
Նորմալ ապրում ենք, աշխարհը փուլ չի գալիս. Արարատ Միրզոյանը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին

Հայաստանի և Ռուսաստանի միջև այսօր շատ գործընկերային հարաբերություններ են, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Փորձում ենք անել այնպես, որ թղթով սահմանված ամբողջ ծավալով պարտավորություններն իրար նկատմամբ իրականացվեն, այսինքն՝ ունեցած պայմանագրի լիարժեք իրականացմանն ենք ձգտում»,- նշեց նա։
Միրզոյանի խոսքով՝ պայմանագրից անդին՝ Հայաստանն ու Ռուսաստանը շատ լավ համագործակցում են ԵԱՏՄ-ում, որտեղ Հայաստանը շահավետ համագործակցություն ունի։
«Հիմա սա չի նշանակում, թե ամեն ինչ անամպ է, ամեն ինչ հարթ է։ Կան խնդիրներ, կան էական հարցեր, որոնց շուրջ ռուսաստանցի գործընկերներն իրենց դիրքորոշումը, իրադարձությունների նկատմամբ ընկալումն ու պատճառաբանությունն ունեն, թե ինչու այդպես ստացվեզ։ Մեզ համար ճշմարտությունը բոլորովին այլ է, որի մասին գիտեն ռուս մեր գործընկերները»,- ասաց նախարարը։
Այնուամենայնիվ, Միրզոյանը նշեց, որ նորմալ ապրում են, աշխարհը փուլ չի գալիս։
«Մենք ինչ-որ բանում իրենց մեղքն ենք տեսնում, իրենք՝ գուցե, մեր մեղքը։ Մենք համոզված ենք, որ մենք ենք ճիշտ, բայց սա մի մասն է, որտեղ կան անհամաձայնություններ, բայց կան բազմաթիվ մասեր, որտեղ կա համաձայնություն ու առողջ հարաբերություն»,- հավելեց ԱԳ նախարարը։