
«Գերտրուդա». այս փաստաթուղթը Թուրքիայի վրա հարձակվելու ու Միացյալ Հայաստան ստեղծելու պլանի մասին չէր. Վահագն Մխոյան

Վահագն Մխոյանը գրում է. «Ու Գերտրուդայի որոնողա-փրկարարական աշխատանքների մասին։
Էպիզոդ 1-ին
Օրեր առաջ Արծրուն Հովհաննիսյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ «Գերմանիան ուներ հստակ մշակված ծրագիր՝ Գերտրուդա օպերացիա», որը ենթադրում էր գերմանական զորքերի Թուրքիա ներխուժում ու, «նաև միացյալ Հայաստանի, պատմական Հայաստանի ստեղծում»[1] (բոլոր հղումները, մեջբերումները, թարգմանությունները և այլ նյութերը մեկնաբանություններում)։
Միացյալ Հայաստան ստեղծելու նացիստական պլանի գոյության մասին պնդումը նվաստիս շատ էքստրաօրդինար պնդում է թվում, իսկ այդպիսի պնդումները, ինչպես հայտնի է, պահանջում են էքստրաօրդինար ապացույցներ։
Այդ իսկ պատճառով էլ ես սկսեցի փնտրել՝ հուսալով, որ Մեծ Հայրենականի մասին հասանելի ահռելի քանակով սկզբնաղբյուրներում և գիտական աղբյուրներում կգտնեմ մանրամասներ։ Սակայն, ինչպես պարզվեց, դա այդքան էլ հեշտ չէ։ Այդ օպերացիայի մասին որևէ գիտական հետազոտություն գտնել չհաջողվեց։ Համեմատության համար Բրիտանիա ներխուժելու չիրականացված «Ծովառյուծ» գործողության մասին Գուգլ Սքոլարում կա 1480 գիրք ու հոդված։ Իսկ «Գերտրուդա» գործողության մասին՝ ոչ մի (միայն 1-2 հիշատակում)։ Այնպիսի տպավորություն է, թե դա իրականում գոյություն չունեցած ֆանտոմ-պլան է։
Բայց, եթե ոչ առաջնային, ապա գոնե երկրորդային որոշ քանակով աղբյուրներ Գերտրուդայի մասին այնուամենայնիվ գտնվեցին։ Դրանցից առավել տարածված ու հայտնին Էդուարդ Աբրահամյանի “Кавказцы в Абвере” գիրքն է՝ հրապարակված 2006թ․։ Գերտրուդայի մասին այնտեղ գրված է հետևյալը․ [2](թարգմանությունը մեկնաբանություններում)
“Специально для этого был рассмотрен план по захвату Турции, где это государство предполагалось расчленить на Армянскую (вся территория Восточной Армении и основная часть исторической Киликии), Грузинскую (небольшая часть исторического Королевства Трапезунд), Болгарскую, Итальянскую и особую греческую (Измир и его окрестности) области.
План по вторжению начал разрабатываться с началом лета 1942 г. под кодовым названием «Гертруда»1; впоследствии он несколько раз переименовывался.”
Այս պնդման համար Էդուարդ Աբրահամյանը որպես հղում նշում է հետևյալ արխիվային փաստաթուղթը։ 1 BA-MA, Freiburg/ Reichsministerium fur den besetzten Ostgebiete, Nr. 1418/44, 12 October 1943 – Rosenberg, Kriegsdokumenten № 14, T.M.W.C. XLI, 168; р. 630.
Սա նշանակում է, որ խոսքը Արևելյան օկուպացված տարածքների նախարարության 1943թ․ հոկտեմբերի 12-ի 1418/44 փաստաթղթի մասին է, որը պահվում է Ֆրեյբուրգի գերմանական ռազմական արխիվում։
Խնդիրն այն է, որ այդպիսի փաստաթուղթ բնության մեջ գոյություն չունի ու չի էլ կարող ունենալ։ Գերմանական փաստաթղթերում շեղ գծին հաջորդող երկու թիվը ցույց են տալիս տարեթիվը։ Այսինքն՝ 1418/44 համարով փաստաթուղթը կարող էր լինել 1944թ․, ոչ թե 1943թ։ Եվ իսկապես․ Արևելյան օկուպացված տարածքների նախարարությունում 1944թ․ հոկտեմբերի 12-ով թվագրված 1418/44 համարով փաստաթուղթ գոյություն ունի։[3]
Դա նորահայտ փաստաթուղթ չէ, այն հրապարակվել է դեռ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ ու իրենից որևէ ռազմական պլան չի ներկայացնում։ Այն նաև չի պարունակում “Գերտրուդա” գործողության որևէ հիշատակում։ Այդ փաստաթուղթը նախարար Ալֆրեդ Ռոզենբերգի դիմումն է ռեյխսկանցելարիայի ղեկավար Հանս Լամմերսին, որում Ռոզենբերգն իր անհամաձայնությունն է հայտնում արևելքում վարվող գերմանական քաղաքականության հետ՝ դրանք համարելով անարդյունավետ ու վնասակար և խնդրում է Հիտլերին փոխանցել դիմումին կցված իր նամակը։
Հիտլերին ուղղված այդ նամակում Ռոզենբերգը ևս մեկ անգամ իր դժգոհությունն է հայտնում վարվող արևելյան քաղաքականության ու մասնավորապես գեներալ Վլասովի գործունեության վերաբերյալ[4]։ Ռոզենբերգի կարծիքով ԽՍՀՄ ժողովուրդների համար պիտի ստեղծվեն առանձին կոմիտեներ, ոչ թե դրանք ենթարկվեն Վլասովին, քանի որ այդպիսի ենթակայությունը այդ ժողովուրդների ներկայացուցիչների մոտ առաջացնում էր տպավորություն, թե իրենք շարունակելու են հարստահարվել ռուսների կողմից և, ըստ այդմ, համապատասխան հակազդեցության բերում։ Փոխարենն, ըստ Ռոզենբերգի, այդ ժողովուրդներին, ներառյալ հայերին, պետք էր խոստանալ գերմանական ռեյխի երաշխիքով անկախություն։
Գործերը ճիշտ ռելսերի վրա դնելու համար Ռոզենբերգն առաջարկում էր նաև իրեն օժտել գրեթե դիկտատորական ու միանձնյա լիազորություններով, ըստ որոնց ինքը պիտի ձևավորեր վերոնշյալ ստրուկտուրաները, կազմավորեր ազգային լեգիոններն ու նշանակեր նրանց ղեկավար կազմը, կառավարեր ֆինանսական ու մնացյալ ողջ ռեսուրսները, ևն։ Բացի այդ, արևելքի ժողովուրդների վերաբերյալ Հիտլերին ուղարկվող բոլոր փաստաթղթերն էլ պիտի ուղեկցվեին իր՝ Ռոզենբերգի, մեկնաբանություններով։
Ըստ էության՝ Ռոզենբերգը նախ իր համար անսահմանափակ ու միանձնյա իշխանություն էր ուզում ու երկրորդ՝ առաջարկում էր ազատության խոստումներով ԽՍՀՄ-ում հրահրել հակաբոլշևիկյան պայքար։ Որևէ առնչություն ոչ Թուրքիայի մասնատման, ոչ Հայաստանի անկախության հետ այս ամենը չուներ։ Եվ չէր էլ կարող ունենալ, քանի որ 1944թ․ հոկտեմբերն էր։ Երրորդ Ռեյխը ջախջախիչ պարտություններ էր կրել Բելոռուսիայում, Ուկրաինայում ու Մերձբալթիկայում, դաշնակիցները բացել էին երկրորդ ճակատը, Գերմանիայի նախկին դաշնակիցներ Բուլղարիան ու Ռումինիան պատերազմ էին հայտարարել Գերմանիային, մյուս դաշնակից Ֆինլյանդիան դուրս էր եկել պատերազմից, ևն, ևն։ Այսպիսի պայմաններում Թուրքիայի դեմ պատերազմի մասին որևէ խոսք անգամ չէր կարող լինել։ Ռոզենբերգի առաջարկից նաև չի կարելի եզրակացնել, թե խոստացվելիք անկախությունը նացիստական Գերմանիայի իրական պլաններն էին։ Նախ՝ այդ առաջարկներն առհասարակ չեն էլ ընդունվել (համենայն դեպս այդ տեսքով)։ Ու եթե անգամ ընդունվեին, որևէ հիմք չկա կարծելու, որ դա փուչ խոստում չէր, այլ՝ իրական նպատակ։ Հաջորդիվ ես օրինակով ցույց կտամ, որ դա հենց փուչ խոստում էլ լինելու էր։
Այսպիսով, այս փաստաթուղթը Թուրքիայի վրա հարձակվելու ու Միացյալ Հայաստան ստեղծելու պլանի մասին չէր։
Շարունակելի ․․․»։