
Ես չե՛մ հավատում, չե՛մ ընդունում, չե՛մ համակերպվում այն խաղաղության հետ, որը կլինի ժողովրդի նվաստացման գնով․ Գրիգոր Ջանիկյան

1918 թվականի այս օրը՝ մայիսի 28-ին, հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել պետականությունը․ հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը: Հանրապետության հռչակումը հնարավոր եղավ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի շնորհիվ։
«Առաջին Հանրապետության մեծագույն դասը հայրենասիրությունն ու հայրենավիրումն է, հայրենիքն ամեն ինչից վեր դասելը, հայրենիքի համար ոչինչ չխնայելը ու հայրենիքի հավերժությանը հավատալը»,- 168․am-ի հետ զրույցում Առաջին Հանրապետության թողած արդիական դասերին անդրադառնալով՝ նշեց հրապարակախոս, արձակագիր Գրիգոր Ջանիկյանը։
Գրիգոր Ջանիկյանն ի հավելումն՝ շեշտեց, որ եթե մենք հայրենիքի հավերժությանը չհավատանք, այն կկորցնենք։
«Իսկ այժմ տեսնում ենք, որ հայրենիքը սահում է մեր ոտքերի տակից՝ իր՝ հետզհետե սեղմվող սահմաններով»,- ցավով արձանագրեց հրապարակախոսը։
Դիտարկմանը, թե այսօր իշխանության առաջին խոսափողը՝ Նիկոլ Փաշինյանը, վստահեցրել է, որ «մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության», ապա նաև հիշեցրել՝ «29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է», հրապարակախոսն արձագանքեց․ «Հայրենիքը յուրաքանչյուր հայի սրտում անսահման է․ այն իրականություն է, որը կիլոմետրերով չի չափվում։ Ինձ համար հայրենիք է թե՛ Արևելյան, թե՛ Արևմտյան Հայաստանը, թե՛Սևանը, թե՛ Վանը․․․։ Չի՛ կարելի հայրենիքը չափել կիլոմետրերով ու մետրերով»:
Գրիգոր Ջանիկյանը չի հավատում նաև իշխանությունների կողմից ամեն օր թմբկահարվող խաղաղությանը՝ նկատառմամբ, որ ժողովրդից թաքցնում են այդ «խաղաղության» պայմանները։ Ըստ նրա՝ եթե թշնամու պարտադրած պայմաններն իրավահավասար լինեին, այդ մասին կբարձրաձայնվեր։
«Ես չե՛մ հավատում, չե՛մ ընդունում, չե՛մ համակերպվում այն խաղաղության հետ, որը կլինի մեր երկրի անկախության, տարածքային ամբողջականության և ժողովրդի նվաստացման գնով։ Ես հավատում եմ իրավահավասար խաղաղությանը, իսկ քանի որ իշխանությունները համառորեն թաքցնում են հայ-ադրբեջանական պայմանավորվածության կետերը, ուրեմն նրանք ժողովրդին տանում են ոչ իրավահավասարության, ոչ արժանապատվության ճանապարհով»,- ամփոփեց մտավորականը։
Ի դեպ, այսօր Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիրից ուղղված իր ուղերձում վերահաստատել էր․ «Հայաստանի Հանրապետության ուղեկիցը պետականակենտրոն ինքնագիտակցությունն է, աշխարհի գիտելիքահենք իմացությունը, զարգացումն ու ժողովրդավարությունը։ Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ։ Պատերազմ չի՛ լինելու, լինելո՛ւ է խաղաղություն»։