Թուրքիայի բանակում ներդրված համակարգը, բանակի ընկալումը փոխելու Փաշինյանի հրահանգը և Հայկ Սարգսյանի օրենսդրական փաթեթը. Ո՞ւմ վրա կմնա պատասխանատվությունը

Մայիսի 20-ին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախատեսված էր «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած օրենսդրական նախաձեռնությունների փաթեթի քննարկումը, որի ընթացքում կարող էր պարզ դառնալ նաև ՀՀ պաշտպանության նախարարության դիրքորոշումը, սակայն հարցի քննարկումը հետաձգվել էր, հատկապես, որ Հայկ Սարգսյանը ցանկանում էր, որ իր օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը մտնի Կառավարության նիստերի օրակարգ, ստանա դրական եզրակացություն և նոր միայն Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվի:

Ամեն դեպքում, նախքան նիստի փակումը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Հայկ Սարգսյանից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք ՀՀ պաշտպանության նախարարությունը գրավոր իր դիրքորոշումը հայտնել է, ինչին իշխանական պատգամավորը պատասխանել էր.

«Կառավարության բոլոր անդամների կարծիքները կան, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության: Բայց ավելի լավ է, թող իրենք ներկայացնեն: Ընդհանուր առմամբ, դրական է կառավարությունը…»:

Կարդացեք նաև

Եվ ոչինչ, որ ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչությունը ներկայացրել է իրավական փորձաքննության արդյունքները, որտեղ նշվում է, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության մի քանի հոդվածների տեսանկյունից: Ըստ այդմ՝ եկել են այն եզրահանգման, որ օրենսդրական փաթեթը ենթակա է լրամշակման և լրացուցիչ հիմնավորման: Հնարավոր է՝ սա հնարավորություն տա ընդդիմադիր պատգամավորներին Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելու:

Իսկ մայիսի 22-ին, ինչպեսև ցանկանում էր իշխանական պատգամավորը, բանակին առնչվող շրջանառության մեջ դրված օրենսդրական փաթեթը Կառավարության նիստում քննարկման է դրվել, հավանության արժանացել, այն ներկայացրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Այնուհետև նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ իրենց կողմից որոշ փոփոխություններ են առաջարկվել, որոնք ընդունելի են պատգամավորի համար, ինչը, ըստ էության, վկայում է, որ դրանք շրջանառության մեջ դրված պետական վճարով բանակից ազատվելու կամ կրճատ ժամկետով ծառայելու էությունը չեն փոխում:

Ի դեպ, մայիսի 22-ի Կառավարության նիստի ժամանակ, որից օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով կարճատև արձակուրդ գնացած Նիկոլ Փաշինյանը բացակայել է, Կառավարության մյուս անդամները, սակայն, Սուրեն Պապիկյանին բավականին հարցեր են ուղղել՝ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Եվ եթե արտաքին գերատեսչության ղեկավարի հարցին, թե ինչո՞ւ վերջնական որոշվեց պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը սահմանել 32 տարեկանը՝ 27-ի փոխարեն, Պաշտպանության նախարարը մեսիջային պատասխան է տվել՝ «սա նրա համար է, որ ուսումնական հաստատությունների միջոցով կեղծ գիտնականներ չունենանք, ովքեր 27 տարին լրանալուն պես ազատվեն ծառայությունից», ապա Ֆինանսների նախարարի հարցին տրված պատասխանում, թերևս, կարելի է նկատել որոշակի անվստահություն Նիկոլ Փաշինյանի «դաբրոյով» շրջանառության մեջ դրված օրենսդրական փաթեթի ճակատագրի հետ կապված:

Ավելի կոնկրետ, երբ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն առաջարկեց ճկունություն դրսևորել վճարների սահմանման հարցում, այսինքն՝ մտածել այնպիսի կարգավորումներ, որ յուրաքանչյուր զորակոչի նաև վճարների փոփոխություն հնարավորություն լինի անել, Սուրեն Պապիկյանն առաջարկեց այս պահին օրենսդրական փաթեթին կյանք մտնելու իրավունք տալ, սպասել առնվազն 1 տարի, որից հետո, երբ պատկերը, բացթողումները տեսանելի կլինեն, մտածել այլ լրացումների մասին:

Թե որքանո՞վ է սա Սուրեն Պապիկյանի սրտով, այն առավել ամբողջական պարզ կդառնա (այստեղ կարող են լինել ազնիվ մղումներ զորակոչի գործընթացի և մարդկային ռեսուրսի ապահովման տրամաբանության մեջ, հատկապես, երբ բանակում չծառայելու համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու արատավոր երևույթի մասին պաշտպանության նախարարը վաղուց է խոսում, բայց մի խնդիր լուծելու համար, մենք կարող ենք մի շարք այլ խնդիրների բախվել), թերևս, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Նշենք, որ մայիսի 26-ին առավոտյան 9-ին հանձնաժողովում նախատեսված է իշխանական պատգամավորի առաջարկած օրենսդրական փաթեթի քննարկումը: Հնարավոր է՝ այս անգամ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցի նիստին:

Բայց հարց է՝ արդյո՞ք դրան ներկա կլինի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով մայիսի 22-26-ը ԱՄՆ-ի Դեյթոն քաղաքում մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին:
Հարկ է նկատել, որ իշխանական շրջանակները կամ հենց իշխանությունները որոշակի շտապողականություն են դրսևորում բանակին առնչվող այս նախագծերի փաթեթին օրենքի ուժ տալու առումով, ինչի մասին, թերևս, վկայում է նաև քննարկման ժամը: Սպասենք զարգացումներին:

ՀՀ իշխանությունները չեն մանրամասնում, թե միջազգային ի՞նչ փորձ են ընդօրինակել, ո՞ր երկրի փորձն են կիրառում: Մենք էլ չենք կարող այս առումով որևէ կոնկրետ պնդում անել: Մյուս կողմից, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նմանօրինակ սխեմա կա Թուրքիայի բանակում: Այստեղ չպետք է փնտրել որևէ ակնարկ, ի վերջո, ՆԱՏՕ անդամ բոլոր երկրների բանակներում ներդրված համակարգերին չենք կարող ծանոթ լինել: Սակայն մի բան հստակ է՝ ցանկացած փորձի ընդօրինակման դեպքում համալիր կերպով պետք է հաշվի առնել սեփական երկրի խնդիրներն ու առանձնահատկությունները և ընդդիմախոսների տեսակետները:

Ի դեպ, անցած տարի մի առիթով Նիկոլ Փաշինյանը հայտարարել է .

«Բանակի ընկալումը, ընդհանուր առմամբ, շատ կողմերով և տեղերով պետք է կերպափոխվի, այդ թվում՝ բանակի ֆունկցիոնալ նշանակության առումով, և բանակը պետք է հստակ մեր քաղաքական և ռազմավարական ընկալումների շրջանակում տեղավորվի, այդ թվում՝ տարածաշրջանային իրադրության և խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ»:

Մինչդեռ ՀՀ սահմանադրության մեջ շատ հստակ սահմանված է ՀՀ զինված ուժերի ֆունկցիան:

Թե որքանով այս օրերին քննարկման առարկա դարձած օրենսդրական գաղափարը կհանգեցնի ՀՀ զինված ուժերի ֆունկցիոնալ նշանակության փոփոխությանը, ժամանակը ցույց կտա, բայց բանակի ընկալումը հաստատ հանրության շրջանում փոխվելու է կամ փոխվածն ամրապնդվելու:

Տեսանյութեր

Լրահոս