
«Բանակցություններում ՌԴ-ն չի շտապում. Էրդողանը փորձում է դերակատարում ունենալ գործընթացներում և օգուտներ քաղել». Գագիկ Հարությունյան

Հունիսի 2-ին Ստամբուլում՝ Թուրքիայի միջնորդությամբ, կայացել է Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններ։
Քննարկումների ավարտին ռուսական պատվիրակությունը ղեկավարող Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Մոսկվան Ուկրաինային առաջարկել է ռազմաճակատի մի քանի հատվածներում կրակը դադարեցնել 2-3 օրով՝ զոհվածների մարմինները դուրս բերելու նպատակով։
Բանակցություններից հետո Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջյու Քեչելին հայտարարել է, որ շուրջ 1 ժամ տևած բանակցությունները բացասական արդյունքով չեն ավարտվել։
Ի՞նչ զարգացումներ ու ավարտ կունենան թուրքական միջնորդությամբ ռուս-ուկրաինական բանակցությունները, Թուրքիայի միջնորդությունը բանակցություններին որևէ առնչություն ունի՞ արդյոք Հայաստանի հետ։
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը, խոսելով այս հարցերի շուրջ, նախևառաջ ասաց, որ այդ բանակցությունների վերաբերյալ շատ չհիմնավորված լավատեսական սցենարներ կան, որոշ առաջընթաց նկատվում է, սակայն ամեն ինչ ցույց կտա բանակցությունների հետագա ընթացքը։
«Այստեղ հետաքրքիր տարր կա. ռուսական կողմը չի շտապում, քանի որ ճակատամարտում ունի շահեկան դիրքեր ու մտադիր է մինչև այս գործընթացի ավարտը լիովին այդ 4 շրջաններն իր հսկողության տակ վերցնել։
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա սա կարևոր խնդիր է, քանի որ Թուրքիան միշտ փորձում է որոշակի դեր ունենալ բոլոր գլոբալ հարցերում։ 2022 թվականին էլ Թուրքիան կարողացավ իր մոտ հրավիրել Ռուսաստանին ու Ուկրաինային, նույնն էլ հիմա է անում։ Էրդողանը ռազմավարական մտածողությամբ անձ է, և նա փորձում է իր դերակատարումն ունենալ բոլոր գործընթացներում և օգուտներ քաղել։ Այստեղ դժվար է ասել՝ Հայաստանի հետ կապված այս միջնորությունը որևէ առնչություն ունի՞, թե՞ ոչ։ Բայց վստահ եմ՝ Թուրքիան այս հանգամանքը ևս հաշվի է առել, թեկուզ որոշիչ չէ, քանի որ այնտեղ կան թուրքական գազամուղներ, նավթի խնդիր, բայց Թուրքիան անպայման դիտարկում է Հայաստանի գործոնը հետագա զարգացումներում,»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գագիկ Հարությունյանը։
Քաղաքագետի բնորոշմամբ՝ Թուրքիան իր վարած քաղաքականությամբ հաստատում է իրեն որպես համաշխարհային միավոր՝ ունենալով իր հեռուն գնացող ծրագրերը, որոնք հերթով իրագործում է՝ «մեծ թուրան» ստեղծելու ուղղությամբ։
«Թուրքիայից եկող այս վտանգը հավանաբար հասկանում են թե՛ Ռուսաստանում, թե՛ Միացյալ Նահանգներում, այդ թվում՝ Իսրայելը։ Բայց Թուրքիան երկակի խաղ է խաղում. սպասարկում է ուկրաինական բանակին և միաժամանակ կարողացել է դառնալ ռուս-ուկրաինական բանակցությունների միջնորդ, սա խոսում է նրանց դիվանագիտության մասին։ Սա դիվանագիտական քայլ է, նաև չեմ բացառում, որ Ռուսաստանը, Թուրքիայում ունենալով գործակալական մեծ ցանց, գուցե այնտեղ իրեն ավելի լավ է զգում։
Նաև չեմ կարող չնշել, որ ռուս-թուրքական հարաբերություններն արտաքնապես ունեն դրական տեսք, բայց իրականում այդպես չէ։ Միայն հիշենք, որ Ռուսաստանը 12 անգամ պատերազմել է Թուրքիայի դեմ և հաղթել է»,- շեշտեց Գագիկ Հարությունյանը։
Նա նաև հիշեցրեց, որ Ռուսաստանը կարողանում է երբեմն նուրբ դիվանագիտական խաղեր խաղալ, այսինքն՝ եթե հիմա լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, դա բոլորովին չի նշանակում, որ վաղը եթե որևէ բան սպառնա իրեն կամ, օրինակ, Ղազախստանին, կարող է շատ կտրուկ գործընթացների անցնել։
«Այդուհանդերձ պետք է ասենք, որ Ռուսաստանը շարունակում է պահպանել իր դերակատարումը, ինչը հասկանում են նաև ԱՄՆ-ում՝ ի դեմս նախագահ Թրամփի։
Չեմ կարծում, որ այս միջնորդության միսիան էապես կարող է ազդել Թուրքիայի քաղաքականության վրա՝ հանդեպ Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ»,- ընդգծեց Գագիկ Հարությունյանը։