, որը կարող է հանուն եկեղեցու և պետության՝ դեպքերի զարգացումը տանել երկու սցենարով. կա՛մ գնալ իրավիճակի սրման (Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու թեմերը հայտարարել են, որ պատրաստ են անգամ սրման գնալ), կա՛մ գնալ հանդուրժողականության տարածման, ինչը, սակայն, Փաշինյանը թույլ չի տա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավին ու դրանից բխող զարգացումներին, նման տեսակետ հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

«Այս պայքարը ոչ թե անձի՝ Վեհափառի, այլ եկեղեցու դեմ է։ Փաշինյանի մոտեցումներն ամենևին էլ չեն բխում անկեղծ մտահոգություններից։ Չկա մի այնպիսի վիճակ, որ արժեր հանուն դրա գնալ երկրի ներսում ներքին խժդժությունների հրահրման։ Իմ համոզմամբ՝ Փաշինյանը դա անում է, որովհետև կան մի շարք դրդապատճառներ։

Օրինակ՝ փաստ է, չէ՞, որ եթե Փաշինյանն անցնում է գժականի սահմանը, ուրեմն Հայաստանին մեծ հարված է սպասվում դրսից։ Նա միշտ է այդպես արել վտանգների պահին. Հայաստանին սպառնացող վտանգներից ուշադրություն շեղելու համար է դիմում նման քայլերի։ Դրդապատճառներից հաջորդը հետևյալն է՝ հասարակության մեջ առաջացնել թևաթափ վիճակ, ինչը ներքին վերահսկողություն ունենալու համար լավ միջոց է։

Մեկ այլ պատճառ է այն, որ 2026 թվականի ընտրություններից առաջ Փաշինյանին պետք է հուսահատ Հայաստան. Հուսահատությունը նպաստավոր վիճակ է Փաշինյանի համար։ Ակնհայտ է, որ դրդապատճառների շարքում են նաև Ադրբեջանից Հայաստանի վրա դրված պահանջները։ Փաշինյանն այսպիսով Ադրբեջանի նախագահին ասում է՝ տեսեք, կաթողիկոսը Ժնևում խոսե՞լ է Արցախից, գերիներից, ես հարցերը լուծում եմ»,- իրավիճակի նկարագրությունը ներկայացրեց Մանուկյանը։

Կարդացեք նաև

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի անվտանգությանը սպառնացող խիստ վտանգավոր զարգացումները կանխելու, դաշնակիցներ գտնելու փոխարեն՝ Հայաստանը ներկայացնող անձը խնդիրները տեղափոխել է երկրի ներս՝ պատրաստ լինելով երկիրը տանել քաղաքացիական բախումների։

«Նա դեբոշներ է սարքելու, ախ չի քաշելու. պատրաստ է տանել երկիրը քաղաքացիական բախումների՝ հատկապես, որ իր առաջ քաշած խնդիրն արհեստածին է»,- ասաց Մանուկյանը։

Վերջինս նաև վստահեցրեց՝ առաջիկայում եկեղեցու դեմ սրացումներն ավելի ցցուն կլինեն, որովհետև դրանք հովանավորում է մեկը, որի ուղեղում չկա պետականություն պահպանելու նպատակ։

«Փաշինյանի ուղեղի ծալքերում պետականություն հասկացություն գոյություն չունի։ Սպասվող զարգացուներում կարող է հիմա էլ եկեղեցուն մեղավոր կարգել, ինչպես ավելի վաղ արեց բանակի հետ։ Գիտե՛ք, ամոթ է նրա համար դիվանագիտություն բառն օգտագործել։ Անգրագետ է, թույլ և անզուսպ։ Նա  իր քանդարարություններով շարունակում է ավերել երկիրն այն դեպքում, երբ կանգնած ենք պատմական մարտահրավերների առաջ»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը՝ որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք՝ քաղաքական միավորներին առաջարկելով միավորվել ոչ թե անձի, այլ Հայաստանը փաշինյանական իշխանությունից ազատելու գաղափարի շուրջ։

«Այս անգամ Փաշինյանը չափն անցավ։ Նրան «գցելը» հիմա շատ ավելի հեշտ է լինելու։ Վախենում եմ պարզապես, որ այդ ժամանակ գնա քաղաքացիական բախումների»,- խոսքը շեշտեց ՀԱԿ փոխնախագահը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս