Այս նախագծի դեմ հանրային մեծ ընդվզում կա, հարցը պետք է ՀՀ օրակարգից դուրս բերվի. Գեղամ Մանուկյանը՝ Հայկ Սարգսյանին

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում պետք է քննարկվեր «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած այլընտրանքային զինծառայության վերաբերյալ օրենքի նախագիծը։ Սակայն նիստի սկսվելուց անմիջապես հետո հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը հայտարարեց՝ նիստը հետաձվում է։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը տարակուսեց՝ շեշտելով, թե անհասկանալի է, որ նիստը 2 րոպե հետո է չեղարկվում, հատկապես, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ շենքում է գտնվում։

«Մեզ համար խիստ անհասկանալի է, որովհետև իշխանության համար պարզ էր, որ այսօրվա քվեարկության արդյունքում հանձնաժողովում նախագիծը ստանալու էր բացասական եզրակացություն։ Նաև հասկանալի էր, որ հանրային մեծ ընդվզում կա, և տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ, ընդհուպ՝ ՄԻՊ-ը, տվել են իրենց բացասական եզրակցությունը։ Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի այդ հարցն ընդմիշտ ՀՀ օրակարգից դուրս բերենք։ ՀՀ զինված ուժերը բոլորինն է, բոլորը պարտավոր են ծառայել, պետական մարմինները պարտավոր են արմատախիլ անել կոռուպցիան, բայց բոլորը հայրենիքի նկատմամբ ունեն նույն պարտականությունը՝ անկախ սոցիալական ու տարբեր կատեգորիաներից»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորին հակադարձեց օրենքի նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը՝ շեշտելով՝ հանրության լայն շերտերը ոչ միայն ընդունում են օրենքի նախագիծը, այլև կա մեծ սպասում։

Կարդացեք նաև

«Սփյուռքի հայերը, ՀՀ-ում բնակվողները սպասում են օրենքի նախագծի ընդունմանը, ինչն իր հետ բերելու է ներգաղթի, հետախուզման մեջ գտնվող հայրենակիցների վերադարձ, արտագաղթի կանխում։ Այն դրական ցուցիչները, որոնք ես պարբերաբար նշել եմ և պարբերաբար պատրաստվում եմ նշել նաև հետագայում։ Ցավում եմ, որ օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է, քանի որ դրա մեկ օր շուտ ընդունելը կանխելու է Հայաստանից արտագաղթը։

Մենք հետամուտ պետք է լինենք, որպեսզի մինչև առաջիկա զորակոչի օրը՝ հուլիսի սկիզբ, օրենքն ընդունվի 2 ընթերցումներով և մտնի օրինական ուժի մեջ»,- նշեց Հայկ Սարգսյանը։

Արձագանքելով՝ Գեղամ Մանուկյանն իշխանական պատգամավորին հիշեցրեց՝ նախորդ տարի օրենսդրական նախաձեռնությունն ընդունվել է, բայց թվերն այսօր բոլորովին այլ բանի մասին են խոսում։

ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ հավելեց, որ նախագիծն իսկապես որակական փոփոխություններ է բերում անվտանգային համակարգին։

«Այն միտված է ավելի ուժեղացնել անվտանգային համակարգը, կան մի շարք դիտարկումներ, իրարամերժ դիտարկումներ, որոնք պետք է մանրամասն քննարկվեն, որից հետո անցնենք առաջ»,- նշեց Արմեն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն, մեկ ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում պետբյուջե վճարել 24 մլն դրամ, 6 ամսվա դեպքում՝ 5 մլն դրամ:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին խորհրդարանն ընդունել էր Հայկ Սարգսյանի հեղինակած մեկ այլ նախագիծ՝ կրկին ժամկետային զինծառայության՝ 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց վերաբերյալ։

Ըստ նախագծի՝ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տրվում է հնարավորություն ազատվել քրեական պատասխանատվությունից․ առաջին՝ երկու տարի ծառայելով, երկրորդ՝ մեկ տարի ծառայելով և պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ, երրորդ՝ վեց ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 5 միլիոն դրամ, չորրորդ՝ մեկ ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 8 միլիոն դրամ, հինգերորդ՝ զինվորական ծառայության փոխարեն՝ պետական բյուջե վճարելով 15 միլիոն դրամ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս