
Ադրբեջանը Փաշինյանին առաջարկում է իր օգնությունը՝ ինչպես հաղթել «սրի և խաչի» միությանը

Վերջերս ԵՊՀ-ում Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմում պարտությունն ազդել է իր իշխանության լեգիտիմության վրա, այսինքն՝ թուլացրել է այն:
«Ես ձեզ հետևյալը ասեմ. 2021-ին գնացինք արտահերթ ընտրությունների, որովհետև ես զգում էի, որ պատերազմից հետո այդ լեգիտիմությունն առնվազն հարցականի տակ է դրված, և ես չեմ կարող շարունակել լինել վարչապետ, եթե համոզված չլինեմ, որ ժողովուրդը դա թույլ է տալիս: Եվ հենց այդ լեգիտիմությունը լուծելու համար է, որ մենք գնացել ենք ընտրությունների»,- ուսանողներից մեկի հարցին ի պատասխան՝ նշել էր նա:
Այլ հարց է, որ սա կարող ենք համարել նաև 44-օրյա պատերազմի արդյունքում և դրանից հետո կատարված, կատարվող և դեռ սպասվելիք իրադարձությունների պատասխանատվությունը ժողովրդի վրա բարդելու ծրագրված քայլ, հատկապես, երբ Փաշինյանը, ըստ էության, չկատարեց 2021 թվականին ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ տված խոստումները կամ որոշ դեպքերում՝ կատարեց ճիշտ հակառակը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 25-ին նա խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին հրավիրել էր խորհրդակցությունների՝ 2021-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով՝ «պատրաստ եմ ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը, և վարչապետի պաշտոնը կարող եմ թողնել միայն ժողովրդի որոշմամբ»:
Իսկ արտահերթ ընտրությունների հստակ օրը որոշվել էր ավելի ուշ՝ 2021 թվականի մարտին 18-ին, երբ Փաշինյանը հասցրել էր ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպել:
Հիշեցնենք, որ դրանից առաջ՝ 2021թ. փետրվարի 25-ին, ՀՀ զինված ուժերը՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, պահանջել էր Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը, վերջինը սա համարել էր ռազմական հեղաշրջման փորձ, և իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը հեռացվեց կամ հեռացավ:
Մենք մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք Օնիկ Գասպարյանի հեռացման պատճառներին և փորձել հասկանալ՝ արդյո՞ք այստեղ նաև արտաքին գործոններ կային, օրինակ, թուրքական սպառնալիք որևէ նպատակով, ինչի իրականացումը թույլ չտալու համար է, որ գեներալը նախընտրել է հեռանալ, հատկապես, եթե հաշվի առնենք Թուրքիայի օպերատիվ արձագանքը ԳՇ հայտարարությանը:
Մասնավորապես, ՀՀ զինված ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից մեկ օր հետո՝ 2021-ի փետրվարի 26-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանում կառավարության փոփոխմամբ պետք է զբաղվի ժողովուրդը, այլ ոչ՝ բանակը։
«Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման։ Երբ բանակը խառնվում է քաղաքականությանը, դա անընդունելի է։ Եթե պետք է փոխել կառավարությանը, ապա դա պետք է անի հայ ժողովուրդը, այդ գործը պետք է թողնել նրան»,- հայտարարել էր նա:
2021 թվականի հունիսի 21-ին արտահերթ ընտրությունները տեղի ունեցան, Փաշինյանը հաղթեց և՛ կիրառելով վարչական ռեսուրս, և՛ մարդկանց պատերազմով վախեցնելով և խաղաղություն խոստանալով, և այլ գործոնների հաշվին:
Ընդ որում, պետք է նկատել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը ևս հետաքրքրված էր, որ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններով ամրապնդի պատերազմից հետո թուլացած լեգիտիմությունը:
Այսինքն, առնվազն անուղղակի կամ հեռակա խորհուրդների միջոցով միջամտել են ՀՀ ներքին քաղաքականությանը և աջակցություն հայտնել Փաշինյանին:
Այս ընթացքում, իհարկե, բանակը չի վերականգնել 44-օրյայի արդյունքում կորցրած դիրքն ու կարողությունները, բայց որպես պետական կարևոր ինստիտուտ, ամեն դեպքում, դեռ մտահոգում է հակառակորդին, որի մասին ժամանակ առ ժամանակ արտահայտվում են:
Բայց տևական ժամանակ է, Ադրբեջանն ու Փաշինյանը թիրախավորել են նաև մեկ այլ ռազմավարական և անվտանգային կարևոր նշանակության ինստիտուտ՝ Հայ Առաքելական եկեղեցին։ Ավելին՝ ադրբեջանական կողմը բաց տեքստով հայտարարել է՝ Հայ Առաքելական եկեղեցին, ինչպեսև ՀՀ բանակը տարածաշրջանի և իրենց համար սպառնալիք են հանդիսանում:
Իսկ վերջին օրերին ադրբեջանական քարոզչամեքենան բացել է փակագծերը և նշել՝ ինչու է Նիկոլ Փաշինյանը պայքարում Կաթողիկոսի դեմ և ինչու Հայ Առաքելական եկեղեցու դիրքերը պիտի ուժեղ չլինեն ՀՀ-ում և դրա սահմաններից դուրս:
Օրինակ, Yeni Müsavat-ին տված հարցազրույցում ադրբեջանցի պատգամավոր Էլչին Միրզաբեյլին ասել է, որ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ եկեղեցին զուտ հոգևոր կամ կրոնական ինստիտուտ չէ, այլ քաղաքական գործիք, որն ազդեցություն ունի հասարակական կարծիքի վրա, ինչպես նաև՝ լավ կապեր արտաքին կենտրոնների հետ: Այսինքն, Հայ Առաքելական եկեղեցին հայ ժողովրդին Սփյուռքի հետ և արտերկրում քաղաքական լոբբիի հետ կապող կարևոր պլատֆորմ է, քանի որ անկախ եկեղեցու հանդեպ հասարակական որոշակի դժգոյություններից, եկեղեցին շարունակում է լուրջ ազդեցություն ունենալ:
Եվ, ըստ պատգամավորի, Փաշինյանի կողմից եկեղեցու «դուրսբերումը» ՀՀ հասարակական-քաղաքական կյանքից, ուղիղ կապ ունի սահմանադրական փոփոխությունների և Նոր սահմանադրություն ունենալու հանրաքվեի հետ: Էլչին Միրզաբեյլին մի կողմից նկատել է, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարը մեկուսացնում է Փաշինյանին, մյուս կողմից նկատել՝ եթե Փաշինյանը հաղթի եկեղեցու դեմ պայքարում, ապա ՀՀ քաղաքական ճարտարապետությունը լիովին կփոխվի:
Այս համատեքստում ադրբեջանցի օրենսդիրը նկատել է, որ հոգևորականներ-«ռևանշիստական» տրամադրություններ ունեցող ընդդիմություն միությունը լուրջ փորձություն կարող է լինել Փաշինյանի համար՝ 2026 թվականի ընտրություններից առաջ: Այսինքն, ըստ նրա, եկեղեցին կարող է ռադիկալացնել առանց այն էլ «ռևանշիստական ուժերը», ընդլայնել նրանց բազան, օգնելով վերածնունդ տալ հին գվարդիային՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին, և ոչ միայն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մերձակա caliber.az-ն էլ, ըստ էության, հաստատել է ադրբեջանցի պատգամավորի այս դիտարկումները և Նիկոլ Փաշինյանի ու թուրք-ադրբեջանական տանդեմի մտահոգությունները, հիշեցնելով ՀՀ երրորդ նախագահի հայտարարությունը. «Չեն հասցնի հրաժարվել Անկախության հռչակագրից. այդ հանրաքվեն չի կայանա»:
Եվ որպեսզի առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանը հաղթի, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, Փաշինյանը պետք է «հանգստացնի» պայքարող հայ հոգևորականությանը, որը լուրջ աջակցություն ունի Սփյուռքում, ինչպես նաև «վնասազերծի» իր քաղաքական հակառակորդներին:
Իսկ այստեղ Ադրբեջանը Փաշինյանին առաջարկում է իր օգնությունը՝ հանձնել իրեն Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ Բաքվում ընթացող «դատավարության» տրամաբանության մեջ, ինչը մեկ անգամ ևս հաստատում է այդ շինծու դատավարության՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության լինելը:
Թե ի՞նչ հանգուցալուծում կունենա եկեղեցի-Փաշինյան պայքարը, արդյոք կունենա՞նք ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նախադեպը, ով հեռացավ՝ թույլ չտալու համար քաղաքացիական պատերազմ, արտաքին սպառնալիքներ, կամ այլ լուծումներ գտնվեն, ցույց կտան առաջիկա զարգացումները: