Փաշինյանի հակասահմանադրական պահանջը՝ փոխել բանակի ֆունկցիոնալ նշանակությունը
«Россия сегодня» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի վերազինմանը և Հնդկաստանի, Ֆրանսիայի կողմից սպառազինության մատակարարմանը, ինչպես հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությանը, և նշել, որ իրենց մտահոգում է այս ամենը:
168.am-ը մանրամասն վերլուծություն է ներկայացրել Ադրբեջանի պահանջների, դրանց հիմնավոր լինելու և ՀՀ իշխանությունների՝ դրանց կատարել-չկատարելու վերաբերյալ, ուստի չենք անդրադառնա դրան: Միայն նշենք, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրը և Հայաստանի զինվելն անհամատեղելի են:
Իսկ Նիկոլ Փաշինյանը փոխանակ արձագանքեր Ալիևի մեղադրանքներին, որոնք ոչ այլ ինչ են, քան հնարավոր սադրանքի համար հիմքերի ստեղծում, բայց որի պատասխանատու կարգվելու են Հայաստանը և նրա «հովանավորողները»՝ ի դեմս Ֆրանսիայի, կառավարության այսօրվա նիստի ժամանակ նա հերթական անգամ լեգիտիմացնում է ադրբեջանական պահանջները և, ըստ էության, ոչ լեգիտիմ խնդիր դնում բանակի առջև:
«Վերջերս Անվտանգության խորհրդի նիստում քննարկել և հավանություն ենք տվել բանակի կերպափոխման հայեցակարգին: Եվ կարծում եմ, որ պետք է կերպափոխվի ոչ միայն բանակը, այլև հանրության վերաբերմունքը բանակի նկատմամբ: Սա այն դեպքն է, երբ խոսույթը իրականությունից, ցավոք, շատ դեպքերում կտրված է և տարբերակված: Կարծում եմ, որ բանակի ընկալումը, ընդհանուր առմամբ, շատ կողմերով և տեղերով պետք է կերպափոխվի, այդ թվում՝ բանակի ֆունկցիոնալ նշանակության առումով, և բանակը պետք է հստակ մեր քաղաքական և ռազմավարական ընկալումների շրջանակում տեղավորվի, այդ թվում՝ տարածաշրջանային իրադրության և խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ։ Այդ համատեքստում մենք հստակ ասել ենք, որ ՀՀ միակ խնդիրը միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է՝ հարակից որոշակի մեկնաբանություններով»,– հայտարարել է Փաշինյանը:
Այսինքն, նախ արձանագրում ենք, որ բանակի կերպափոխման հայեցակարգը, ըստ էության, բավարարում է Փաշինյանի քաղաքական պահանջները և տեղավորվում է նրա խաղաղության օրակարգում, ուստի պատահական չէ, որ, ինչպես գրել է 168.am-ը, Բանակի կերպափոխման հայեցակարգում կան անհստակություններ, անվտանգային միջավայրի վերաբերյալ հստակ որևէ գնահատական չկա՝ որտեղի՞ց են այդ սպառնալիքները, և «Սանձահարում/Զսպում» հայեցակարգից անցում է կատարվել հակառակորդից պաշտպանվելու հայեցակարգի, լավագույն դեպքում, ինչն իր հերթին թույլ է տալիս ենթադրելու, որ պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին իշխանական և հայեցակարգային վստահեցումները չեն համապատասխանում իրականությանը: Սա՝ առաջին:
Երկրորդ, Նիկոլ Փաշինյանն ավելի հեռու է գնում և բաց տեքստով հայտարարում է՝ պետք է փոխել բանակի ֆունկցիոնալ նշանակությունը, որը գոնե այսօրվա դրությամբ հակասահմանադրական է, և հանրությունը պետք է ընդունի և ընկալի այդ կերպափոխումը: Այսինքն, ՀՀ քաղաքացիները պետք է համակերպվեն, որ բանակն իրենց չի պաշտպանելո՞ւ, եթե դրա համար անհրաժեշտ եղան հակահարձակողական և հարձակողական գործողություններ կամ նույնիսկ հակառակորդին զսպելու գործողություններ, չի իրականացնելո՞ւ:
Եվ սա այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմից հետո առանց այն էլ հանրության վերաբերմունքը ոչ դեպի լավը փոխվել է բանակի, հրամանատարների և գեներալների նկատմամբ, ու փոխարենը Փաշինյանը մտածի այդ վստահությունը վերականգնելու մասին, ճիշտ հակառակ էֆեկտն է ուզում ստանալ կամ խորացնել այդ անվստահությունը, որ հանրությունը բանակին դադարի տեսնել անվտանգության առաջնային գործոն և երաշխիք:
Գեներալներն ու սպաները հա՞շտ են այս իրողության հետ, Փաշինյանը և նրա կառավարությունը հիմա արդեն ադեկվատ որոշումնե՞ր են կայացնում հայ ժողովրդի համար ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում, այլևս հանդուրժելի՞ են գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սահմանի «հատումները», հատկապես այն զինվորականության համար, որոնք 2021 թվականի փետրվարի 25-ին պահանջում էին Փաշինյանի հրաժարականը և դեռ մնացել են Զինված ուժերում:
Իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վաղուց չեն զարմացնում, ով սեփական բանակի դեմ «հաղորդում է» տվել և տալիս։
Եվ այս պայմաններում աբսուրդ է, երբ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Նիկոլ Փաշինյանը դժգոհում են հանրության վերաբերմունքից առ բանակ և զինվորական ծառայություն, ինչն առաջին անգամ չէ։
Իսկ Պապիկյանը կառավարության այսօրվա նիստի ընթացքում, մասնավորապես, հայտարարել է, թե մեկ տարի տարեկետման ընթացքում պետք է տեսանելի դառնա՝ արդյո՞ք զինակոչիկի հիվանդությունը բարդանում է, թե՞ ոչ։
«Լինում են հիվանդություններ, որոնք հնարավոր են այդ մեկ տարվա ընթացքում բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա այդ շահագրգռվածությունը՝ առողջությունը վերականգնել։ Սա բերում է նրան, որ մեկ տարվա տարեկետումն ավելանում է ևս մեկ տարով, և մեր գնահատմամբ՝ սա մի յուրօրինակ սողանցք է զինվորական ծառայությունից խուսափելու համար»,- շարունակել է պաշտպանության նախարարը:
Ի դեպ, բոլոր ժամանակներում էլ նման դեպքեր եղել են, ապացույցը նաև այսօրվա իշխանության մեջ չծառայածների թիվն է:
Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը ևս չի ծառայել բանակում՝ անկախ նրանից՝ օրինակա՞ն, թե՞ ոչ օրինական, խնդիրը բանակի նկատմամբ վերաբերմունքի մասին է:
Իսկ եթե այսօր իրավիճակը սրվել է զորակոչի կազմակերպման և համալրման առումով, երբ առանց այն էլ մարդկային ռեսուրսի խնդիր կա, ապա դրանում առաջին հերթին երկրի ղեկավարությունն իրեն պիտի մեղադրի և պատճառները տեսնի նաև վերևում նշված իրողությունների և, մասնավորապես, վերջին 6 տարիներին բանակի շուրջ ստեղծված միջավայրի մեջ:
Ի դեպ, նոյեմբերին ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր.
«Զորակոչը շարունակում է մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներից մեկը հանդիսանալ, մենք սրա մասին պիտի բարձրաձայն խոսենք։ Մի երևույթ կա, երբ ՀՀ քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի չծառայի։ Այս առումով պետք է լյուստրացիա սկսենք մեր շրջապատում, դիմել եմ նաև վարչապետին, որ նմանատիպ պրոցես սկսենք պետական կառավարման համակարգում: Իմ կարծիքով, պետական պաշտոնյան պիտի իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլև իր մերձավոր շրջապատի, հարազատների զավակները հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից: Այդ երևույթը կա, ցավալի ցուցանիշներ կարող ենք արձանագրել: Պետք է մենք բարոյական հենքի վրա մեզ հետ առերեսվենք, և ինձ համար վատ տենդենցի դեմը վերջապես առնենք»:
Այդ ժամանակ մենք մեր հոդվածում նշել էինք, որ իրականում վատ բան չի ասում պաշտպանության նախարարը՝ հաշվի առնելով զինված ուժերում մարդկային ռեսուրսի խնդիրը:
Մենք միաժամանակ նկատել էինք՝ այլ հարց է, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն արդյո՞ք լյուստրացիա կանի վերը նշված անձանց հետ կապված, ինչպես նաև՝ ՔՊ-ականների առողջական խնդիրների, թե իրականում որքանո՞վ էր նրանց խանգարելու դա ծառայել, թեկուզև՝ ոչ մարտական հերթապահությամբ։
Անցել է մեկ ամիս, և լյուստրացիային առնչվող որևէ տեղեկություն չի շրջանառվել մամուլում: Գուցե Սուրեն Պապիկյանը լյուստրացիա արե՞լ է:
Մի բան պարզ է, որ ադրբեջանական բանակում և հասարակության մեջ խորքային խնդիրներ կան, և էական չէ, որ իրենք հաղթել են, բայց Ալիևը երբեք հրապարակային չի վարկաբեկել իր բանակն ու հասարակությունը, հրապարակավ քննարկման առարկա դարձրել առկա ներքին խորքային խնդիրները:
Այն դեպքում, երբ Ադրբեջանում ևս հասարակական պահանջ կա նվազեցնելու ժամկետային ծառայության ժամկետը, ինչը վերջին օրերին ակտիվ քննարկվում էր Ադրբեջանում, սակայն երկրի ղեկավարությունը գտավ, որ դրան հիմա պատրաստ չեն:
Իսկ Նիկոլ Փաշինյանին և Սուրեն Պապիկյանին բազմաթիվ հարցեր կան, օրինակ՝ որքանո՞վ են այսօր 44-օրյա պատերազմով անցած ու իրենց լավ դրսևորած սպաները, զինվորներն այսօր մասնակից բանակում կարևոր որոշումների կայացմանը կամ ընդգրկված ռազմական կրթության ոլորտում, ինչին որոշել է գնալ Ռուսաստանի նախագահը, կամ՝ ինչո՞ւ հանրության հասանելի չեն դարձնում դասագրքային այն հերոսությունները, որոնց մասին խոսվում էր 2020 թվականի պատերազմի օրերին, ինչո՞ւ են ավելի շատ դասալքության և փախուստների մասին խոսում:
Այս թեմային առանձին կանդրադառնանք, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ՌԴ ղեկավարության որոշումների և 44-օրյա պատերազմում Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղած դասերի և բանակի նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի: