Աննա Հակոբյանը հաղթեց Նիկոլ Փաշինյանին և Կարեն Անդրեասյանին. իր ընկերուհին անձեռնմխելի է

Հունիսի 13-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ), քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց մերժել այն:

«Հարկ ենք համարում նշել, որ միջնորդության ներկայացման համար հիմք է հանդիսացել այն, որ դատավորը վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել և վճռի օրինակը դատավարության կողմերին տրամադրել է օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ, ինչի առնչությամբ Խորհուրդը, հաշվի առնելով դատավորի կյանքում տեղի ունեցող անձնական բացառիկ հանգամանքները, մասնավորապես դատավորի որդու՝ 44-օրյա պատերազմում սխրագործությամբ հայտնի, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր Գևորգ Արշակյանի՝ պատերազմում հերոսանալու դեպքը, դատավորի հոր մահվան վշտի հանգամանքը, արձանագրում է, որ դատավորը տևական ժամանակ գտնվել է հոգեբանական ծանր վիճակում, ինչի հետևանքով չէր կարող կանխել սահմանված ժամկետի խախտումը»,- ի խորոց սրտի ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:

168.am-ը դեռևս այս տարվա փետրվարի 23-ին էր գրել, որ Նաիրա Հվսեփյանի գլխին կարգապահական վարույթի տեսքով սև ամպեր են կուտակվել, սակայն դրանք կցրվեն «Կարեն Անդրեասյան փրոդաքշընում»: Նաիրա Հովսեփյանը մշտապես է ուշացրել դատական ակտերի տրամադրումը կողմին, սակայն հերթական բողոքին ընթացք տրվեց, որովհետև այդ ժամանակ արդեն Կարեն Անդրեասյան-Նաիրա Հովսեփյան երբեմնի ջերմ հարաբերությունները ճաքեր էին տվել: Ինչպես ասում են, զանգ ընկերոջը՝ տվյալ դեպքում՝ Գրիգոր Մինասյանին, և Նաիրա Հովսեփյանի վերաբերյալ վարույթն արդեն ԲԴԽ-ում էր:

Մինչ կվճռվեր վարույթի ճակատագիրը, ապրիլի 30-ին 168.amտեղեկացրեց, որ Նաիրա Հովսեփյանն աշխատանքից ազատվելու երկու դիմում էր գրել՝ մեկը՝ ԲԴԽ-ից, մյուսը՝ Վճռաբեկ դատարանից ազատվելու:

Կարդացեք նաև

Կարեն Անդրեասյանն ամեն ինչի մասին հոգացել էր. Նաիրա Հովսեփյանը վաղուց իր և ԲԴԽ-ում, մասնավորապես, ոչ միայն կոկորդում էր՝ իր ոչ այնքան ադեկվատ պահանջներով, իսկ օգտակար գործողության գործակիցն էլ զրոյական էր՝ չհաշված բաղձալի կարգապահական տույժի ներքո ստորագրելը: Սակայն Կարեն Անդրեասյանի անվան ԲԴԽ-ում այլևս այդ խնդիրը չկա, և ով էլ լինի հերթական անդամը, միևնույն է, ստորագրելու է Գրիգոր Մինասյան-Կարեն Անդրեասյան զույգին չբավարարող դատավորի լիազորությունները դադարեցնելու որոշման տակ: Այնպես որ, Կարեն Անդրեասյանին, մեր տեղեկություններով, հաջողվել էր Նիկոլ Փաշինյանին համոզել՝ ազատվել Նաիրա Հովսեփյանից:

ԲԴԽ-ից նրան հաջողվեց դուրս մղել Աննա Հակոբյանի ընկերուհուն, իսկ ահա ՎՃռաբեկ դատարանից՝ ոչ:

Բայց Կարեն Անդրեասյանի քաշը չհերիքեց, որ նաև կարգապահական վարույթով պատժի դատական ակտերի տասնյակ ուշացումներ ունեցող, բայց, օրինակ՝ ուշացնելու համար Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցմանը կողմ քվեարկած Նաիրա Հովսեփյանին, որովհետև վերջինս Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ընկերուհին է, հետևաբար՝ անձեռնմխելի է:

Պատահական չէ, որ Նաիրա Հովսեփյանի վերաբերյալ որոշման կայացման նախօրեին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում իրենց երկուսի լուսանկարն էր հրապարակել՝ դրանով իսկ Կարեն Անդրեասյանին պարզ հասկացնելով՝ դե բախտդ փորձի՛ր… Հատկանշական է, որ այդ լուսանկարը Աննա Հակոբյանի էջում հայտնվել է այն ժամանակ, երբ Նաիրա Հովսեփյանի վարույթով նախօրեին կարգապահական նիստն իրենց ցանկալի սցենարով չի ընթացել:

Դրանից շուրջ մեկ շաբաթ առաջ էլ տեսանյութ էր տեղադրել՝ Նաիրա Հովսեփյանի հետ իր վանաձորյան զբոսանքի մասին:

Հիմա՝ բուն որոշման մասին…

Ցավալի է, որ ողջ ԲԴԽ-ում, որի կազմում, ի դեպ, նաև «իրավաբան գիտնականներ» կան, օրինակ՝ Երանուհի Թումանյանցը, կամ վանաձորցի Կարեն Թումանյանը, մեկը չի եղել, որ ասի՝ չի կարելի բարոյական փաստարկները դնել իրավական որոշման հիմքում: Բա ասենք, նույն հոգեբանական վիճակով նույն դատավորը՝ Նաիրա Հովսեփյանը, այլ անձանց գործեր ինչպե՞ս է քննել ու վճիռ կայացրել: Օրինակ, ենթադրենք, նույն այդ հոգեվիճակով, որն, ըստ ԲԴԽ-ի որոշման, անհնարին էր դարձնում Նաիրա Հովսեփյանի կողմից ժամկետների ուշացումը կանխելը, ինչպե՞ս է, ենթադրենք, այդ դատավորը գույքի բռնագանձման վերաբերյալ որոշում կայացրել: Կարող են, չէ՞, ասել՝ հոգեբանական վատ վիճակում է եղել, չի գիտակցել՝ ինչ է անում: Այսինքն՝ անկողմնակալ դիտորդի աչքերում ինչպե՞ս կարող է Նաիրա Հովսեփյանը ընկալվել որպես արդար, հավասարակշիռ դատարան: Մի՞թե հնարավոր չէր այլ տարբերակ հորինել:

Եվ վերջում՝ բոլորիս խոնարհումը Նաիրա Հովսեփյանի հերոս որդուն՝ Գևորգ Արշակյանին, ով իսկապես հայրենանվեր, իր հողի համար կյանքը տվող տեսակ էր, Շուշին՝ սրտում, Շուշիում նահատակված իսկական նվիրյալ:

Բայց երբ դատավորը 2022թ. վճռի հրապարակում է նշանակում, հետո մի տարուց ավելի ոչինչ չի անում, գնում է այլ, այս անգամ՝ վերադաս դատարան, ու դա կապում են 2020թ. ողբերգական իրադարձությունների հետ, մեղմ ասած, ծիծաղելի է:

Տեսանյութեր

Լրահոս