Աշոտ Սիմոնյանի տնից 2-3 թուղթ են տարել. «Հրապարակ»
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբներում, մասնավորապես` Աշտարակում, ինչպես նաև` Դաշնակցության գերագույն մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանում։ «Հրապարակ»-ը տեղեկացել է, որ խուզարկությունները սկսվել են վաղ առավոտյան՝ 08.00-ից եւ մոտ մեկ ժամ պատգամավորի բնակարանում ինֆորմացիայի կրիչներ, գումար եւ ցուցակներ են փնտրել, սակայն ինչպես Աշոտ Սիմոնյանը մեզ հայտնեց, տանից ընդամենը երկու-երեք թուղթ են տարել․
«Դրանք կապ չունեին այս ընտրությունների հետ, նախորդ երեք ընտրությունների վերաբերյալ վերլուծություններ էին՝ 2018, 2021 թվականի ԱԺ արտահերթ եւ ՏԻՄ ընտրությունների, հավանաբար իրենց հետաքրքիր էր»: Պատգամավորը «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնել է` ենթադրում է, որ շտաբներում անցկացված խուզարկություններն էլ իր գործունեությամբ է պայմանավորված, թե ինչում են կասկածում իրեն եւ կա՞ արդյոք հարուցված վարույթ, պատգամավորն ասաց, որ տեղյակ չէ։



