Սրանք հոգևոր բորոտներ են. եկեղեցու վրա հարձակվում է սատանան, իսկ սա սատանայի ծառան է, իր ավերն է անում. Տեր Ահարոն քահանա Մելքումյան

Նիկոլ Փաշինյանը և ՔՊ ողջ թիմը շարունակում է թիրախավորել Հայ Առաքելական եկեղեցին ու հայ հոգևորականությանը՝ ընդհուպ անձնական վիրավորանքներ հնչեցնելով նրանց հասցեին։ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում շարունակում է գրառումներ կատարել այս կամ այն հոգևորականի վերաբերյալ՝ դրանք չմոռանալով համեմել սաղմոսներով։

Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանի այս արարքների պատվիրատուն Ադրբեջանն է։

«Հիշեցնեմ՝ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի, դրան հետևեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ պետք է փոխվի։ Փաշազադեն հայտարարեց, որ «Առաքելական եկեղեցին վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղությանը», դրանից հետո այստեղ այս հրեշը հարձակվեց մեր եկեղեցու վրա։ Հիմա որպեզի տեսնենք, թե սա որտեղից է կառավարվում, պետք է տեսնենք, թե ձայնը որտեղից է գալիս, այս ձայնը գալիս է Ադրբեջանից։ Այնտեղ խոսում են, սա այստեղ վերարտադրում է։ Հայ ազգը թող հետևություն անի, թե որտեղից է այս երկիրը կառավարվում և այս թշնամին, որը ՀՀ ղեկավարն է, ով է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Տեր Ահարոն քահանա Մելքումյանը։

Նա հիշեցրեց՝ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ պահպանել է հայի ինքնությունը, պետականությունը։ Հետևաբար՝ այդ եկեղեցու վրա հարձակումն արդյո՞ք հարձակում չէ հայի ինքնության, տեսակի ու արժեքների վրա։

Կարդացեք նաև

«Պատմության մեջ մենք տեսնում ենք, որ Առաքելական եկեղեցին եղել է հայապահպան, անկրկնելի մի կառույց, որի գլուխը Քրիստոսն է։ Այս մարդը հարձակվել է ոչ միայն եկեղեցու, այլև Քրիստոսի, Աստծո վրա։ Շատ եմ ասել, այժմ էլ կրկնում եմ՝ եկեղեցու վրա հարձակվում է սատանան, իսկ սա սատանայի ծառան է։ Երբեմն տեսնում եմ՝ Աստվածաշնչից մեջբերումներ է անում, սատանայից լավ որևէ մեկն Աստվածաշունչ չգիտի, նրանից լավ պահք պահող էլ չկա, որովհետև ո՛չ ուտում, ո՛չ էլ քնում է։

Մեկ բան հիշեցի՝ ճգնավորներից մեկը իր խցից դուրս է գալիս ու տեսնում, որ սատանան ծառին նստած ոտքն է քորում, հարցնում է՝ այս ինչպե՞ս է, որ դու պարապ ես, ասում է՝ մարդիկ իմ գործն ինձնանից լավ են անում։ Հիմա սատանայի այս ճուտը սատանայի նման իր ավերն է գործում։ Մենք լավ տեսնում ենք, թե սա ինչ է անում»,-հավելեց հոգևորականը։

Նա նաև ասաց, որ հոգևորականի կյանքը հոգևոր պատերազմ է, որևէ մեկը դա չի պատկերացնում, իսկ պատերազմում և՛ վիրավորվում են, և՛ ընկնում։ Նա այս համատեքստում նաև մեկ բան հիշեցրեց՝ մի կին գնում է քահանայի մոտ ու ասում, թե երազին Քրիստոսին է տեսել։ Քահանան կնոջն ասում է, եթե մեկ անգամ էլ տեսնի, թող հարցնի քահանայի մեղքերի մասին։

«Մեկ ամիս հետո կինը նորից այցելում է քահանային ու ասում, թե երազին նորից Քրիստոսին է տեսել։ Քահանան հարցնում է՝ իմ մեղքերի մասին հարցրեցի՞ք, կինը պատասխանում է, որ հարցրել է, սակայն Քրիստոսն ասել է, որ քահանայի մեղքերը չի հիշում։

Տեր Ահարոն քահանա Մելքումյանի բնորոշմամբ՝ զրպարտելը մահացու մեղք է համարվում, իսկ օրվա իշխանություններն ամեն օր այդ մահացու մեղքի մեջ են եղել։ Մարդկանց իրենց գործերից են ճանաչում՝ Արցախի կորուստը, հազարավոր երիտասարդների արյուն թափելը, հազարավորների տնավեր անելը, թուրքին ՀՀ սահմանից ներս կանգնեցնելը, այս ամենի տակից ինչպե՞ս են դուրս գալու։

«Որևէ հայ դավաճան մինչև այսօր իր մահով չի մահացել, Հուդան՝ վկա։ Սա սատանա է, հայի թշնամուն է ծառայում։ Սրանք թշնամի են, և պարզ է, որ այդ թշնամին պետք է հարձակվի այն կառույցի վրա, որը մեզ պահպանել է, սրանք նզովյալներ են»,- ընդգծեց Տեր Ահարոն քահանա Մելքումյանը։

Տեսանյութեր

Լրահոս