Հայաստանի կշիռն օր օրի ընկնում է. տնտեսվարողներն ավելի ու ավելի շատ են բախվում խոչընդոտների. Վարդան Արամյան

Ժամանակին ես ասում էի, որ պետք չէ պարծենալ ոսկու վերաարտահանման հաշվին Հայաստանի տնտեսական աճի բարձր ցուցանիշներով, որովհետև դրանք իրական, արդյունաբերության աճեր չեն։ Ասում էի, և այսօր վերջին եռամսյակային վիճակագրությունը գալիս է իմ ասածը փաստելու. արձանագրվել է արդյունաբերության շուրջ 16 տոկոսանոց անկում։ Ավելին, սրան զուգահեռ՝ մենք չունենք նաև ներդրումների աճ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում, անդրադառնալով Հայաստանի տնտեսական աճի 4.4 տոկոսանոց ցուցանիշին, նման տեսակետ հայտնեց Հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը՝ շարունակելով.

«Վատ լուր ունենք. օտարերկրյա ներդրումները բացասական են. ինվեստիցիոն փողը դուրս է գալիս Հայաստանից. 44 միլիարդի արտահոսք ունենք»։

Ըստ նրա՝ եթե Հայաստանի տնտեսության համար դրական շոկեր չլինեն, ապա կունենանք այս պահին ունեցած 4.4 տկոսանոց տնտեսական ակտիվության ցուցանիշի դանդաղում։

Կարդացեք նաև

«2020 թվականից այս կողմ մենք տեսանք, որ մեր տնտեսության արտահանելի հատվածը գնալով փոքրացավ, մեծացավ ոչ արտահանելի հատվածը, որը, ի դեպ, սնվում է արտածին գործաններով։ Այդ գործոնները, սակայն, գնալով չեղարկվում են, հետևաբար՝ փոքրանալու է նաև ոչ արտահանելի հատվածը»,– ասաց Արամյանը։

Նրա խոսքով՝ չունենալով անվտանգային երաշխիքներ՝ մենք կանգնել ենք մի իրավիճակի առաջ, որ Հայաստանը ոչ միայն գրավիչ չէ օտարերկրյա ներդրողների համար, այլ նաև մեր տնտեսվարողներն են հայտնվել շատ վատ վիճակում, օրինակ՝ այդ վիճակում են կոնյակագործները Վրաստանի ճանապարհով իրենց ապրանքն արտահանելիս։

«Սա խոսում է այն մասին, որ մեր պետության կշիռը գնալով ընկնում է։ Կրկնում եմ՝ Հայաստանի կշիռն օր օրի ընկնում է. տնտեսվարողներն ավելի ու ավելի շատ են բախվում խոչընդոտների։ Պատկերացրեք՝ նման քաղաքականության պարագայում բացվում է նաև հայ-թուրքական սահմանը և ՀՀ Կառավարությունը չի իրականացնում ծրագրեր իր տնտեսվարողներին պաշտպանելու համար։

Արդյունքում՝ ունենալու ենք մի վիճակ, որ հայ տնտեսվարողը ստորադասվելու է թուրք տնտեսվարողին և դուրս մղվի շուկայից»,– խոսքը եզրափակեց Հանրային ֆինանսների կառավարման միջագային խորհրդատուն։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս