Եթե ամեն իշխանություն սահմանի զինվորական ծառայության ժամկետ, ապա զինված ուժերում կայունություն չի լինի՝ դրա բոլոր հետևանքներով. Մարտիկ Մարտիրոսյան

Մայիսի 27-ին «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նիստում, որը վարել էր Նիկոլ Փաշինյանը, քննարկվել էին բանակի բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր, այսինքն՝ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենսդրական փաթեթը:

Եվ քանի որ այն դժգոհություն է առաջացրել նաև իշխանական շրջանակներում, այսօր ՀՀ պաշտպանության նախարարը գնացել է ԱԺ՝ ՔՊ պատգամավորների հետ փակ հանդիպման, որը տևել է մի քանի ժամ:

Իսկ մինչ այդ 168.am-ը նշված թեմայով զրուցել է զինվորական և քրեական գործերով փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանի հետ:

«ՀՀ կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է պետական վճարի դիմաց էականորեն կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետները։

Կարդացեք նաև

Նախ հարկ եմ համարում նշել, որ, իրապես, զորակոչի անցկացման և զինված ուժերի համալրման հարցերում կան խնդիրներ՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարումը, այլ պետության տարածքում երեխա ունենալը, արհեստականորեն առողջական խնդիրներով ազատվելը. սրանք զինվորական ծառայությունից ազատվելուն ուղղված երևույթներ են, որոնք առկա են: Բայց հարցն այն է, որ նախագծով առաջարկվող տարբերակները լուծումներ կամ արդար լուծումներ չեն բերելու»,- նշեց նա:

168.am գրել է , որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հատկապես մտահոգում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով ՀՀ քաղաքացիությունից հրաժարումը, նա զորակոչի համատեքստում խոստացել էր լյուստրացիա՝ «մի երևույթ կա, երբ ՀՀ քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի չծառայի, այս առումով պետք է լյուստրացիա սկսենք մեր շրջապատում, դիմել եմ նաև վարչապետին, որ նմանատիպ պրոցես սկսենք պետական կառավարման համակարգում»:

Մարտիկ Մարտիրոսյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիություն ընդունած անձը չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, բացառությամբ, եթե այլ պետությունում մի տարի ծառայել է:

«Եթե 20 տարեկանից բարձր անձը ՀՀ քաղաքացիություն ընդունելու դեպքում ազատվի զինվորական ծառայությունից առանց որևէ վճարի, ապա մի շարք ազգությամբ հայեր ձեռք կբերեն ՀՀ քաղաքացիություն, և նրանց երեխաները, մշտապես բնակվելով ՀՀ-ում, կծառայեն ՀՀ զինված ուժերում։ Օրինակ, ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին բազմաթիվ հայեր ցանկանում էին ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն, բայց եղան դեպքեր, որ հենց նրանց հաշվառեցին պահեստազորում և անմիջապես կանչեցին վարժական հավաքների, ինչից հետո շատերը հրաժարվեցին ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու և ՀՀ-ում մշտապես բնակվելու մտքից։ Դրա համար անհրաժեշտ է ազգությամբ հայերին ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում ազատել ՀՀ զինված ուժերում ծառայելու պարտականությունից, կարծում եմ, մեծ թվով հայրենակիցներ կվերադառնան, և դա երկարաժամկետ հաշվարկում միայն կօգնի զինված ուժերին, քանի որ նրանց երեխաները կծառայեն»,- մանրամասնել է նա:

Թեմայի համատեքստում զինվորական և քրեական գործերով փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը հարկ համարեց ուշադրություն հրավիրել մի քանի հանգամանքի վրա:
«Առաջին, պարբերաբար խստացվում են առողջական վիճակով պայմանավորված պիտանիության աստիճանները, որը մարդկանց մոտ դժգոհություն է առաջացնում։

Առկա են մի շարք հիվանդություններ, որոնց առկայության դեպքում նախկինում զինապարտը ճանաչվում էր ոչ պիտանի, ներկայում՝ պիտանի (օրինակ՝ նախկինում լեղապարկի բացակայության դեպքում անձն ազատվում էր զինվորական ծառայությունից, ներկայում՝ ոչ միշտ)։ Սա մի զորակոչի համար կարող է թիվ ապահովել, բայց մարդկանց մոտ վախեր է առաջացնում։

Երկրորդ, պարտադիր ժամկետային ծառայության իմաստը զինվորական մասնագիտության ուսուցումն է և ոչ թե մարտական հերթապահության ներգրավումը։

Պարտադիր ժամկետային զինծառայողներին մարտական հերթապահության մեջ ներգրավումը պայմանագրային զինծառայողների պակասի հետևանք է։

Անհրաժեշտ քանակով պայմանագրային զինծառայողներ ունենալու համար առաջին հերթին պետք է էականորեն բարձրացնել զինծառայողների աշխատավարձը և այլ արտոնությունների եղանակով բարձրացնել ծառայության գրավչությունը։

Իհարկե, մարտական հերթապահությունը բարձրացնում է զինվորի գործնական գիտելիքները, բայց այն գործնական ուսուցում չի կարելի համարել, քանի որ այն հստակ ռիսկեր է պարունակում. թշնամու հետ կարող են մարտի մեջ մտնել: Միաժամանակ չէի ասի, որ ժամկետայինի մարտական հերթապահության իրականացումը սխալ է իրավական տեսանկյունից, քանի որ զինծառայողների պարտականությունների հետ այն համատեղելի է:

Երրորդ, ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան և այլ հանցագործությունների կամ դժբախտ պատահարների դեպքերը մեծ հիասթափություն և տագնապ են առաջացնում զորակոչային տարիքի երեխաներ ունեցող ընտանիքներում և այլն»,- մանրամասնեց նա:

Այստեղ, ըստ փաստաբանի, կարևոր է հասկանալ, որ զինվորական իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրության հաճախակի փոփոխությունները բացասական երևույթ են։ Այսինքն, վերը նշված կարևոր փոփոխությունը կատարելու համար նախ անհրաժեշտ է խորը համոզվածություն, որ այն համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը, երկրորդ՝ փոփոխությունները երկարաժամկետ կյանք կունենան։

«Օրինակ, եթե ամեն իշխանություն սահմանի զինվորական ծառայության ժամկետ, ապա զինված ուժերում կայունություն չի լինի՝ դրա բոլոր հետևանքներով»,- եզրափակեց նա:
Նշենք, որ ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչությունը ներկայացրել էր իրավական փորձաքննության արդյունքները, որտեղ նշվում է, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության մի քանի հոդվածների տեսանկյունից: Ավելին, այսօր ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ կդիմի ՍԴ, եթե շրջանառության մեջ դրված օրենսդրական փաթեթը մնա նույն տեսքով:

Իսկ 168.amգրել է՝ առաջարկվող օրենսդրական փաթեթը Հայկ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան մաքուր նախընտրական գործողությունների պլան է:

Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ փակ հանդիպումից հետո ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշել է, որ որոշվել է առավելագույն լավարկել փաթեթը: Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի մանիպուլյատիվ քաղաքականությունը՝ պետք է սրա հետ կապված զարգացումներին ուշադիր հետևել:

Տեսանյութեր

Լրահոս